Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը - Mediamax.am

2116 դիտում

Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը


ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը
ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նոտարական պալատում այսօր ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը:

«Համակարգն արդյունավետ մտել է նոտարի գործողությունների իրականացման պրակտիկ դաշտ եւ 2014-ից ամբողջությամբ գործարկվում է ՀՀ ողջ տարածքում»,-ասել է ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

 

Էլեկտրոնային նոտար համակարգի համապատասխան ծրագիրը թույլ է տալիս նոտարին անձամբ եւ առցանց տարբերակով ստանալ նոտարական գործողության կատարմանն անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովում է առցանց ուղիղ կապ նոտարի եւ պետական այլ մարմինների միջեւ, ինչի շնորհիվ նոտարը կարողանում է գրասենյակից կատարել այլ գործառույթներ՝ կրճատելով հանրությանը մատուցվող ծառայությունների ժամկետը:

 

Համակարգի յուրաքանչյուր փաստաթուղթ համապատասխան թվերի միջոցով կոդավորված է, ինչը պետք է բացառի հնարավոր կեղծ փաստաթղթերի շրջանառությունը: Մեկ պատուհանի սկզբունքով աշխատանքը եւս հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ստուգել փաստաթղթերի օրինականությունը:

 

Պատասխանատուները նշում են, որ էլեկտրոնային կառավարումն արդյունավետ դաշտ է ստեղծել նաեւ ժառանգական գործերի համար: Ներկայում ՀՀ ամբողջ տարածքում ընթանում է 1940-ից սկսած բոլոր կտակների թվայնացումը:

 

«Համոզված ենք, որ նորագույն տեխնոլոգիաները կարեւոր տեղ են զբաղեցնում  բիզնեսում եւ կառավարման համակարգում: ԵՄ-ն բազմիցս օգնել է Հայաստանին նմանատիպ նախագծերի ստեղծման եւ զարգացման հարցում, որոնց համար տարեկան 40-50 մլն եվրո է ներդրել»,- ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

 

Էլեկտրոնային նոտար համակարգի ներդրման ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության, իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին