«Որոտանի համալիր»-ի գործարքն ավարտվել է - Mediamax.am

5968 դիտում

«Որոտանի համալիր»-ի գործարքն ավարտվել է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը` ՀՀ-ի, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:

«Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտն աննախադեպ է համարել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը: Նա ընդգծել է, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման համար:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, կարեւորել է նաեւ մայիսին Վաշինգտոնում «Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը:

 

2014թ. հունվարին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր»-ի, « Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ համալիրի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չէր ունեցել, եւ գործարքը չէր ավարտվել:

 

«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ն առաջիկա 6 տարիների ընթացքում ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ $ 70 մլն հայաստանյան համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում:

 

«Որոտանի համալիր»-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը:

 

«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին 2014թ. փետրվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր «Որոտանի համալիր»-ի արդիականացման հետ կապված ծրագրերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին