Ցուցարարները եւ ոստիկանները՝ «վճռական քայլերի» մասին - Mediamax.am

3858 դիտում

Ցուցարարները եւ ոստիկանները՝ «վճռական քայլերի» մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր զրուցել է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց հետ՝ կոչ անելով նրանց չօգտագործվել որոշ ուժերի կողմից:

Նա, մասնավորապես, ասել է, որ ոստիկանությունը թարմ տեղեկատվություն ունի այն մասին, որ որոշակի ուժեր առաջիկա օրերի ընթացքում փորձելու են քայլեր ձեռնարկել՝ բարիկադները մոտեցնել ոստիկանական ուժերին, Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրել եւ այլն:

 

«Այդ որոշումը կայացվել է այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա», - ասել է Աշոտ Ահարոնյանը:

 

Նա շեշտել է, որ ոստիկանությունը մտադիր չէ ուժ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, սակայն չի հանդուրժի, եթե որոշակի ուժեր փորձեն իրավիճակը օգտագործել այլ նպատակներով:

 

«Տղերք, թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն: Ամեն ինչ ձեր միջոցով են փորձելու անել», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Ակցիայի համակարգողներից Դավիթ Սանասարյանն էլ լրագրողներին ասել է, որ «այսօր ժամը 21:00 կլինեն ելույթներ, եւ ժողովրդի հավանությունը ստանալու դեպքում, մտնելու ենք վճռական փուլ»: Նա չի բացահայտել մանրամասները, ասելով միայն, որ «ունենք մի քանի տարբերակներ»: Դավիթ Սանասարյանն ասել է, որ իրենց քայլերը «խաղաղ, բայց վճռական» են լինելու:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին