ՄԳԻՄՕ-ում բացվել է Լազարյան ճեմարանին նվիրված ցուցահանդես - Mediamax.am

5895 դիտում

ՄԳԻՄՕ-ում բացվել է Լազարյան ճեմարանին նվիրված ցուցահանդես


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում նախօերին բացվել է Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

«Ինձ համար՝ որպես արաբագետի, արեւելագետի, ՄԳԻՄՕ-ի շրջանավարտի, Հայաստանի արտգործնախարարի, մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվելու այս ցուցահանդեսի բացմանը։ Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի եւ Ռուսաստանի պատմության վառ էջերից է։ Այն Մոսկվայի արեւելագիտական դպրոցի եւ ՄԳԻՄՕ-ի պատմության կարեւորագույն էջերից է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանում Լազարյան ճեմարանը հանդիսացել է դիվանագետների պատրաստման առաջին մասնագիտացված կրթօջախը եւ միաժամանակ դարձել է հայկական մշակույթի կարեւոր կենտրոն։

 

«Ճեմարանում ստեղծվել էր մի յուրահատուկ գրադարան, որտեղ հավաքված էին հազվագյուտ հրատարակության հազարավոր հատորներ, եզակի ձեռագրեր, որոնց մի փոքր մասն է միայն պահպանվել ՄԳԻՄՕ-ի գրադարանում։ Այդուհանդերձ, Լազարյան ճեմարանի գրական ժառանգությունը համարվում է մեր համալսարանի գրադարանի զարդը։ Լազարյան ճեմարանի շնորհիվ մեզ են հասել անգամ XIII դարի ձեռագրեր»,- ասել է ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:

 

Ցուցադրվող նմուշների մեջ ներկայացված են լուսանկարներ Լազարյանների ընտանիքի, նրանց ծավալած գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ` Լազարյան ճեմարանի հիմնադրմանը, կառավարմանն առնչվող փաստաթղթեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին