Հայաստանին բոլոր թելերով կապված լիտվացի կինը - Mediamax.am

exclusive
4047 դիտում

Հայաստանին բոլոր թելերով կապված լիտվացի կինը


Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարիտե Կոնտրիմայտե անունը Խորհրդային միության վերջին տարիներին հաճախ կարելի էր հանդիպել մամուլում: Հայաստանին ցուցաբերած նրա աջակցությունը դժվար է մեկ բառով նկարագրել: Նրա մեծ սերն ու նվիրումը մեկ անգամ չէ, որ արտահայտվել են: Այս կինը կանգնած է եղել հայերի կողքին թե ազատագրական պայքարի ու Արցախյան պատերազմի, թե Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին, եւ թե դրանից հետո: Լիտվացի կինը, որպես Հայաստանի ու հայերի շահերի պաշտպան, աչքի փուշ էր ադրբեջանական մամուլի համար:

 

Հայաստանին սիրահարվելու առաջին ազդակը տվել է հայ ժողովրդի էպոսի հերոսներից Սասունցի Դավիթը: Մասնագիտական ուղու արշալույսին լիտվացի աղջկա սիրտը միանգամից տարվեց այս կերպարով, որը, ինչպես այն ժամանակ համոզվեց Մարիտեն, իր մեջ պարփակում էր հայ ժողովրդի ողջ էությունը:

 

Վիլնյուսի համալսարանում ուսանելու տարիներին ուսանողներին հանձնարարում են սովետական երկրների էպոսներն ուսումնասիրել, Մարիտե Կոնտրիմայտեն կարդում է «Սասնա ծռերը», որի հերոս Դավիթը «տարբերվում էր իր մարդասիրությամբ»:

 

«Շատ մարդկային կերպար էր: Ուրիշները կամ գրեթե աստվածային էին, կամ հսկա հրեշներ, որոնք դաժան են ու կարող էին մի ամբողջ պետություն ջնջել: Իսկ Դավիթը, գիտեք, խնդրեցին, զիջեց ու թշնամու կյանքը խնայեց: Սա ցույց է տալիս, որ ազգը շատ դեմոկրատ է, մարդկային է»,- ասում է Մարիտեն:

 

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

 

Սարյանական գույներն ու լիտվացի աղջկա տեսած Հայաստանը

 

Մարիտե Կոնտրիմայտեն Հայաստան է գալիս ոչ իր նախաձեռնությամբ: Գրողների միությունը նրան առաջարկում է որեւէ լեզու սովորել եւ նա ընտրում է հայերենը: Առաջին բանը, որ տպավորում է լիտվացի աղջկան, բիբլիական լեռն էր:

 

«Ա-րա-րատ: Դուք չեք պատկերացնում՝ ես լեռն ինչպես եմ տեսել: Մարտիրոս Սարյանի ալբոմն, իհարկե, թերթել էի: Արարատը տեսա շատ զարմանալի ձեւով: Թիֆլիսից գնացքով էի գալիս, լուսանում էր, պատուհանի մոտ կանգնած էի: Ձորեր էին՝ մոխրագույն, ոչ գեղեցիկ, քարքարոտ: Եվ հանկարծ թեքվեց գնացքը, բացվեց Արարատյան դաշտը: Ֆանտաստիկա՜: Վարդագույն գագաթ, հետո մի քիչ գնում է դեպի մանուշակագույն, ամենաներքեւում՝ լրիվ կապույտ: Ասում եմ՝ դե Սարյան, չի՛ հնարել… այդ գույները կան Հայաստանում»:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբերող արտաքինով օրիորդը Երեւանում որեւէ տեղ մենակ գնալ չէր կարողանում. «Ինձ անշնորհք ձեւով կպչում էին: Կատաղած գալիս էի, լաց էի լինում: Ես հասկացա, որ իմ կողքին պետք է մեկը լինի: Հանրակացարանում, որտեղ ես էի տեղավորվել, ապրում էր Ռուսլան Հարությունյանը: Շատ զուսպ, քաղաքավարի տղա էր, վտանգ չէր սպառնում նրանից: Խնդրում էի ինձ ուղեկցել: Այդպես արդեն 40-ից ավելի տարի միասին ենք»: 

 

Հայ գրականություն

 

Գրիգոր Նարեկացուց մեծը չկա: 5-րդ դարի պատմիչներն են ինձ վրա մեծ տպավորություն թողել: Նահապետ Քուչակի ստեղծագործություններն իմ առաջին թարգմանություններն էին: Հրանտ Մաթեւոսյանը նույնպես մեծ գրող է: Ես նրա միայն մեկ վիպակ եմ թարգմանել՝ «Աշնան արեւը»: Չտեսնված կնոջ կերպար է Աղունը: Ես կուզենայի «Մենք ենք, մեր սարերը» թարգմանած լինել, բայց դրա ռուսերեն թարգմանությունն արդեն կար: Նոր թարգմանությունը դժվար անցկացնեին: Հիմա Վահագն Գրիգորյանի ստեղծագործություններով եմ զբաղվում:

 

Հրաշք մի գիշերում

 

Երիտասարդ տարիքում, երբ երկու դուստրերս շատ փոքր էին, ինձ մոտ ծանր հիվանդություն հայտնաբերվեց: Արյան քաղցկեղի վերջին աստիճանն ախտորոշած բժիշկները հենց առաջին գիշերը մորս ասացին, որ կարող է դագաղը պատվիրել:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիճակն անհույս էր: Տեսա ախտորոշումը՝ կողքին կարմիր մեծ բացականչական նշան էր դրված: Բայց որոշեցի, որ ինձ չի կարելի մեռնել: Երկու բալիկներիս ի՞նչ պիտի աներ խեղճ Ռուսլանը: Ամբողջ գիշեր աղոթում էի՝ Աստծուն համոզելով, որ ես չեմ կարող մեռնել: Չնայած շատ հավատացյալ ծնողներ ունեի, բայց երկար ժամանակ է, որ հեռացել էի Աստծուց: Դե երիտասարդ տարիքում տարբեր բաներով են տարվում՝ բուդդիզմ, հինդուիզմ, սակայն վատ վիճակում դիմեցի մեր նախնիների հավատքին: Որոշ ժամանակ անց ես զգացի, որ դա ինձ օգնում է, բժիշկն էլ ասաց. «Ընդհանրապես չեմ հասկանում՝ դու ինչո՞ւ չես մեռել: Հիմա չգիտենք քեզ ինչ է եղել»: Մի քանի անգամ վատացա, նորից կազդուրվեցի: Սարսափելի հարվածից հետո, երբ տղայիս 9 ամսականում կորցրեցի՝ անկենդան ծնվեց, վիճակս վատացավ: Ինձ քիմիաթերապիա նշանակեցին, հրաժարվեցի: Մեկ ամսից ավելի սով պահեցի, դրանից հետո մի քիչ վիճակս լավացավ: Հիվանդության դեմ պայքարում եմ 1977թ.-ից, մինչեւ վերջերս լավ էի: Բայց ես հիմա էլ ասում եմ, որ դեռ գործ ունեմ անելու: 

 

Խռպոտ ձայնով հնչած «Դլե յամանը»

 

1988-ին ելույթ էի ունենում հայ-լիտվական կապերի մասին: Ելույթի կեսից անդրադարձա Սումգայիթի կոտորածներին: 38 աստիճան տաքություն ունեի, հանկարծ սկսեցի երգել: «Դլե յամանը», որն արտահայտում էր հայ ժողովրդի ապրած ողջ ցավը, շուրթերիցս հոսում էր ինքնաբերաբար:

 

Աչքերս փակ էին, ես լսում էի իմ ձայնը: Լուսինե Զաքարյանի նման էի երգում՝ նույն խռպոտ ձայնով: Այդ երգը միայն այդպես են երգում: Մեկ էլ դահլիճում խշշոց եմ լսում, բացում եմ աչքերս ու տեսնում, որ ողջ դահլիճը ոտքի վրա է: Ոմանք լալիս էին:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատուկ մարմինները իմ անունն արդեն գրանցել էին: Հայերի թեման փակ էր, բայց ես չէի լռում: Ես ուղղակի վախ չունեի: Ումի՞ց պիտի վախենայի, ի՞նչ պիտի անեին ինձ:

 

88-ին «Սայուդիսի» անդամ դարձա: Մեր առաջին համագումարն էր: Ես իմացա, որ Հայաստանից մարդիկ են գալիս, մտածեցի ելույթ կունենան, ես կթարգմանեմ, կբացատրեն Ղարաբաղի շուրջ ինչ է կատարվում: Հետո լսում եմ, որ չեն կարողացել գալ, իսկապես չէին թողնում: Բայց իմացա, որ Աշոտ Մանուչարյանն, այնուամենայնիվ, եկել է: Գնացի ծանոթներիս մոտ, որպեսզի թույլ տան՝ հայերը ելույթ ունենան: Սպասում եմ, արդեն վերջն է, մեկ էլ տեսնում եմ ծրագրում ավելացել է ինչ-որ զեկույց Ղարաբաղի վերաբերյալ՝ մոտավորապես «Խաղաղ ապրեք» թեմայով:

 

Ես տրաքվեցի, ասացի՝ այսպիսի բան չի կարող լինել: Վեր կացա, հրեցի հսկիչներին, բարձրացա բեմի վրա, պատռեցի մանդատս, նետեցի գետնին ու իջա: Կանգնել եմ ու լաց եմ լինում: Մեր նախագահին չէի դիմել, կանչեց ինձ, ասաց՝ ասա թող գա, բայց շատ չխոսի: Հետո դիսիդենտների շարք կար, գնացի նստեցի իրենց կողքին, ասացին՝ բալիկ ջան, շատ լավ ես արել:

 

88-ի երկրաշարժը

 

Երկրաշարժի մասին լսելուն պես եկա Հայաստան: Ինձ շատ ճնշեց Երեւանում տիրող լռությունը: Մետրո ես մտնում, շշուկով են խոսում, նախկինում աղմուկ էր: Ամբողջ Երեւանը լուռ էր: Ուղղաթիռով հաջորդ օրը հասա Սպիտակ: Վերեւից թվում էր՝ ամեն ինչ լավ է, իջնում ենք, տեսնում՝ ամբողջը փլատակ: Փողոցով քայլում էի, ամենուր՝ ավերակներ: Ճնշեց սիրտս: Իմիջիայլոց, միանգամից հանդիպեցի ամուսնուս: Լիտվացի օգնականները եկել էին, լսում եմ լիտվերեն խոսակցություն, պտտվեցի: Ասում եմ՝ դու այստեղ ի՞նչ ես անում: Երեխաներին թողել էր ընկերուհիներիս մոտ: Հասկանում եմ՝ ինքն էլ չէր կարող չգալ:

 

Ազատության հրապարակում եւ Արցախում

 

Ինձ վրա մեծ տպավորություն գործեց այն, որ Երեւանում ցույցերը խաղաղ էին ընթանում: Այդ օրերին մեզ մոտ նույնպես բախումներ չէին եղել: Ոմանք մի պահ խոսում էին վրեժի մասին, ղեկավարները միանգամից լռեցնում էին: Մարդիկ արդարություն էին պահանջում:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանրահավաքների ժամանակ հետաքրքիր մի դեպք եղավ: Մի օր ինձ Օպերայի մոտ մի կին կանչեց, գուշակ էր: Սկսեց խոսել հետս: Հանկարծ ուժեղ ալիքի պես բան խփեց ինձ. էներգետիկ հարված էր: Լսում եմ՝ «վայ Աստված, էս ինչ է լինելու ազգիս, արյուն, ավերակներ»: Հարցրեցի՝ կռի՞վ է լինելու Ղարաբաղում: Ասաց՝ չէ, սա Ղարաբաղը չի, սարսափելի բան է: Պիտի գնամ եկեղեցիներ, մոմ վառեմ: Այդ կինը պատմեց, որ իրեն տեսիլք է եկել, ասել է, որ Արցախը հայերն արյունով են ազատագրելու, իսկ Արեւմտյան Հայաստանը՝ առանց արյունի: Ես շատ զարմացա: Մտածում էի՝ հնարավոր չէ: Ինքը ինձ նաեւ ասաց, որ շատ շուտ վերադառնալու եմ, օգնություն եմ բերելու: Երկու շաբաթ անց երկրաշարժը եղավ, եկա:

 

Հումանիտար օգնությամբ Արցախ գնացինք 1992թ.-ին, թեժ կռիվներ էին, ռմբակոծություն: Ամեն գիշեր գնդակոծում էին: Ադրբեջանցիները թնդանոթը դրել էին սարին ու կրակում էին Ստեփանակերտի վրա: Սարսափելի էր, բայց ես չէի վախենում, զգում էի, որ ոչ մի վատ բան չի կարող լինել: Մարդկանց համար էի աշխատում, ոչ թե ինձ համար: Մեր հումանիտար բեռը շատ օգտակար էր, արյան փոխներարկում էինք կատարում, վիրավորները շատ էին, այդքան արյուն դժվար էր գտնել:

 

Ժողովուրդը շատ հանգիստ էր, ես մի հոդված գրեցի՝ «Քարից պինդ Ղարաբաղ»: Իսկապես այդ մարդիկ հավասարակշված, հանգիստ էին: Ռմբակոծությունից հետո երկու պապիկ փողոցն էին ավլում:

 

Հաղթանակի հավատը կար: Հնարավոր է, այդ ժամանակ ռոմանտիկ թվար, բայց հավատում էին:

 

Հայաստան եւ Ծիծեռնակաբերդ առաջին այցից հետո

 

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է լավատես լինել: Դա ծրագիր է դառնում, գնում է վերեւ եւ կատարվում է: Ծիծեռնակաբերդ առաջին անգամ այցելեցի, երբ եկել էի սովորելու: Վերջին անգամ 2006թ.-ին եմ եղել: Ահագին ժամանակ է անցել: Երեւանն ու Հայաստանը շատ են փոխվել: Ուղղակի տխուր է, որ մարդիկ տնտեսական վիճակի պատճառով գնում են:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա նորից Հայաստան եկա երկու կամակոր գյումրեցիների շնորհիվ: Մենք նյութապես այնքան էլ լավ չենք ապրում, որ կարողանանք ազատ գալ-գնալ: Երկար ժամանակ չէի գալիս: Այդ գյումրեցիները կպել էին, ես ասացի՝ չեմ կարող, հիվանդության պատճառով ծանրացել եմ: Ասացին՝ ոչ, պիտի գաս: Ինչ-որ երախտավորի կոչում պիտի շնորհեին:

 

Հիմա մի քիչ տխուր է, մեր կապերը կտրվել են, խորհրդային տարիներին լիտվացիներն ու հայերը միասին էին, միշտ ընդհանուր բան էին գտնում: Բայց դուք Լիտվայի հոյակապ ներկայացուցիչ ունեք: Շատ ուրախ եմ, որ ինքն է դեսպանը:

 

Երազանք ու ցանկություն

 

Հայկական Կիլիկիայի մասին վեպ գրելու երազանք ունեի: Բայց դա ֆանտազիա է: Շատ ուժեղ ժամանակաշրջան է Կիլիկիայի թագավորությունը: Նյութերը պեղել է պետք, արխիվներում եւ Մատենադարանում նստել: Հետո գոնե մի փոքր տեսած լինեի, գոնե հոտը զգայի: Հիմա միայն ֆանտազիա կարող եմ գրել: Գուցե մի փոքր բան գրեմ:

 

Հայաստանը դիմանում է, ես ուրախ եմ: Հույս ունեմ, որ երիտասարդությունը չի լքելու իր հայրենիքը: Թող գնան, սովորեն դրսում, վերադառնան: Այստեղ խորհրդային մնացորդներ կան դեռ, դրսի փորձը կարող է շատ օգտակար լինել:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին