Ամանոր. Արարչության իրական ժամանակ - Mediamax.am

exclusive
7694 դիտում

Ամանոր. Արարչության իրական ժամանակ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ամանորը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է: Յուրաքանչյուրիս հոգու խորքում սպասումներ են ծնվում՝  նորի, ապագայի, երազանքների, սիրո… Մեդիամաքսը աստղագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանի հետ զրույցում պարզել է, որ Ամանորի գալու պահին նույնիսկ անիրականը կարող է իրականանալ: Դե ուրեմն՝ չկորցնենք մեր մի քանի վայրկյանը եւ կառուցենք մեր Նոր Տարին որպես կյանքի, հավերժության մանրակերտ:

 

Ամանորը՝  հրաշքների ժամանակ

 

Ամեն տարի Ամանորին մարդը հնարավորություն է ստանում արարելու իր ապագայի, սկսվելիք մեկ տարվա նոր աշխարհը, դա են վկայում մեր ավանդությունները։ 

 

Ամանորը հնում եղել է աշխարհի արարման տոն: Ի՞նչ է նշանակում աշխարհի արարչություն: Աշխարհի արարչություն՝ գործողություն, որից առաջ աշխարհը չկար: Դրանից հետո պիտի ստեղծվեր։ Իսկ եթե չկա՝ չկան նաեւ ժամանակ, տարածություն: Այսինքն` դա անժամանակ, ժամանակից դուրս վիճակ է, որը չի ենթարկվում մեզ հայտնի տարածական ու ժամանակային օրինաչափություններին: Այստեղից էլ հետեւում է,  որ հենց այդ պահին հնարավոր է հայտնվել ուզած տեղում եւ իմանալ ամբողջ ապագան:

 

Ընծայաբերման պահ

 

Ամանորի գալու պահին հայերը աղբյուրներին հաց, բաղարջ, գաթա, ցորեն ընծայելու սովորություն են ունեցել։ Եվ ըստ ավանդության, ընծայաբերություն հետո, գիշերվա մի պահին աղբյուրը կանգ է առնել եւ նրանից սկսել է ոսկի հորդել:

 

Նույնիսկ հավատամք կար, որ այդ պահին հնարավոր է մտնել աղբյուրի ակը ու հայտնվել այլ աշխարհներում: Այդ ավանդության վկայություններից մեկն էլ տեղ է գտել հայոց էպոսում. Համաբարձմանն ու Վարդավառին Մհերի դուռը բացվում է ու մարդկանց ներս անցնելու հնարավորություն տալիս, իսկ ներսում բախտի անիվն է։

 

Ի դեպ, Համբարձումն ու Վարդավառը հնագույն նավասարդի մեզ հասած ամենամեծ բեկորներն են:

 

Տարեհաց եւ ավանդություններ

 

Տարեհացով գուշակությունն առ այսօր պահպանվել է: Իսկ տարեհացը կլոր բաղարջ է, որը նախկինում պատել են արեգակի, լուսնի, աստղերի կերպ ունեցող զարդանախշերով եւ որի մեջ տարվա օրհնությունն ավետող նշան՝ լոբի, կոճակ, ոսկեդրամ են դնում ու ընտանիքի անդամների քանակով բաժանում՝ պարզելու համար, թե ում  համար է տարին օրհնված։ Տարեհացը պարտադիր կլոր է, քանի որ տարին ընկալվել է որպես կյանքի, հավերժության մանրակերտ` սկիզբն ու վերջը իրար կցող մեկ ամբողջություն։ Հնում եղած ավանդույթներից պահպանվել են առատ սեղանը, միմյանց նվերներ տալը, կենացներ խմելը, աղմկելը՝ հրավառությունը:

 

Ժամանակները հին ու նոր օրացույցներով

 

Ամանորը հնում ընկալվել է որպես աշխարհի արարման տոն եւ այն համարել են վիշապամարտի եւ այդ ժամանակ պաշտվող էակի մարտի արդյունք. Պաշտվող էակը,  մարտնչելով վիշապի դեմ, նրան մասնատել է երկու մասի եւ մի կեսից ստեղծել  երկինքը, մյուսից՝ երկիրը: Վիշապամարտն ուղեկցվել է դղրդոցներով, վիշապաձայներով, ինչն էլ դարձել է Ամանորը աղմուկով (մեր օրերում հրավառությամբ) դիմավորելու  ավանդույթի հիմքը։

 

Մեզ հայտնի ամենահին հայկական օրացույցը պայմանականորեն կոչվում է նախահայկյան: Այն կիրառվել է Հայկ նահապետի Հայաստան գալուց առաջ: Այս օրացույցը եղել է աստեղա-արեգակնային: Տարին կարգավորվել է արեգակի եւ աստղերի տեղակայմամբ։ Ըստ այդ օրացույցի, տարին կազմել է տասը ամիս, որոնք համապատասխանել են Հայկի աստղը Հայաստանի տարածքից տեսնելու ժամանակահատվածին՝ Հայկի աստղի հորիզոնից բարձր տեղակայման ընթացքին, դրանից դուրս ժամանակը (ներկայիս օրացույցով՝ ապրիլի 5-ից հունիսի 14-ը) համարվել է արտատարեկան՝ արգելքների շրջան, որը ենթադրել է ամուսնության, կաթնամթերքի, երեկոները գործ անելու արգելքներ: Այստեղից էլ բխում է մինչ այսօր պահպանված մայիսին պսակադրություններից հրաժարվելու ժողովրդական ավանդույթը։ Նախահայկյան օրացույցով տարին սկսվել է ամառնամուտից 8 օր առաջ`արգելքների ժամանակի ավարտից հետո եւ մեծ հանդիսությամբ, մի ամբողջ շաբաթ նշվել է Նավասարդը:

 

Ն.Ք. 2341 թ. Հայկ նահապետի կատարած էական բարեփոխումների համաձայն՝ արտատարեկան ժամանակահատվածը դարձրել է ընդամենը 5 օր, իսկ տարին դարձրել 12 ամիս։ Տարեմուտի հաստատուն օրը դարձրել է շարժական եւ աստղերից դիտումներից անկախ։ Այս բարեփոխմամբ ամիսներն ու տարեմուտը սկսել են դանդաղ սահել տարվա եղանակների եւ 1506 տարում մեկ լրիվ շրջան են կատարել տարվա եղանակներով: Սրա հետ մեկտեղ իր նախնական տեղում է թողնվել տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, որ մինչեւ քրիստոնեության ընդունումը կանոնավոր մեծ հանդիսությամբ տոնվել է ամառնամուտից մոտ մեկ շաբաթ (8 օր) առաջ՝ ըստ այսօր կիրառվող օրացույցի՝ հունիսի 14-ին: Նույնիսկ Քրիստոնեության մուտքից հետո որոշ ժամանակ պահպանվում է այդ օրը, այնուհետեւ կորցրել իր նախկին կայուն տեղը: Հռոմեական օրացույցին անցնելուց հետո տոնը կապվել է հունվարի մեկի, 18-րդ դարի կեսից Հայ առաքելական եկեղեցին նույնպես վերջնականապես անցել է հռոմեական օրացույցին:

 

Տոնածառի ծնունդն ու ներկան

 

Ծառզարդարի կամ հայոց հարսանյաց տոնին ընդունված փեսայի ծառը փաստում են հայոց մեջ տոնածառի շատ ավելի վաղ կիրառումը: Անգամ մինչեւ 20-րդ դարասկիզբ եկեղեցի էին բերում փայտից պատրաստած ծառեր, զարդարում հիմնականում գնդաձեւ պտուղներով ու մոմերով: Ներկայում նույնպես տոնածառի խաղալիքները հիմնականում գնդաձեւ են, իսկ զարդարանքի առանցքային մասը՝ լույսերը։  Պատահական չէ, որ Ծառազարդին օրհնում են արմավենին, ուռենին, ձիթենին.  դրանց սրածայր տերեւները արեւի ճառագայթների, իսկ իրենք՝ արեւի խորհրդանիշն են: Ինչպե՞ս փոխարինվեցին այդ ծառերը Հայաստանում փշատերեւ եղեւնիով կամ սոճիով։ Եվրոպական կլիմայի պայմաններում եղեւնին  կամ սոճին դարձել են ամենա հարմար ծառերը: Սա մեզ մոտից տարված, այն միջավայրին հարմարեցված ու նորից փոխառված իրողություն է: 

 

Անուշ Պետրոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին