UWC-ի սաները Scholae Mundi-ից AUA ընդունվելու դրամաշնորհ կստանան - Mediamax.am

14124 դիտում

UWC-ի սաները Scholae Mundi-ից AUA ընդունվելու դրամաշնորհ կստանան


Լուսանկարը` http://newsroom.aua.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ամերիկյան համալսարանը (AUA/ՀԱՀ) եւ Scholae Mundi բարեգործական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ պայմանավորվել են «աջակցել կրթական ու մշակութային փոխանակմանը՝ Հայաստանում բարձրագույն կրթությունը միջազգայնացնելու համար»:

Հնգամյա հուշագիրը ստորագրել են Scholae Mundi հիմնադրամի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: 

 

Ստորագրված հուշագրով կողմերը ճանաչել են «Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ դրա կրթական ծրագրերի ճանաչվածության տարածման կարեւորությունը, ինչպես նաեւ բուհի կարգավիճակի բարձրացման նշանակությունը՝ որպես ԱՄՆ-ում հավատարմագրված ուսումնական հաստատության»:

 

Scholae Mundi-ն եւ ՀԱՀ-ը ընդունում են «միջազգային ասպարեզում Հայաստանի եւ UWC Dilijan քոլեջի առաջխաղացման նշանակությունը»:

 

«Մեր բոլոր կրթական նախաձեռնությունները Հայաստանում ուղղված են նրան, որ երկիրը վերածվի կրթական կլաստերի, որտեղ ամբողջ աշխարհից կգան մարդիկ, որոնք ոչ ստանդարտ գաղափարներ են փնտրում եւ ձգտում են փոխել աշխարհը», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Ծրագրի շրջանակում դրամաշնորհները տրամադրվելու են արտասահմանյան ուսանողներին, որոնք ավարտել են UWC համակարգի քոլեջներից մեկը եւ ընդունվել են ՀԱՀ: Հիմնադրամը փոխհատուցելու է արտասահմանցիների ուսման վարձի տարբերությունը՝ տեղացի ուսանողների ուսման վարձի համեմատ:

 

Հիմնադրամի ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, որի ընթացքում տարեկան երեք արտասահմանցի ուսանող դրամաշնորհ կստանա: Դրամաշնորհների շահառուները կընտրվեն համալսարանի ստանդարտ ընթացակարգերով:

 

«Հայաստանի ամերիկյան համալսարանը մտադիր է մեծացնել օտարերկրացի ուսանողների թիվը: Մենք համոզված ենք, որ միջազգային շփումները լրացուցիչ կրթություն կհանդիսանան ուսանողների համար: Մեզ տրամադրած օգնության համար մենք շնորհակալ ենք Scholae Mundi հիմնադրամին, որը դրամաշնորհներ է տրամադրում արտասահմանյան ուսանողներին: ԱՄՆ-ում հավատարմագրված Հայաստանի ամերիկյան համալսարանը կատարյալ ուսումնական հաստատություն է նրանց համար, ովքեր ցանկանում են միջազգային դասի կրթություն ստանալ անվտանգ ու հարուստ մշակույթ ունեցող երկրում»,- հայտարարել է Արմեն Տեր-Կյուրեղյանը:

 

Այս տարվա սեպտեմբերին Մեդիամաքսը հարցազրույց էր հրապարակել Վերոնիկա Զոնաբենդի հետ՝ Scholae Mundi հիմնադրամի նոր նախաձեռնությունների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին