Պատչ Ադամսը գալիս է Երեւան՝ ծիծաղով բժշկելու - Mediamax.am

exclusive
4788 դիտում

Պատչ Ադամսը գալիս է Երեւան՝ ծիծաղով բժշկելու


Լուսանկարը` http://lenta.ru

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Մայիսի 18-ին Երեւան կժամանի Հանթեր Դոէրթի Ադամսը, նույն ինքը Պատչ Ադամսը: Նրա այցի գաղափարը քննարկվել էր բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, իսկ որպես այցի կազմակերպիչ հանդես է եկել IDeA հիմնադրամը:

 

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է Սիրո հեղափոխություն անել եւ մարդկանց առողջություն պարգեւել ծիծաղով:

 

Բժշկական գիտությունների թեկնածու Պատչ Ադամսը (Հանթեր Դոէրթի Ադամս) մարդկանց դեղերով չի բուժում: Տարիներ առաջ բժշկական խալաթի փոխարեն նա հագավ ծաղրածուի հագուստն ու, ծիծաղով զինված, մտավ աշխարհի տարբեր հիվանդանոցներ: 1970-ականներին նա ԱՄՆ-ում անվճար հիվանդանոց բացեց, որը գործում եւ զարգանում է մինչ օրս: Հիվանդների սիրելի ծաղրածուի մասին աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց մի մասն իմացավ «Բժիշկ Ադամսը» ֆիլմից, որտեղ նրա դերակատարը Ռոբին Ուիլյամսն էր:

 

Սիրել եւ հոգ տանել բոլոր մարդկանց

 

Ադամսը հույս ունի փոխել աշխարհը սիրով եւ ծիծաղով: Պատմությունը սկսվեց այսպես՝ երբ նա 16 տարեկան էր, մոր հետ Գերմանիայից տեղափոխվում է ԱՄՆ: 1961 թվականն էր, Ամերիկայի սեւամորթ հասարակության իրավունքները ոտնահարվում էին, նրանց մեկուսացնում էին հասարակությունից: Մինչ «անիծված նեգր» արտահայտությունը լսելը, Ադամսը երբեք չէր բախվել ատելության հետ, ինչից հետո անկողնու տակ մտած երկար լաց էր լինում:

Լուսանկարը` REUTERS

«Ես հասկացա, որ իմ երկիրը կեղծ է, այն ազատ երկիր չէ բոլոր մարդկանց համար: Իմ առաջին արձագանքն արցունքներն էին, ես երեք անգամ փորձեցի ինքնասպան լինել: Չէի ցանկանում ապրել բռնության եւ անարդարության աշխարհում: Վերջին անգամ հիվանդանոցում միտքս պայծառացավ, ես հասկացա, որ սպանվելու փոխարեն հարկավոր է պայքարել, փոխել իրավիճակը: Ես հստակ գիտակցում էի, որ Սիրո հեղափոխություն է պետք»,- Peoples.ru-ին տված հարցազրույցում ասել է Պատչ Ադամսը:

 

Նրա բոլոր տառապանքներն անհետանում են, երբ դադարում է խղճալ ինքն իրեն, հասկանալ, որ սեփական տառապանքներից հնարավոր է վերանալ միայն ուրիշներին սիրելով եւ օգնելով: Մայրական այն հզոր սերն ու հոգատարությունը, որ ստացել էր փոքր տարիքում, նրան սովորեցրել էին լինել բարի, ազնիվ, պայքարել լավ գործի համար:

 

Ուրիշներին օգնելու համար առաջին միտքը, որ գալիս է նրա գլխում, բժշկի մասնագիտությունն ընտրելն է: Նա ընտանեկան բժիշկ-թերապեւտ է դառնում, ինչից հետո հասկանում է, որ պետք է սովորել սիրել մարդկանց: Ամեն օր Ադամսը երկու ժամ շարունակ զանգում է անծանոթ հեռախոսահամարներով ու պարզապես զրուցում մարդկանց հետ:

Լուսանկարը` REUTERS

«Երկու տարի շարունակ՝ շաբաթական 10 ժամ ես իջնում ու բարձրանում էի վերելակներով, որպեսզի սովորեմ լինել մարդ, ում հետ յուրաքանչյուրը կցանկանա զրուցել, մարդ, ով հաճելի է բոլորին, ում հետ կարելի է կիսվել: Ես ցանկանում եմ սիրել եւ հոգ տանել բոլորի մասին, սիրո հեղափոխություն անել: Երբ սկսեցի բարեհոգաբար վերաբերվել բոլոր մարդկանց, աշխարհը սկսեց ինձ նույն կերպ պատասխանել»,- ասում է նա:

 

Ծիծաղի եւ հիվանդության կապը

 

Պատչ Ադամսի աչքերը բոցավառվում են, երբ նրա հագին ծաղրածուի հագուստն է: Նա սկսում է խաղալ մարդկանց հետ. «Դա հենց կախարդանքն է, ինչի համար էլ ես ապրում եմ ծաղրածուի հագուստի մեջ: Արդեն 30 տարի, երբ ես բռնության ականատես եմ լինում, վերածվում եմ ծաղրածուի, եւ դա ցրում է մարդկանց ագրեսիան: Դա իմ աչքի առաջ կրկնվել է մի քանի հազար անգամ»:

 

Խոսքը պարզապես ծիծաղի մասին չէ, ասում է բժիշկը: «Գիտեք, ինչո՞ւ եմ ծաղրածություն անում: Դա հնարք է մարդկանց բացելու համար, որպեսզի օգնեմ սերն ի հայտ գա: Եթե ցանկանում ես Սիրո հեղափոխություն անել, ապա գլխավոր հարցն է «ինչպե՞ս կիսել սերը բոլորովին անծանոթ մարդկանց հետ»: Ես հստակ գիտեմ, որ ծաղրածուի հագուստով կգտնեմ մարդկանց 99%-ին մոտենալու ձեւը:  Ես կարող եմ գրկել նրանց, խաղալ նրանց հետ: Միայն մտածեք՝ 99%: Եթե ես նույնը փորձեմ սովորական մարդու պես՝ հագիս սեւ կոստյում, ապա ոչինչ չի ստացվի: Ծաղրածությունը կախարդական բանալի է, որն օգնում է բացել ցանկացած մարդու հոգին»,- ասել է նա:

Լուսանկարը` REUTERS

Ադամսը պնդում է, որ ծիծաղը բժշկում է եւ օրինակ է բերում քաղցկեղը.

 

«Հայտնի է, որ ծիծաղն ավելացնում է այն «զինվոր»-բջիջների քանակը, որոնք սպանում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղը խթանում է իմունային համակարգը, էնդորֆիններ են առաջանում: Դա շատ դրական բիոքիմիա է»:

 

Ծիծաղը աշխարհի մի ծայրից մյուսն է հասնում

 

Այսօր ծաղրածուները շրջում են աշխարհի 120 երկրում: Մեկ տարվա ընթացքում Ադամսն իր թիմով 9 այց է կատարում, ժամանակի մեծ մասը ծախսում է դասախոսությունների եւ ելույթների վրա, 50 թատերական ներկայացում ունի: Աշխարհի տարբեր երկրներ «ծիծաղով բժշկությունը» հասցրած Ադամսն ամեն տարի հանդես է գալիս 40-50 համալսարաններում, նրա հանդիսատեսը աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարներն են, դպրոցականները եւ այլն: Այս ամենով նա գումար է հավաքում անվճար հիվանդանոցի համար:

Լուսանկարը` REUTERS

Երբ Ադամսը դեռ նոր էր սկսել այս ամենը, նույնիսկ մտածել չէր կարող նման ընթացքի մասին. «Ես սկզբում պարզապես հիվանդանոց էի հիմնել: Այսօր ես ծիծաղ եմ բերում, որը բացում է հոգիները սիրո համար»:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին