exclusive
3723 դիտում

Լեոնարդ Ուիքսի պայքարը Ցեղասպանության ճանաչման համար


Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ ՄքՔալին եւ Թուրքիայում Նոր Զելանդիայի Դեսպան Անդրեա Ամիթը Գալիպոլիի հուշահամալիրում 2010թ. մարտի 5-ին
Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ ՄքՔալին եւ Թուրքիայում Նոր Զելանդիայի Դեսպան Անդրեա Ամիթը Գալիպոլիի հուշահամալիրում 2010թ. մարտի 5-ին

Լուսանկարը` REUTERS/Sait Serkan Gurbuz


Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված արշավը նոր թափ է հավաքում Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայկական համայնքները այդ երկու երկրների քաղաքացի, Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պաշտոնյա, «Ծագումը: Բացահայտում» պատմավեպի հեղինակ Լեոնարդ Ուիքսի հետ համատեղ ջանքերով փորձում են 2015 թ-ի ապրիլի 24-ին ընդառաջ հասնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կառավարությունների կողմից:

Դեռեւս անցյալ տարի Լեոնարդ Ուիքսը նամակներ էր ուղարկել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարներ Ջուլի Բիշոփին եւ Մյուրեյ ՄքՔալիին՝ խնդրելով վերջիններիս պարզաբանել, թե ինչպիսի՞ն է այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում եւ արդյոք պաշտոնական Կանբերան եւ Վելինգտոնը պատրաստվում են մինչեւ այս տարվա ապրիլը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Ավստրալիայի ԱԳ նախարարին հասցեագրված նամակում Լեոնարդ Ուիքսը, մասնավորապես, գրել էր.

«Ավելի վաղ իմ նամակին ի պատասխան գրված նամակում Ավստրալիայի առեւտրի եւ արտաքին գործերի նախարարությունը չի կարողացել հստակ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2013թ. ապրիլին, լինելով ընդդիմության առաջնորդ, ներկայիս վարչապետ Թոնի Էբոթը հստակ արտահայտում էր իր կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, մինչդեռ հիմա կառավարության ղեկավարը եւ Ավստրալիայի առեւտրի եւ արտաքին գործերի նախարարությունը չեն կարողացել ապահովել, որպեսզի Ավստրալիայի ժողովուրդը ճանաչի հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Կամ վարչապետը փոխել է իր միտքը, ինչի մասին պետք է պարզ կերպով հայտարարել, կամ էլ վարչապետի եւ նախարարության տեսակետներն այս հարցում տարբերվում են: Կասկածներից զերծ մնալու համար, ինչպես նաեւ հայ, հույն ու ասորի ընտրողների շրջանում հստակություն մտցնելու նպատակով ես կրկին հարց եմ ուղղում Ձեզ այն մասին, թե ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումն այս հարցում»:

Լեոնարդ Ուիքսին ուղարկված պատասխան նամակում Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ «ճանաչում են ողբերգական մարդկային կորուստները եւ հայ ժողովրդին բաժին հասած տառապանքը, եւ որ այդ իրադարձությունների եւ դրա հետեւանքով եղած զոհերը չպետք է մոռացվեն»:

Իսկ Նոր Զելանդիայի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպանի նամակին ի պատասխան նշել էր, որ «Առաջին աշխարհամարտի իրադարձությունները եւ դրան հաջորդած Օսմանյան կայսրության փլուզումը ցավագին էին կայսրության քաղաքացի հանդիսացող բոլոր ազգերի, այդ թվում՝ հայերի, հույների եւ թուրքերի համար»:

«Այս իրադարձությունների ժամանակ հայ բնակչությունը բռնի տեղահանման ընթացքում կրել է հսկայական կորուստներ: Նոր Զելանդիայի կառավարությունը գտնում է, որ պատմական անարդարությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված անարդարությունները պետք է համապատասխան ճանաչում ստանան: Մեր կարծիքով, հայերի եւ թուրքերի անցյալին համապատասխան բնորոշում տալու հարցը պետք է լուծվի կողմերի միջեւ ընդգրկուն հաշտության գործընթացի համատեքստում… Նոր Զելանդիայի կառավարությունն անկեղծորեն սատարում է հաշտեցման այդ գործընթացին»,- ասված է Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի ՝ 2014 թ.-ի դեկտեմբերով թվագրված պատասխան նամակում:

Այնուամենայնիվ, այս պատասխանը չի գոհացրել Լեոնարդ Ուիքսին, եւ նա նոր նամակում խնդրել է իր երկրի ԱԳՆ-ին հստակ պատասխանել, թե ի՞նչ նկատի ունեն «ընդգրկուն հաշտության գործընթաց» ասելով՝  կճանաչի՞ արդյոք Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանությունը մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը, եւ արդյո՞ք այդ երկրի կառավարության ներկայացուցիչը ներկա կգտնվի այդ նույն օրը Թուրքիայի կառավարության կողմից հայտարարված՝ Գալիպոլիի հաղթանակի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:

Լեոնարդ Ուիքսի հետեւողական ջանքերի շնորհիվ Նոր Զելանդիայի կառավարությունում աշխատող պատմաբանները որոշ շտկումներ են մտցրել Առաջին Աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին իրենց շարադրանքում: Մասնավորապես, կառավարությանը տրամադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական շարադրանքում նրանք ավելի վաղ ներկայացրել էին, թե հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության պատասխանն էր հայերի ըմբոստություններին:   

Վերջերս էլ Լեոնարդ Ուիքսը բաց նամակ է ուղարկել Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի խորհրդարանների անդամներին, որում կոչ է արել նրանց չմասնակցել ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարության կողմից նշվող Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանականներին ուղղված նամակին Ուիքսը կցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահին, որտեղ Սարգսյանը մերժում Էրդողանի հրավերը՝ մասնակցելու Գալիպոլիի տարեդարձին նվիրված միջոցառմանը:     
 
Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am