«100 կյանք»-ը կօգնի կրթել 100 ուսանողների Մերձավոր Արեւելքից - Mediamax.am

8174 դիտում

«100 կյանք»-ը կօգնի կրթել 100 ուսանողների Մերձավոր Արեւելքից


Լուսանկարը` Edelman


Երեւան: Մեդիամաքս: «100 կյանք» («100Lives») նախաձեռնությունն ու Near East Foundation-ը հայտարարել են $ 7 մլն կազմող նոր ութամյա կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին:

Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արեւելքում բնակվող 100 ուսանողների:

 

«100 կյանք» նախաձեռնությունը նոր ծրագրի մասին հայտարարել է Near East Foundation-ի (Մերձավոր Արեւելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել մարդասիրական օգնության ոլորտում գործող միջազգային խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները:  

 

Ծրագիրը մշակվել է «100 կյանք»-ի եւ Near East Foundation-ի համատեղ ջանքերով՝ որպես աշխարհասփյուռ հայության երախտագիտության հավաստիք Մերձավոր Արեւելքի ժողովրդին, որը մեկ դար առաջ ապաստան ու սնունդ տրամադրեց Եղեռնից փրկված հայ փախստականներին:  

 

Կազմելով մոտ $ 7 մլն՝ «100 կյանք» նախաձեռնության եւ Near East Foundation-ի  համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն կընձեռի հակամարտությունների գոտիներում հայտնված, տեղահանման ենթարկված եւ չքավորության մեջ գոյություն պահպանող երեխաներին ուսումնառել UWC Դիլիջան քոլեջում՝ համատեղ ուսուցման միջազգային գիշերօթիկ դպրոցում, որտեղ այսօր սովորում են երիտասարդներ ավելի քան 60 երկրներից, ինչպես նաեւ աշխարհի տարբեր մասերում գործող UWC ցանցի այլ քոլեջներում:

 

Ծրագրի կառավարումը կիրականացվի «Scholae Mundi» հիմնադրամի միջոցով:  

 

«Մենք հպարտանում ենք նրանով, որ ի վիճակի ենք օգնել ծանր պայմաններում եւ ապագայի նկատմամբ անորոշության մեջ հայտնված ծնողներին` ավելի լավ ապագա կերտել իրենց զավակների համար, ինչպես մեզ համար դա արել են մեր հայրերն ու պապերը: Մեծ հպարտությամբ ենք հայտնում Near East Foundation-ի հետ մեր գործընկերության մեկնարկի մասին եւ լի ենք առաջին կրթաթոշակակիրների հետ ծանոթանալու ակնկալիքներով»,- ասել է «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:    

 

Կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին Near East Foundation-ի հարյուրամյակին նվիրված բազմամարդ հանդիսության ժամանակ հայտարարել է «100 կյանք» նախաձեռնության մյուս համահիմնադիր Նուբար Աֆեյանի դուստրը՝ Արմինե Աֆեյանը:

 

«Հուսով ենք, որ այդ երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով՝ մենք ընձեռում ենք նրանց հաջողակ ապագա կերտելու հնարավորություն, ինչին նրանք, անշուշտ, արժանի են: Արդեն հարյուր տարի է, ինչ Near East Foundation-ը նվիրումով իրականացնում է այդ բացառիկ աշխատանքը»,- ասել է նա:

   

Near East Foundation-ը կրթաթոշակային այս ծրագրին կմասնակցի Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում կրթական համակարգի, հանրային կառույցների կազմակերպման եւ տնտեսական զարգացմանն ուղղված իր ավելի ընդարձակ առաքելության շրջանակներում: Հիմնադրված լինելով 1915թ. որպես «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտե», որն ապա ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ պետական կարգավիճակ է ստացել «Near East Relief» անվան ներքո՝ Near East Foundation-ը վճռորոշ դեր է խաղացել վերջին 100 տարվա ընթացքում աշխարհի տարբեր մասերում ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնելու գործում:    

 

«Near East Foundation-ը հպարտությամբ է բոլորում իր գործունեության հարյուր տարին՝ թվով հարյուր տեղահանված եւ կարիքի մեջ հայտնված երեխաներին ընձեռելով միջազգային կարգի կրթություն ստանալու հնարավորություն: Մենք մեծ ոգեւորությամբ ենք միանում «100 Lives» նախաձեռնությանը՝ տաղանդաշատ երիտասարդներին եւ ապագա առաջնորդներին օգնելով զարգանալ եւ հաջողությունների հասնել իրենց կյանքում»,- ասել է հիմնադրամի նախագահ Չարլզ Բենջամինը:

 

Առաջին կրթաթոշակակիրները UWC համակարգի դպրոցներում ուսման կանցնեն 2016թ.:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին