Վ.Սարգսյան. «ոչ»-ի հաղթանակը 10 տարով ետ կգցի ժողովրդավարացումը - Mediamax.am

6198 դիտում

Վ.Սարգսյան. «ոչ»-ի հաղթանակը 10 տարով ետ կգցի ժողովրդավարացումը


Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյան

Լուսանկարը` PAN Photo


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «գրեթե վստահ է», որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կստանա ձայների մեծամասնությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեում:

«Մարդկանց հետ իմ շփումներում ես տեսնում, որ ավելի մեծ թվով մարդիկ են հակվում «այո» ասելուն` գիտակցելով առաջարկվող փոփոխությունների էությունը», - ասել Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ եթե դեկտեմբերի 6-ին գերակշռեն «ոչ»-ի կողմնակիցների ձայները, դա «մեծ հարված» կլինի Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարին:

 

Վիգեն Սարգսյանը նկատել է, որ վերջին 24 տարիների ընթացքում Հայաստանը քաղաքական էվոլյուցիա է ապրում` կոշտ նախագահական համակարգից անցնելով կիսանախագահական համակարգին, հիմա էլ օրակարգում ունենալով անցումը խորհրդարանական համակարգին:

 

«Հանրային պահանջը միշտ էլ եղել է խորհրդարանական համակարգը», - նկատել է Վիգեն Սարգսյանը:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ սահմանադրական փոփոխությունների մերժումը «առնվազն 10 տարով ետ կգցի Հայաստանի ժողովրդարացումը»: Վիգեն Սարգսյանն իր այդ կարծիքը հիմնավորել է նրանով, որ եթե շարունակի գործել ներկայիս Սահմանադրությունը, 2018 թվականին ընտրված ՀՀ նախագահը դժվար թե կառավարման համակարգի փոփոխության գնա իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, իսկ վերընտրվելու դեպքում կարող է նման նախաձեռնությամն հանդես գալ երկրորդ ժամկետի ավարտին միայն:

 

Վիգեն Սարգսյանը նաեւ կարծիք է հայտնել, որ ««ոչ» քարոզողներից շատերն իրականում «այո» են քվեարկելու»` գնահատելով նոր համակարգի առավելությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին