UWC համակարգում ուսանող 22 հայաստանցիների ուսման համար բարերարները հատկացրել են 1.5 մլն դոլար - Mediamax.am

6737 դիտում

UWC համակարգում ուսանող 22 հայաստանցիների ուսման համար բարերարները հատկացրել են 1.5 մլն դոլար


Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: UWC կրթական համակարգում ուսանողների ֆինանսական հնարավորությունները դեր չեն խաղում ընդունելության մասին որոշում կայացնելիս:

Այդ մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում ասել են UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան:

 

Ջոն Փադըֆութն ասել է, որ «մենք նախ ընտրում ենք ուսանողներին եւ հետո նոր մտածում, թե ինչպես կարելի է հոգալ ուսման հետ կապված ծախսերը»:

 

«UWC շարժումը միավորում է ուսանողների աշխարհի գրեթե բոլոր ազգերից եւ այն իրապես միջազգային է: Մենք տարբեր ենք եւ միավորում ենք ուսանողների տարբեր կրոններից, քաղաքական համոզմունքներից եւ մշակույթներից: Ամենակարեւորն այն է, որ մենք հաշվի չենք առնում տնտեսական եւ սոցիալական հանգամանքները` ուսանողները կարող են լինել փախստականների ընտանիքներից, աղքատ կամ շատ ապահովված ընտանիքներից», - ասել է Ջոն Փադըֆութը:

 

Նա նշել է, որ այժմ UWC Դիլիջանում կրթություն ստացող 96 ուսանողներից 63-ը սովորում են նվիրատուների կամ դպրոցների կողմից հատկացված դրամաշնորհների շնորհիվ:

 

«Եթե ուսանողներն ունեն հստակ կողմնորոշում եւ ընդունակ են աշխարհն ավելի լավ վայր դարձնել, ապա նրանց պետք է խրախուսել դիմել մեզ, անկախ այն հանգամանքից, թե կարող են արդյոք նրանց ընտանիքները դա թույլ տալ իրենց »,-հավելել է UWC Դիլիջան քոլեջի տնօրենը:

 

Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ ընդունելությունը հաջողությամբ անցած ուսանողները կարող են դիմել դրամաշնորհ ստանալու համար եւ դրամաշնորհային հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ինչ ծավալի ֆինանսավորում կստանան նրանք:

 

Նա նշել է, որ UWC համակարգում ներկայումս սովորող 22 հայ ուսանողներից բոլորն էլ ստացել են դրամաշնորհներ, որը ծածկել է նրանց ուսման ծախսերի 90-100%-ը: Նվիրատուների հատկացրած դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է 1.5 միլիոն դոլար:

 

UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան հիշեցրել է, որ 2015 թվականին UWC համակարգում սովորելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 11-ն է: Հայտերը լրացվում են առցանց http://www.am.uwc.org/ կայքում:

 

Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին (2015 թ. սեպտեմբերի 1-ին) կլինեն 16-17 տարեկան։

 

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 23 քաղաքացիներ, որոնցից 10-ը՝ UWC Դիլիջան քոլեջում:

 

Ընդունելության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ վաղը, նոյեմբերի 15-ին ժամը 13.00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում (Բաղրամյան պ. 40) կայանալիք «Բաց դռների օրվա» ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին