Ռուբեն Վարդանյան եւ Էլի Վիզել. Արթնացնելով հիշողությունը - Mediamax.am

4993 դիտում

Ռուբեն Վարդանյան եւ Էլի Վիզել. Արթնացնելով հիշողությունը


Էլի Վիզելն ու Ռուբեն Վարդանյանը
Էլի Վիզելն ու Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` msnbcmedia.msn.com, vdmsti.ru


Երեւան: Մեդիամաքս: Աֆրիկայում Բոկո Հարամի, Աֆղանստանում Տալիբանի եւ Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացվող վայրագությունները եւս մեկ անգամ վկայում են, որ 21-րդ դարում մարդկությունն ավելի հաճախ, քան երբեւէ ականատես է դառնում մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարման:

Այսպես է սկսվում ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում 100 Lives նախագիծի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ Նոբելյան մրցանակակիր, Աուշվից ճամբարում իր հարազատներին կորցրած Էլի Վիզելի հեղինակած «Արթնացնել հիշողությունը, որպեսզի այն ծառայի մեզ» վերտառությամբ համատեղ հոդվածը

 

Հոդվածում հեղինակները ներկայացնում են 100 Lives նախագծի հիմնական գաղափարախոսությունն ու նպատակները: Նախաձեռնության մեկնարկը տրվել է մարտի 10-ին Նյու Յորքում: 

 

«20-րդ դարաշրջանի առաջին ցեղասպանության՝ հայերի հանդեպ Օսմանյան կայսրության իրականացրած ոճիրի 100-րդ տարելիցին, մենք միավորվել ենք՝ ասելու՝ ժամանակն է, որպեսզի մենք ճանաչենք անցյալում եւ ներկայում մեր շուրջ կատարվող մարդկային տառապանքները, եւ հետեւողականորեն եւ հանրային ձեւով  կանխենք այս բռնարարքներն ու դրանց հեղինակների գործողությունները: Անգամ այսօր, երբ քաղաքական գործիչները, հասարակություններն ակտիվ քննարկում են  մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի, պաշտպանության ուղղությամբ գործողությունները, մենք պարտավոր ենք զբաղեցնել կենտրոնական դեր այդ միջազգային քննարկումներում, դասեր քաղել անցյալի հրեշավոր վայրագություններից՝ ողջունելով նրանց, ովքեր բռնության եւ չարիքի փոխարեն ընտրեցին բարին եւ մարդկայինը»,- գրել են Ռուբեն Վարդանյանն ու Էլի Վիզելը:

 

Հոդվածի հեղինակները նշել են, որ Ցեղասպանություն վերապրած հայերի, հրեաների, ռուանդացիների, սուդանցիների դաժան պատմությունները պետք է դաս լինեն մարդկության համար՝ «ո՛չ մի ժամանակաշրջան, ո՛չ մի տարածաշրջան, ո՛չ մի կրոն ապահովագրված չէ, որ այս կամ այն քաղաքական, հասարակական ուժը կարող է հարեւանից վերածվել ոճրագործի»:

 

100 Lives նախագծի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ Էլի Վիզելը հիշեցրել են, որ անցյալում եւ ներկայում աշխարհի տարբեր հատվածներում մարդկության հանդեպ վայրագությունների անտեսումը թույլատրում է նման ոճրագործությունների կրկնությունը:  

 

«Մեր նոր՝ 100 Lives նախաձեռնությունը ներդրում է հանրային իրազեկության բարձրացման եւ խոցելի խմբերին պաշտպանելու համաշխարհային ջանքերին՝ խրախուսելու նրանց, ովքեր հավատարիմ են համամարդկային այս նպատակին: Ցեղասպանության տարելիցը իմաստ է ստանում միայն այն ժամանակ, երբ մենք հավաքական կերպով աշխատում ենք՝ շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր ընդդիմացել եւ պայքարել են այն ժամանակ, ինչպես նաեւ նրանց, ովքեր պայքարում են հիմա: Մենք հարգելու եւ սատարելու ենք նրանց՝ ոչ միայն արտահայտելով մեր երախտագիտությունը, այլեւ միանալով նրանց պայքարին»,- ասված է հոդվածում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին