Ֆրանսիայի Հայկական թանգարանը կործանման եզրին է - Mediamax.am

exclusive
6913 դիտում

Ֆրանսիայի Հայկական թանգարանը կործանման եզրին է


Լուսանկարը`


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարին ողբերգական է Ֆրանսիայի Հայկական թանգարանի համար։ Մեծ Եղեռնը վերապրածների կողմից փրկված շուրջ 1200 արվեստի գործ զրկվել է ցուցասրահներից եւ հայտնվել արկղերում։ Թանգարանի տնօրենն ահազանգում է, սակայն Ֆրանսիայի կառավարությունն անտարբերության է մատնում խնդիրը։

 

1949թ. ֆրանսահայ Նուրհան Ֆրանգյանը մեկ հարկի տակ հավաքեց Ֆրանսիա գաղթած հայերի արվեստի գործերի հավաքածուները։ 1953 թ-ին նախագահ Վենսան Օրիոլի օրոք այդ հավաքածուի ցուցադրության համար տրամադրվեց Փարիզի 16-րդ թաղամասի Ֆոշ պողոտայի 59 հասցեում գտնվող շենքի առաջին հարկը, որտեղ էլ մինչեւ վերջին տարիները գտնվում էին այդ բացառիկ նմուշները։

 

1978 թ-ին ստեղծվեցին է Ֆրանգյան հիմնադրամը եւ Ֆրանսիայի հայկական թանգարանը, այդ նույն տարում հավաքածուն ճանաչվեց հանրային սեփականություն։ Թանգարանի հիմնադրի մահվանից հետո ազգանվեր գործը ժառանգեց նրա որդին՝ Ֆրեդերիկ Ֆրանգյանը։

 

Մեդիամաքսի հետ զրույցում Ֆրեդերիկ Ֆրանգյանը նշեց, որ ներկայումս թանգարանն անելանելի վիճակում է` շուրջ 15 տարի դռները փակ են եղել, իսկ այժմ այն անհետացման եզրին է։

 

«Հորս մահվանից հետո ստանձնել եմ այս գործը, բայց քիչ անց դարձել եմ գոյություն չունեցող թանգարանի տնօրեն, քանի որ ստիպված էինք փակել այն։ 19-րդ դարի կառույցի անբավարար պայմանների պատճառով այցելուներ ընդունելու հնարավորություն չունեինք, նույն հասցեում տեղակայված մեկ այլ թանգարանի հավաքածու եւս փակ էր հանրության համար»,- ասում է նա։

 

2011-ի օգոստոսին` վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրասիայի մշակույթի նախարարությունը դիմել է Հայկական թանգարանին` իր ցուցասրահները ժամանակավորապես ազատելու եւ հավաքածուն տեղափոխելու առաջարկով՝ հավաստիացնելով, որ վերանորոգումն ավարտվելուն պես՝ 2012 թ-ի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Շենքի վերանորոգման աշխատանքներից հետո, սակայն, հայկական թանգարանին արգելվել է վերադառնալ իր տարածք. ցուցասրահները դարձել էին հարեւան թանգարանի պահոցը։

 

Հայկական թանգարանն ահազանգել է իրադրության մասին, դիմել է բոլոր հնարավոր ատյաններին, սակայն այս ջանքերը ոչ միայն ապարդյուն են անցել, այլեւ վիճակն ավելի է վատթարացել. 2014-ի սկզբին փոխվել են շենքի դռների փականները՝ այսպիսով անհնարին դարձնելով Հայկական թանգարան մուտք գործելը, իսկ հավաքածուի այնտեղ գտնվող մասի ճակատագիրն անհայտ է։

 

Ֆրանսիայի մշակույթի նախարարության 3-ամյա լռությունից հետո այս տարվա փետրվարի 17-ին նախարար Ֆլոր Պելրեն նամակ է գրել թանգարանի տնօրինությանը, որտեղ նշել է խնդրի մեկընդմիշտ լուծման հնարավորության մասին։ Մի քանի օր առաջ Ֆրեդերիկ Ֆրանգյանը հանդիպել է նախարարության ներկայացուցիչների հետ եւ պարզել, որ նամակում նշված հնարավոր տարբերակը թանգարանի իրերը Մարսել տեղափոխելն է, որտեղ հավաքածուն կտեղավորվի քաղաքի Եվրոպայի եւ Միջերկրական ցիվիլիզացիաների թանգարանի պահեստ։

 

Փաստորեն, առաջարկվում է պահեստավորել նմուշները, այսինքն հավաքածուները չեն ցուցադրվելու։ Այսպիսով, թանգարանը փրկելու եւս մեկ հույս հոդս է ցնդում։

 

Թանգարանի տնօրենն ու հիմնադրամի տնօրինությունը հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների հետ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել նախարարության այս որոշման վերաբերյալ։ Ըստ նրանց, նախարարի նամակն ընդամենը կրքերը հանդարտեցնելու համար էր. երբ կանցնի Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին, եւ Հայաստանի վրա ուղղված ուշադրությունը կմարի, թանգարանի հարցն ընդմիշտ «կթաղվի»։

 

Նույն այդ դեմքերն ասում են, որ այս իրադրությունը նաեւ «առավելություններ» ունի` նախարարությունն արդեն բացահայտորեն ցույց է տալիս, որ Հայկական թանգարանի ցուցասրահներն այլ նպատակով են օգտագործվելու եւ չեն տրամադրվելու թանգարանին, այնինչ մինչ այժմ այս հավաքածուի տեղափոխման պատճառ էր ներկայացվում անվտանգության հարցը։ Այժմ արդեն ավելի դյուրին է նկատել տարիներ շարունակ թանգարանի դեմ տրամադրվածությունը։

 

Տնօրինությունը մեզ հայտնեց, որ կտրուկ մերժել է նախարարության այս առաջարկը` խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ հայկական թանգարանը «թաղվի» մեկ այլ թանգարանի պահեստում։

 

«Քանի ողջ եմ, պայքարելու եմ թանգարանը փրկելու համար, չեմ կարող թողնել, որ արկղերում փտեն այս անգին գործերը, որոնց անհայտացումը կնշանակի մի ողջ պատմության ոչնչացում», - շեշտում է տնօրենը։ Նա չի ցանկանում մշակույթը քաղաքականացնել, փորձում է հավատալ, որ սա միայն տարածքի խնդիր է։ Բայց նաեւ չի թաքցնում զարմանքը, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է Հայաստան մեկնել Հայոց ցեղասպանության տարելիցին, սակայն բացարձակ անտարբերության է արժանացնում հայկական թանգարանի ճակատագիրը։

 

«Շարունակում եմ հավատալ մարդկանց եւ չեմ ցանկանում սա միտումնավոր արված քայլ համարել, սակայն չեմ կարող չնկատել, որ այս ամենը բոլորովին անօրինական է։ Վտանգված է յուրահատուկ մշակութային մի ժառանգություն, որն ընդգրկում է 3 000 տարվա պատմություն եւ արվեստի շուրջ 1200 գործ»,- ավելացնում է Ֆրանգյանը։

 

Թանգարանի ղեկավարին հաճախ հարցնում են, թե ինչու չի ցանկանում հավաքածուն Հայաստան տեղափոխել։ Նրա դիրքորոշումն անփոփոխ է. բոլոր նմուշները Ֆրանսիայում պետք է մնան։ «Այս հավաքածուն հենց Ցեղասպանությունից փրկվածների կողմից է ստեղծված, եթե այն տանենք Հայաստան, կնշանակի` մաքրել գաղթածների թողած հետքերը։ Այս իրերն այն մարդկանց կողմից են բերվել, ովքեր գաղթել են հիմնականում Թուրքիայից, իմ ծնողներն էլ այնտեղից են եկել 1917 թ-ին»,-նշում է նա։

 

Նվիրյալ ղեկավարը չի դադարեցնում թանգարանը փրկելու եւ աշխարհին ներկայացնելու ճիգերը` մշակույթային այս օջախին կյանք է հաղորդվել վիրտուալ տարբերակով` www.le-maf.com հասցեով կարելի է գտնել հավաքածուն իր ողջ հմայքով։ Այստեղ ձեռագրերից բացի կան հագուստներ, կրոնական ուղղվածության նմուշներ եւ այլն։ 3D տարբերակով կառուցված կայքը գործում է 2009 թ-ից եւ դեռ մշակվում եւ հարստացվում է։

 

Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան

(Մեդիամաքս-ի սեփական թղթակիցը Փարիզում)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին