Ֆորումի հռչակագիրը ընթերցել է Ռուանդայի ցեղասպանության վերապրողը - Mediamax.am

4113 դիտում

Ֆորումի հռչակագիրը ընթերցել է Ռուանդայի ցեղասպանության վերապրողը


Էսթհեր Մուջավայոնը
Էսթհեր Մուջավայոնը

Լուսանկարը` http://www.kreiszeitung.de/


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր, որով կոչ են անում միջազգային հանրությանը՝ աջակցել Ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ուղղված շարունակական ջանքերին:

Հռչակագրի տեքստն այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի արարողության ժամանակ ընթերցել է Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթհեր Մուջավայոն:

 

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը հաջողությամբ կշարունակի այս նախաձեռնությունը, որն ուղղված է մեր հավաքական պարտականությանը՝ մեր երեխաներին, մեր հասարակություններին հանցագործությունների այս հանցագործությունից՝ ցեղասպանությունից պաշտպանելուն»,- ասել է նա:

 

«Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, հույների եւ ասորիների ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների անմեղ  զոհերի հիշատակին եւ մտահոգված լինելով համապատասխան միջազգային կանխարգելիչ մեխանիզմների առկայության պայմաններում  ցեղասպանությունների, եւ մարդկության դեմ հանցագործությունների դեպքերի կրկնությամբ, ինչպես նաեւ վերջին շրջանում աշխարհի տարբեր հատվածներում  բռնության, ծայրահեղականության եւ ահաբեկչության տարածման առնչությամբ՝ կոչ է անում բոլոր պետություններին առավելագույնս աջակցել ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը»,- ասված է հռչակագրում:

 

Գլոբալ ֆորումի մասնակիցները, ողջունելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015թ. մարտի 27-ին «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւի ընդունումը,  շեշտում են, որ ցեղասպանության կանխարգելումը կախված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունից, հանդուրժողականության եւ խտրականության բացառման մշակույթի կայացվածությունից:

 

«Ժխտողականությունը, հատկապես՝ պետական մակարդակով, անընդունելի է, եւ ցեղասպանությունների անհապաղ դատապարտումն ու դրանց հետեւանքներին արդյունավետորեն անդրադառնալն ի զորու են ծառայել որպես կանխարգելման եւ հաշտեցման կարեւոր միջոցներ»,- ասված է հռչակագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին