Կոռուպցիայի ընկալման զեկույցում Հայաստանը 44 հորիզոնականով զիջում է Վրաստանին - Mediamax.am

3337 դիտում

Կոռուպցիայի ընկալման զեկույցում Հայաստանը 44 հորիզոնականով զիջում է Վրաստանին


Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը
Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Transparency International-ն այսօր հրապարակել է 2014 թ.-ի կոռուպցիայի ընկալման 20-րդ հոբելյանական վարկանիշը, որտեղ Հայաստանը 37 միավորով 174 երկրների ցանկում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը:

 

Մեր երկիրն այս հորիզոնականը կիսել է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի եւ Պանամայի հետ: Ի դեպ, 2013թ.-ին Հայաստանը ստացել էր 36, իսկ նախորդ տարի՝ 34 միավոր: 

 

Transparency International-ի հրապարակած վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:

 

Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան: Ինչ վերաբերում է հետնապահներին, ապա դրանք են Հյուսիսային Կորեան եւ Սոմալին:

 

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է. վերջինս 52 միավորով հայտնվել է 50-րդ հորիզոնականում:

 

Թուրքիան 64-րդն է (45 միավոր), Ադրբեջանը՝ 126-րդը (29 միավոր), իսկ Իրանը եւ Ռուսաստանը 27 միավորով կիսում են 136-րդ հորիզոնականը: 

 

«2014 թ.-ի կոռուպցիայի ընկալման վարկանիշը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացումն անհնար, իսկ կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերն անարդյունավետ են դառնում այն ժամանակ, երբ լիդերները եւ բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահում են իշխանությունը եւ պետական միջոցները տնօրինում են հօգուտ անձնական շահի»,- նշել է Transparency International-ի ղեկավար Խոսե Ուգասը:

 

Ի դեպ, Չինաստանը, Թուրքիան եւ Անգոլան հայտնվել են այն երկրների ցուցակում, որտեղ նկատվել է իրավիճակի զգալի վատթարացում: Այս երկրների ցուցանիշները նվազել են 4-5 միավորով, չնայած այն հանգամանքին, որ վերջիներիս տնտեսական միջին աճը վերջին տարիներին կազմել է ավելի քան 4%:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին