ՀՀ-ն եւ Սփյուռքը կոչ են անում օգնել Սիրիայի եւ Իրաքի համայնքներին - Mediamax.am

Սեպտեմբեր 28, 2025
1323 դիտում

ՀՀ-ն եւ Սփյուռքը կոչ են անում օգնել Սիրիայի եւ Իրաքի համայնքներին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն այսօր ընդունել է հայտարարություն Սիրիայի եւ Իրաքի հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարեւոր դրսեւորում:

Հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, ովքեր “մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ”:

 

“Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։

 

Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:

 

Հայաստանը բացել է դռները Սիրիայից եւ Իրաքից եկած հայերի առջեւ եւ ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու եւ հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում:

 

Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել եւ իրականացրել Սիրիայի եւ Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝

 

-    խորապես մտահոգված լինելով Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով,

 

-    շահագրգիռ լինելով այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմամբ,

 

-    խստորեն դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ եւ մշակութային արժեքներ,

 

-    գնահատելով նման վայրագությունները որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ,

 

-    գիտակցելով, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին՝

 

Դիմում է`

 

• միջկառավարական եւ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին եւ նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում,

 

• հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային եւ մասնավոր կառույցներին` այսուհետ եւս համակողմանի քայլեր ձեռնարկելու դյուրացնելու համար սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում,

 

• համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու եւ համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռեւս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:

 

Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջեւ ծառացած մարտահրավեր է, եւ այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի եւ սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:

 

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ եւս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված եւ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք եւ պատասխանատվություն”,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին