«Լսարան», կամ հայկական «Լիմուդ» - Mediamax.am

exclusive
8927 դիտում

«Լսարան», կամ հայկական «Լիմուդ»


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Եվգենիա Տերյանը
Եվգենիա Տերյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մայիսի 22-24-ին մերձմոսկովյան Վինոգրադովո Holiday Inn հանգստյան տանը տեղի կունենա առաջին արտագնա հայկական մշակութակրթական «Լսարան» համաժողովը: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ով հետաքրքրված է ճանաչողական ու հետաքրքիր շփմամբ: Մեդիամաքսը զրուցել է Odgers Berndston ընկերության գործընկեր Եվգենիա Տերյանի հետ, ով նախագծի նախաձեռնողն է ու ղեկավարը:

 

- Ինչպե՞ս ծնվեց «Լսարանի» ստեղծման գաղափարը եւ ի՞նչ ձեւաչափով է անցնելու միջոցառումը:

 

- Այս նախագծի գաղափարը ինձ մոտ ծնվել է մի քանի տարի առաջ, երբ ես մասնակցում էի «Լիմուդ» (եբրայերեն՝ «ուսուցում») կրթամշակութաժամանցային համաժողովին: «Լիմուդը» տեւում է մի քանի օր, որոնց ընթացքում անցկացվում են  ամենատարբեր թեմաներով դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր, վարպետության դասեր: «Լիմուդի» գլխավոր սկզբունքը բազմակարծությունն է եւ ընտրության ազատությունը: Մասնակիցներն այցելում են իրենց հետաքրքրող դասախոսությունները եւ ցանկացած պահի կարող են գնալ մեկ այլ լսարան՝ ծանոթանալու հաջորդ թեմային: Դա հիանալի հնարավորություն է ծանոթանալու հետաքրքիր ու իրենց մասնագիտության մեջ նշանակալի արդյունքների հասած մարդկանց հետ եւ ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները: Պակաս կարեւոր հանգամանք չէ ընկերական, ջերմ մթնոլորտը:

Եվգենիա Տերյանը Եվգենիա Տերյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Լիմուդը» ստեղծվել է 1978 թ-ին Մեծ Բրիտանիայում. մի քանի հրեա ընտանիք կամավոր սկզբունքով սկսեցին միավորել իրենց շրջապատող հետաքրքիր մարդկանց եւ ստեղծեցին անկաշկանդ մթնոլորտում շփման ու ուսուցման նոր ձեւաչափ:

 

Տարիների ընթացում «Լիմուդը» լայն տարածում ստացավ: Այսօր այն անցկացվում է ավելի քան 40 երկրներում՝ 80 թիմերի մասնակցությամբ:

 

Ինձ այնքան դուր եկավ համաժողովի ընդհանուր գաղափարը, որ ես բռնկվեցի «հայկական Լիմուդ» ստեղծելու գաղափարով: Պայմանավորվեցի մոսկովյան «Լիմուդի» կազմակերպիչների հետ ու խնդրեցի կիսվել նախագծի մանրամասներով: Այնուհետեւ, ուսման հետ կապված ես ստիպված եղա որոշ ժամանակով հրաժարվել «հայկական Լիմուդի» ստեղծման գաղափարից: Գաղափարը ստացվեց վերակենդանացնել միայն անցյալ տարի: Ընկերների ու ծանոթների օգնությամբ մենք ստեղծեցինք կազմկոմիտեի անդամների ու դասախոսների թիմ: Նախագիծը ստացավ «Լսարան» անվանումը:

 

- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել թիմի անդամներին:

 

- Ես պատմում էի իմ գաղափարի մասին բոլոր նրանց, ում հավանական մասնակցությունը նախագծում հետաքրքիր էր թվում: Իրենց հերթին այդ մարդիկ իրենց ծանոթներին էին առաջարկում, ում պատկերացնում էին դասախոսների կամ  կազմակերպչի դերում: Ի վերջո, ընտրվեցին «Լսարանի» կազմկոմիտեի 6 անդամներ ու 25 դասախոսներ՝ տարբեր տարիքի ու մասնագիտության հետաքրքիր ու կայացած մարդիկ:

 

Ծրագրով նախատեսվում է միաժամանակ անցկացնել մինչեւ 4 սեսիաներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է լինելու դասախոսություններից, վարպետության դասերից ու կլոր սեղաններից: Թեմաները ամենատարբերն են՝ քաղաքականություն, գրականություն, փիլիսոփայություն, պատմություն, գեղանկարչություն, խոհարարություն, սպորտ, բիզնես…

 

Մեր դասախոսների թվում են գրող Նարինե Աբգարյանը, ՌՈՍԳՈՍՍՏՌԱԽ ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, գեղանկարիչ Դարյա Կոզլովան, Rico ռեստորանների սեփականատեր ու ավագ-խոհարար Արուսյա Ղուկասյանը, Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Սլավա Ստեփանյանը, Մոսկովյան ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը եւ այլք:

 

Երեկոյան համար նախատեսված է ժամանցային ծրագիր, որի շրջանակում տեղի կունենա Սլավա Ստեփանյանի «Փնտրում եմ սիրեցյալ» ներկայացումը:

Լուսանկարը` անձնական արխիվից

«Լսարանին» կարելի է մասնակցել ամբողջ ընտանիքով. երեխաների համար հատուկ ուսումնաժամանցային ծրագիր է մշակված:

 

- Ինչպե՞ս կարելի է հերթագրվել համաժողովին եւ որո՞նք են մասնակցության պայմանները:

 

- Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեր պաշտոնական կայքում: Իսկ ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, ապա «Լսարանը», ինչպես եւ «Լիմուդը», բացառապես կամավորական նախագիծ է: Բոլոր միջոցառումները ամբողջովին անվճար են անցկացվելու, իսկ դասախոսները կամավոր սկզբունքով են ելույթներ ունենալու: Ամեն մի մասնակից (այդ թվում եւ կազմկոմիտեի անդամներն ու կամավորները) վճարում են միայն իրենց զբաղեցրած սենյակի դիմաց: Հովանավորների գումարները մենք ծախսում ենք միայն լսարանների դիմաց վճարելու, ինչպես նաեւ մասնակիցների տեղափոխությունը ապահովող ավտոբուսների վարձատրության եւ միջոցառման տեխնիկական հարցերի ապահովման համար:

 

Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հետաքրքիր մարդիկ կկարողանան ծանոթանալ, շփվել, բազմաթիվ հետաքրքիր հարցեր քննարկել ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: Մենք կաշխատենք այդ միջոցառումը հետաքրքիր դարձնել, որպեսզի հետագայում այն դառնա ամենամյա:

 

Եվգենիա Տերյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին