Արշակունիների դամբարանի պեղումները կշարունակվեն - Mediamax.am

4807 դիտում

Արշակունիների դամբարանի պեղումները կշարունակվեն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Աղձք (նախկինում Ձորափ) համայնքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի պեղումները կշարունակվեն:

Այդ մասին Մեդիամաքս-ին տեղեկացրել է Արշակունիների դամբարանը պեղած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

 

Դամբարանը առաջին անգամ պեղվել է 1970-ականների սկզբին, երկրորդ անգամ՝ 2001 թվականին։ Պեղավայրը լիովին ուսումնասիրելու եւ պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պեղումների եւս մի փուլ։

 

«2001-ին մեր արշավախմբի իրականացրած աշխատանքները մեծածավալ չէին եւ  հնարավոր դարձան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տրամադրած ֆինանսական հատկացումների շնորհիվ։ Պեղումները, սակայն, կիսատ մնացին»,- ասել է Հակոբ Սիմոնյանը։

 

Նրա կարծիքով, պեղումների վերսկսումը անհրաժեշտություն է, քանի որ հնագիտական աշխատանքների ամբողջացումից ոչ պակաս կարեւոր է հուշարձանի պահպանությունը։

 

«Ինչպես գիտական, այնպես էլ պատմական տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում հարթաքանդակներով աղյուսները, որոնք եզակի են ամբողջ Առաջավոր Ասիայում։ Դրանք արքայական իշխանության խորհրդանիշներ են պատկերում՝ թագակիր արծիվներ, առյուծներ, ցլեր, եղնիկներ, խոյեր, որոնք վաղ միջնադարյան հայ արվեստի բացառիկ նմուշներ են»,- ընդգծել է հնագետը: Նա տեղեկացրել է, որ պեղումները շարունակելու նպատակով պետբյուջեից հատկացվելու է մոտ 15 մլն դրամ:

 

Հակոբ Սիմոնյանի խոսքով, պեղումները ողջ տարածքը ուսումնասիրելու եւ արքայական աճյունները սպասարկող հոգեւոր կենտրոնի շինությունների տեսակը պարզելու հնարավորություն կտան, ինչից հետո հնավայրը թանգարանի վերածելու հարկ կլինի։

 

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ, մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։

 

Անուշ Պետրոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին