Անահիտ Ադամյան. Հայաստանում մարաթոնի անցկացումը մեր երազանքն է - Mediamax.am

exclusive
6926 դիտում

Անահիտ Ադամյան. Հայաստանում մարաթոնի անցկացումը մեր երազանքն է


Անահիտ Ադամյանը (աջից)
Անահիտ Ադամյանը (աջից)

Լուսանկարը` Ա.Ադամյանի արխիվից

Անահիտ Ադամյանը
Անահիտ Ադամյանը

Լուսանկարը` Ա.Ադամյանի արխիվից

Անահիտ Ադամյանը ամուսնու՝ Ավետիք Չալաբյանի հետ
Անահիտ Ադամյանը ամուսնու՝ Ավետիք Չալաբյանի հետ

Լուսանկարը` Ա.Ադամյանի արխիվից


2015թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվի կիսամարաթոն: Մասնակիցներին առաջարկվում է 4 մրցատարածք՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ եւ մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Կիսամարաթոնի կազմակերպման եւ միջոցառման նպատակների մասին Մեդիամաքսին պատմել է Երեւանյան կիսամարաթոնի պրոյեկտ-մենեջեր Անահիտ Ադամյանը:

 

- Կպատմեք, ինչպե՞ս է ծագել Երեւանում կիսամարաթոն անցկացնելու գաղափարը, եւ որո՞նք են այդ միջոցառման գլխավոր նպատակները: 

 

- Կիսամարաթոնի կազմակերպիչները մի խումբ հայազգի էնտուզիաստ վազորդներ են Հայաստանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ մեզ հետ համագործակցող մասնագիտացված վազքային միջոցառումներ իրականացնող մի ընկերություն: Չնայած նրան, որ մարաթոնը շատ երկրներում լայնորեն տարածված երեւույթ է, Հայաստանում նմանատիպ միջոցառում երբեւիցե չի անցկացվել: Մենք քննարկեցինք մրցավազքի անցկացման հնարավորությունը քաղաքապետարանի, մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ եւ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները:

 

Կիսամարաթոնի անցկացման գլխավոր նպատակն է խթանել Հայաստանում առողջ ապրելակերպն ու վազքի՝ որպես մարզաձեւի տարածումը: Ռուսաստանում, օրինակ, այսօր վազքային բում է: 2014թ. մրցավազքերի մասնակիցների թիվն աճել է 300%-ով: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում վազքի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կավելանա: Մենք ցանկանում ենք որպես օրինակ ծառայել՝ բաց մարզանքներ ենք անցկացնում, որոնց մասին նախապես հայտնում ենք մեր ֆեյսբուքյան էջում եւ որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Համացանցում նաեւ գործարկել ենք Yerevan Runs էջը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են միանալ անցկացվող վազքերին:

 

Շատ վազորդների համար սովորական երեւույթ է այնպես կազմակերպել իրենց արձակուրդը եւ հանգիստը, որ այդ ընթացքում իրենք այցելեն այն երկրները, որտեղ մրցավազքեր են անցկացվում: Գոյություն ունի աշխարհի վազքի պայմանական քարտեզ, որում Հայաստանը դեռ բացակայում է, եւ շատ կարեւոր է ընդգրկել մեր երկիրն այդ պետությունների ցանկում: Կարծում եմ, որ կիսամարաթոնի պես մասսայական միջոցառումների կազմակերպման շնորհիվ մենք կխթանենք սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում:

Անահիտ Ադամյանը Անահիտ Ադամյանը

Լուսանկարը` Ա.Ադամյանի արխիվից

Միջոցառման կազմակերպման նպատակներից է նաեւ լրացուցիչ առիթ ստեղծել Սփյուռքի մեր հայրենակիցների՝ հայրենիք այցելելու համար: Տարբեր երկրներում բնակվող մեր ընկերները խոստովանում են, որ շատ կցանկանային տեսնել Երեւանում այսպիսի մակարդակի միջոցառում:

 

Բացի այդ, Հայաստանում սիրողական սպորտի մի հատված կա, որն այդքան էլ զարգացած չէ, օրինակ՝ տրիատլոնը: Հայաստանում կան բոլոր պայմաններն այդ մարզաձեւի զարգացման համար եւ կարծում եմ, որ այն Հայաստանում նույնպես վերելք կապրի:

 

- Կներկայացնե՞ք կիսամարաթոնի անցկացման լոգիստիկան՝ կազմակերպչական աշխատանքների տեսանկյունից:

 

- Պետք է նշեմ, որ մենք շատ լավ գործընկերներ ունենք: Մեզ աջակցում է Երեւանի քաղաքապետարանը, մեր գլխավոր հովանավորը Orange Fitness-ն է, ինչպես նաեւ RepatArmenia հիմնադրամը, որը Հայաստանում մեր ծրագրի իրականացման հարթակն է: Մեզ մոտ աշխատում է մասնագիտական թիմ, որը զբաղված է միջոցառման նախապատրաստական աշխատանքներով:

 

Պատրաստվում ենք նաեւ մոտ 70-80 կամավոր ընդգրկել: Կազմակերպչական առումով կան բազմաթիվ հարցեր՝ վազքատարածքի նախապատրաստումից եւ պրոֆեսիոնալ թայմինգի ապահովումից սկսած, մրցավարների ապահովմամբ վերջացրած: 

 

Կցանկանայի նշել, որ եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մեդալներ, իսկ բացարձակ առաջնությունում կպարգեւատրվեն 1-3 տեղերը զբաղեցրած կանայք եւ տղամարդիկ: Հաղթողները կորոշվեն՝ ըստ եզրագիծը հատելու արդյունքի: Կիսամարաթոնի մասնակցության գրանցումը բաց է մինչեւ սեպտեմբերի 20-ը:

Անահիտ Ադամյանը ամուսնու՝ Ավետիք Չալաբյանի հետ Անահիտ Ադամյանը ամուսնու՝ Ավետիք Չալաբյանի հետ

Լուսանկարը` Ա.Ադամյանի արխիվից

Մենք պատրաստվում ենք միջոցառումը կազմակերպել շատ բարձր մակարդակով եւ հասնել նրան, որ մասնակիցները վերադառնան Հայաստան՝ իրենց հարազատների եւ ընկերների հետ:

 

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսամարաթոնը Երեւանում առաջին անգամ է անցկացվում, կազմակերպչական ի՞նչ խնդիրների եք առերեսվում այս պահի դրությամբ, եւ լուծվե՞լ է արդեն վազքատարածքի փակման հարցը:

 

- Մենք հանդիպել ենք ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել փողոցների փակման հարցը: Խնդիրն այն է, որ, ինչպես նշեցիք, այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացման փորձ Երեւանը չունի: Մենք տեղացի եւ արտասահմանցի փորձագետների աջակցությամբ կնախագծենք մանրակրկիտ լոգիստիկա, որը կապահովի կիսամարաթոնի մասնակիցների անվտանգությունը:

 

- Կազմակերպչական տեսանկյունից ո՞ր մարաթոնն է ձեզ համար օրինակելի համարվում:

 

- Բոստոնում, Բեռլինում, Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում անցկացվող մարաթոնները բացարձակապես այլ մասշտաբի միջոցառումներ են: Այնտեղ մեկնարկի է դուրս գալիս ավելի քան 40 հազ. մարդ, որոնք վիճակախաղի խաղարկության միջոցով շահում են մասնակցության իրավունքը եւ բացի դրանից՝ մեծ գումար են վճարում մարաթոնին մասնակցելու համար: Կցանկանայի հավատալ, որ մի օր նման թվերից կխոսենք:

 

Երեւանյան կիսամարաթոնի կազմակերպման ընթացքում մենք ավելի շատ դիտարկում ենք Եվրոպայում եւ Ռուսաստանում անցկացվող այն մրցավազքերը, որոնց մասնակցում է 5-6 հազ. մարդ: Որպես օրինակ կարող են ծառայել Մոսկվայի մարաթոնը, ինչպես նաեւ Պրահայում, Լուքսեմբուրգում, Լոզանում անցկացվող կիսամարաթոնները:

 

- Պատրաստվո՞ւմ եք ներգրավել հայտնի մարդկանց, ովքեր կդառնան երեւանյան կիսամարաթոնի «դեսպանները»:

 

- Կոնկրետ անուններ ես այս պահի դրությամբ չեմ կարողանա նշել, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Մենք ցանկանում ենք հայտնի հայերի ներգրավել տարբեր ոլորտներից՝ սպորտից մինչեւ մեդիա:

 

- Քանի՞ մարդ է գրանցվել այս պահի դրությամբ, եւ ակնկալո՞ւմ եք նախատեսված 5000 մարդու մասնակցությունը:

 

- Այս պահի դրությամբ մեզ մոտ գրանցվել է մոտ 200 մարդ՝ հիմնական մասը հենց կիսամարաթոնի, նաեւ 10 կմ վազքատարածքին մասնակցելու համար: Այս տարվա մեր նպատակ է ապահովել 2000 մասնակից: Կարծում եմ, որ շատերը կորոշեն միանալ գրանցման վերջին օրերին: Ինչ վերաբերում է մասնակիցների կազմին, ապա մենք ունենք բավական շատ վազորդներ Ռուսաստանից, ինչպես նաեւ Վրաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Իսրայելից, Ղազախստանից: Այժմ գրանցվածների թվում արտասահմանցիներն անգամ ավելի շատ են, քան հայերը, սակայն մենք հուսով ենք, որ հայերի եւ օտարերկրացիների թիվը մոտավորապես հավասար կլինի:

 

- Կա՞ն խորհուրդներ, որոնք կցանկանայիք տալ կիսամարաթոնի մասնակիցներին:

 

- Իրականում, կիսամարաթոն վազելը շատ հավակնոտ նպատակ է, սակայն վախենալ մրցատարածքից պետք չէ: Կիսամարաթոնի մասնակիցներին խորհուրդ կտայի սկսել նախապատրաստվել 2-3 ամիս շուտ: Ինչ վերաբերում է մարզման ծրագրին, ապա անհրաժեշտ է շաբաթական գոնե 3 անգամ վազել, ինչպես նաեւ չմոռանալ ուժային վարժությունների եւ ճկունությունը զարգացնող վարժությունների մասին: Հայաստանում վազքով զբաղվող էնտուզիաստները քիչ չեն, Ֆեյսբուքի հայկական հատվածում կան մի քանի խմբեր, որոնց նպատակն է առողջ ապրելակերպի խրախուսումը:

 

- Որքանո՞վ է իրատեսական Հայաստանում մարաթոնի անցկացումը:

 

- Հայաստանում մարաթոնի անցկացումը մեր երազանքն է: Մենք արդեն մտածում ենք հաջորդ տարի մարաթոն կազմակերպելու մասին: Տեսականորեն, գուցե դա հնարավոր կլինի կազմակերպել Երեւանում կամ մայրաքաղաքից դուրս: Փաստ է, որ շատ պրոֆեսիոնալ վազորդներ պատրաստ են գնալ այլ երկրներ՝ մարաթոններին մասնակցելու նպատակով: Եթե պրոֆեսիոնալների համար կիսամարաթոնը գուցե այդքան էլ հրապուրիչ եւ հետաքրքիր նպատակ չէ, ապա մարաթոնը շատ ավելի մասշտաբային եւ հավակնոտ իրադարձություն է:

 

Անահիտ Ադամյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին