Սարգսյանն ու Ծառուկյանը՝ Օլիմպավանում եւ «Արարատ» կոմբինատում - Mediamax.am

2387 դիտում

Սարգսյանն ու Ծառուկյանը՝ Օլիմպավանում եւ «Արարատ» կոմբինատում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանին ուղեկցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Նախագահը ծանոթացել է շինարարության ընթացքին եւ շուրջ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: 2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:

 

Մարզաբազայում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի եւ խաղային մարզաձեւերի մարզադահլիճներն ու դրանց հնարավորությունները, սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնները:

 

Օլիմպիական ավանի հավաքական թիմերի կենտրոնում գործելու են մենապայքարային, ուժային, խաղային, ինչպես նաեւ ջրային մարզաձեւերի դահլիճներ, իսկ հյուրանոցային մասնաշենքը նախատեսված է լինելու մոտ 320 մարզիկի համար:

 

Այնուհետ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն այցելել են Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: ՀՀ նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման եւ վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին եւ խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին:

 

Նախագահն այցելել է նաեւ թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք եւ շուստովյան պատմական մառաններ:

 

Օլիմպիական ավանի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին