100 տարի անց Նյու Յորքում. #BeArmenian, #BeAlive - Mediamax.am

exclusive
28210 դիտում

100 տարի անց Նյու Յորքում. #BeArmenian, #BeAlive


Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը
Ջորջ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Edelman

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին
Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Edelman

Ամալ եւ Ջորջ Քլունիները, Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը
Ամալ եւ Ջորջ Քլունիները, Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Edelman

Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը եւ Վարդան Գրեգորյանը
Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը եւ Վարդան Գրեգորյանը

Լուսանկարը` Edelman

Ջորջ Քլունին
Ջորջ Քլունին

Լուսանկարը` Edelman

Լուսանկարը` Edelman

Ջորջ Քլունին
Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Ամալ եւ Ջորջ Քլունիները
Ամալ եւ Ջորջ Քլունիները

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին
Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Ջորջ Քլունին
Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին
Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola


Մարտի 10-ի երեկոյան Նյու Յորքի Harold Pratt House-ում տեղի է ունեցել 100 LIVES նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Այս նախաձեռնության հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը:

 

Իր ելույթում Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է, որ «100 տարի առաջ հարուստ ամերիկացիների մի խումբ հավաքվել էր այս վայրից ոչ շատ հեռու՝ Plaza հյուրանոցում, որպեսզի միջոցներ հատկացնի շատերի կողմից մոռացված ու մահվանն առերեսված հարյուր հազարավոր հայերի»:

 

Չի կարելի բացառել, որ այդ ամերիկացիների թվում կարող էր լինել նաեւ ամերիկացի նավթային ձեռնարկատեր եւ բարերար Հարոլդ Պրատը, որը 1923-1939 թթ. գլխավորել է ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհուրդը (Council of Foreign Relations) եւ իր տունը ժառանգել այս կազմակերպությանը:

 

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ «ուղեղային կենտրոններից» մեկը մարտի 10-ին այս առանձնատունը զիջել է 100 LIVES նախագծին, եւ ի դեմս այս փաստի կարելի է ժամանակի որոշակի կապ տեսնել: 1915թ. Ցեղասպանությունից հետո ամերիկացիները՝ ինչպես մեծահարուստները, այնպես էլ շարքային քաղաքացիները, հայերի համար հավաքեցին ավելի քան 100 մլն դոլար, որն այսօր կկազմեր 2,5 մլրդ դոլար:

Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը եւ Վարդան Գրեգորյանը Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը եւ Վարդան Գրեգորյանը

Լուսանկարը` Edelman

Վարդան Գրեգորյանը նշել է, որ միջոցառման անցկացումը Նյու Յորքում խորհրդանշական է մի շարք պատճառներով: «Սա Հենրի Մորգենթաուի քաղաքն է, նա առաջին մարդկանց թվում էր, որ ձայն բարձրացրեց ի պաշտպանություն հայերի: Այս քաղաքում է լույս տեսնում The New York Times-ը, որը 100 տարի առաջ հանգամանորեն լուսաբանում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում հայերի հետ: Այս քաղաքում է տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը՝ այն կազմակերպության, որ կոչված է կանխելու մարդու իրավունքների խախտումները եւ մարդկության դեմ հանցագործությունները: Հենց Նյու Յորքում 100 տարի առաջ կաթոլիկները, բողոքականները, հուդայականները, դեմոկրատներն ու հանրապետականները միջոցներ էին հավաքում Near East Relief հիմնադրամի համար, եւ ավելի քան 100 մլն դոլար հավաքեցին՝ հայերին օգնություն հասցնելու համար, թեեւ ի սկզբանե նախատեսվում էր հավաքել միայն 100 հազ.»,- ասել է Վարդան Գրեգորյանը:

 

Նախագծի գաղափարն ու հիմնադիրները

 

Նախագծի գաղափարի մասին բավական հանգամանորեն պատմել է նրա երեք հիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, Մեդիամաքսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 10-ին:

 

Նրա խոսքով՝ նախագիծը կառուցված է անցյալի, ներկայի ու ապագայի կապի վրա: Առաջին բաղադրիչն անցյալի մասին հիշողությունն է: 100 LIVES նախագիծը կօգնի թվայնացնել արխիվային նյութերի միլիոնավոր էջեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում: Բացի այդ, նախագիծը հավաքում է Ցեղասպանությունը վերապրած հայերի եւ նրանց օգնություն հասցրածների անձնական պատմությունները: 

 

100 LIVES նախագծի երկրորդ բաղադրիչը «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է:

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Edelman

Երրորդ բաղադրիչը, որ խորհրդանշում է ապագան, երաշխիքն է, որ արտահայտվելու է կոնկրետ նախագծերով: Մասնավորապես, նախատեսվում է 100 կրթաթոշակ     հատկացնել` UWC Dilijan College-ում արաբական երկրներից երեխաների ուսանելու համար: Ավելի մանրամասն Ռուբեն Վարդանյանի տեսլականի մասին կարող եք ընթերցել նրա հարցազրույցում:

 

«Տոկունություն, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք #BeArmenian #BeAlive [«հա՛յ եղիր, կենդանի՛ եղիր»] գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ բոլորի համար»,- նշել է նախագծի մեկ այլ համահիմնադիր, ամերիկացի հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու մեկենաս Նուբար Աֆեյանը:

 

Նյու Յորքի հանրային գրադարանի նախկին տնօրեն, Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահ Վարդան Գրեգորյանը ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի ամենահարգված հայերից է: Նա 100 LIVES նախագծի երրորդ համահիմնադիրն է:

 

«Հայոց ցեղասպանության վկաներից քչերն են այսօր կենդանի։ Անչափ կարեւոր է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ մենք այս հնարավորությունն օգտագործենք մեկ դար առաջ տեղի ունեցածն աշխարհում մարդկության ընդհանուր գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրելու համար»,- ընդգծել է Վարդան Գրեգորյանը։

 

Ընտանեկան պատմություններ եւ միջազգային մրցանակ

 

«Ես եւ իմ քույր Մարինան երբեք լույս աշխարհ չէինք գա, եթե մեր պապը, որը կորցրել էր իր ծնողներին Արեւմտյան Հայաստանում, չհայտնվեր ամերիկացի միսիոներների հիմնադրած որբանոցում»,- արարողության ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա հիշեցրել է, որ Ցեղասպանությունից հետո հայերի թիվը կրճատվել է մինչեւ կես միլիոն, իսկ այսօր՝ 100 տարի անց, աշխարհի տարբեր անկյուններում ապրում է շուրջ 10 մլն հայ:

 

Նուբար Աֆեյանը պատմել է, որ իր Պետրոս պապիկին փրկել են գերմանացի սպաները, որոնք աշխատելիս են եղել Բեռլին-Բաղդադ երկաթգծի շինարարության վրա:

 

«Զարմանալի է, որ թեեւ Գերմանիայի իշխանությունները աջակցում էին երիտթուրքերի կառավարությանը, սակայն գերմանացի զինվորների թվում կային մարդիկ, որոնք փրկում էին հայերին»,- նշել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Այս եւ հարյուրավոր այլ հայերի փրկության պատմությունները ոգեշնչել են նախագծի նախաձեռնողներին՝ 100 LIVES-ի շրջանակում գործարկելու ամենամյա մարդասիրական մրցանակ՝ Aurora Prize for Awakening Humanity: 1 մլն դոլարի չափով մրցանակն ամեն տարի շնորվելու է Երեւանում այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք մեր օրերում պայքարում են դաժանության եւ անարդարության սոսկալի դրսեւորումների դեմ:

 

Ժյուրիի կազմը տպավորիչ է: Համանախագահներն են հոլիվուդյան դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը:

 

Բացի այդ, ժյուրիի կազմում են Նոբելյան խաղաղության մրցանակակիր, Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար Հարետ Էվանսը, Իռլանդիայի նախկին նախագահ եւ մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի նախկին գերագույն ներկայացուցիչ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին ներկայացուցիչ Հինա Ջիլանին եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում՝ Էլի Ուիզելի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ:

 

Արշալույս-Ավրորա

 

Մրցանակն անվանվել է Արշալույս Մարդիկյանի պատվին, որը 1915թ. Ցեղասպանությունից եւ դեգերումներից հետո հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ ընդունել է Ավրորա Մարդիգանյան անունը: Աղջիկն այդ սարսափելի դեպքերի մասին գիրք է գրել՝ Ravished Armenia («Հոշոտված Հայաստան»): Գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որում Ավրորայի դերակատերը հենց ինքն է եղել: Մի քանի տարի շարունակ ֆիլմն ամենաեկամտաբերն է եղել ԱՄՆ-ում, այն խոշոր դեր է խաղացել Ցեղասպանության հարցում տեղեկատվության տարածման հարցում:

 

 

Արշալույսը 14 տարեկան է եղել, երբ 1915թ. ամռանը կոտորածի եւ բռնագաղթի ալիքը հասել է նաեւ Խարբերդի նահանգ, որտեղ եւ նրա ծննդավայրն էր՝ Չմշկածակ գյուղը:

 

Արշալույսը, փրկվելով զանգվածային կոտորածից եւ անցելով Ցեղասպանության բոլոր սարսափների միջով, տեղափոխվում է Թիֆլիս, ապա՝ Պետրոգրադ, այնուհետ՝ Նորվեգիա եւ վերջապես հասնում ԱՄՆ՝ Նյու Յորք: Այստեղ էլ աղջիկը սկսում է գրի առնել իր կյանքի պատմությունը:

 

Ժապավենում կան կադրեր, որոնք ներկայացնում են խաչերին գամված մերկ հայ աղջիկներ:

 

Ֆիլմի թողարկումից շուրջ 70 տարի անց Ավրորա Մարդիգանյանը պատմել է պատմաբան Էնթոնի Սլայդին, որ իրականությունը շատ ավելի սարսափելի է եղել:

 

«Թուրքերը բռնաբարում էին աղջիկներին, այնուհետեւ սպանում նրանց՝ ցցի վրա հանելով: Քաղաքակիրթ ամերիկացիները չէին կարող դա ֆիլմում ցույց տալ»:

 

Չհաստատված կարծիք կա, որ հենց Արշալույս-Ավրորայի պատմությունն է հուշել Նիդեռլանդների ռազմական փաստաթղթերի պետական ինստիտուտին (The NIOD Institute for War-, Holocaust and Genocide Studies) 1947թ. հրապարակել «Աննա Ֆրանկի» օրագիրը, որը հրեա աղջիկը վարել է 1942-1944 թթ.՝ նացիստների կողմից Նիդեռլանդների օկուպացման շրջանում:

 

Եվ եթե այսօր Աննա Ֆրանկի անունը աշխարհում միլիոնավոր մարդկանց է հայտնի, իսկ նրա օրագիրը 2009թ. ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ցուցակի նմուշ, ապա Ավրորա Մարդիգանյանը մահացել է մենակության մեջ՝ Լոս Անջելեսում 1994թ.: Ասում են, նրա մարմինը մի քանի ամիս մնացել է դիահերձարանում, մինչեւ նրան հուղարկավորել են ընդհանուր գերեզմանոցում… Ավրորա Մարդիգանյանի անվան մրցանակը, որ յուրաքանչյուր տարի շնորհվելու է Երեւանում, բացառիկ հնարավորություն է՝ հարգելու սոսկալի դեպքեր վերապրած աղջկա հիշատակը:

 

Էլի Ուիզելն ու «Մուսա լեռան քառասուն օրը»

 

86-ամյա Էլի Ուիզելը 11-րդ տեղն է զբաղեցրել Jerusalem Post թերթի հրապարակած՝ աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ամենամյա ցուցակում:

 

Ռումինիայում ծնված եւ Աուշվից ճամբարում իր ծնողներին ու քրոջը կորցրած Էլի Ուիզելն ազատ արձակվելուց հետո հայտնվել է Փարիզում, որտեղից ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ եւ այստեղ դարձել հայտնի գրող ու հասարակական գործիչ:

 

Էլի Ուիզելը դասավանդել է Յեյլի, Բոստոնի, Ջորջթաունի համալսարաններում, գլխավորել է Հալոքոստի հարցերով ԱՄՆ-ի նախագահական հանձնաժողովը, 1980-1986 թթ. նա Հոլոքոստի ամերիկյան հուշախորհրդի նախագահն էր:

Ամալ եւ Ջորջ Քլունիները, Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը Ամալ եւ Ջորջ Քլունիները, Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Edelman

2014թ. մայիսին Ուիզելի հարազատ Սիգետում տեղի է ունեցել Ռումինիայում Հոլոքոստի ուսումնասիրության առաջին կենտրոնի հանդիսավոր բացումը: Այն տեղակայվել է լրագրողի ու հասարակական գործչի մանկության տանը:

 

«Ես անձամբ ականատես եմ եղել Ցեղասպանության հետեւանքներին, սակայն ես քաջածանոթ եմ նաեւ մարդկային ոգու տոկունությանը։ Մենք պետք է միշտ հիշենք այն անձնազոհ մարդկանց ջանքերը, որոնք մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- արարողության ժամանակ ասել է Էլի Ուիզելը:

 

1986թ. Էլի Ուիզելը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի համար ներածական մաս էր գրել, որում 1915թ. դեպքերն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իսկ 2000թ. Ուիզելը Հոլոքոստի 125 հետազոտողների հետ միասին ստորագրել է հայտարարություն, որում ասվում էր, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական փաստ է:

 

Արարողության մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում Էլի Ուիզելն ասել է, որ «հայերը եղել են զանգվածային սպանությունների առաջին զոհերը, ինչն ավելի ուշ սկսեց բնութագրվել որպես ցեղասպանություն»: Խոսելով 100 LIVES նախագծի մասին՝ նա ընդգծել է, որ «պատմությունը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլեւ ներկային ու ապագային»:

 

Ջորջ Քլունին ու «Ինջիրլիկ» ամերիկյան բազան

 

Ջորջ Քլունին միջոցառման ընթացքում ասել է, որ իր համար մեծ պատիվ է միանալ 100 LIVES նախաձեռնությանը, որն ինչպես իր Not On Our Watch հիմնադրամը, իր ուշադրությունը սեւեռում է ցեղասպանության հետեւանքների վրա, ինչպես նաեւ միջոցներ է հատկացնում աշխարհում զանգվածային ոճրագործությունների դադարեցման համար: «Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Ջորջ Քլունին:

Ջորջ Քլունին Ջորջ Քլունին

Լուսանկարը` Getty / Mike Coppola

Not On Our Watch հիմնադրամը Ջորջ Քլունին ստեղծել է Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի եւ այլ հայտնիների հետ միասին: 2008թ. հիմնադրամը $ 500 հազ. է հատկացրել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրին՝  Դարֆուրի ու Սուդանի կարիքավորներին սնունդով ապահովելու համար: Մինչ այդ Not On Our Watch-ը $ 9 մլն-ից ավելին էր ներգրավվել՝ Դարֆուրին օգնություն հասցնելու նպատակով: Ջորջ Քլունին ակտիվիստ է դարձել Սուդանում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո, երբ երկրում 2007թ. տեղի ունեցած ճգնաժամի մասին ֆիլմ նկարահանեց:

 

Ջորջ Քլունին ասել է, որ Հայաստանի պատմությամբ ինքը սկսել է հետաքրքրվել մի քանի տարի առաջ՝ նրբանկատորեն ակնարկելով, որ որոշ ամերիկյան սենատորներ իրեն խորհուրդ էին տալիս չմոռանալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերի մասին: «Այդպես ես իմացա, որ մենք «Ինջիրլիկ» ռազմաօդային բազա ունենք Թուրքիայում»,- ժպտալով ասել է Քլունին:

 

«Խոսելով 1915թ. Ցեղասպանության մասին՝ դերասանը ընդգծել է. «Այն, որ «ցեղասպանություն» տերմինը սկսել է շրջանառվել այդ սարսափելի դեպքերից մի քանի տասնյակ տարի անց, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունեցել»:

 

Ջորջ Քլունին նաեւ պատմել է ներկաներին, որ իր կինը՝ Ամալ Ալամուդդին-Քլունին, որը պաշտպանել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեք ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում (որում Հայաստանը ներգրավված էր որպես երրորդ կողմ), մինչեւ վերջերս չգիտեր իր ամուսնու  ու Ռուբեն Վարդանյանի համատեղ ծրագրերի մասին:

 

«Փոխարենը դատական նիստից հետո շատ հայեր Լոս Անջելեսում խոստովանում էին ինձ, որ կուզենային իմ կնոջը ջերմ համբուրել»,- լայն ժպիտով ասել է օսկարակիր դերասանը:

 

Արա Թադեւոսյան

Նյու Յորք

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին