Որոշ խախտումների տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ - Mediamax.am

4287 դիտում

Որոշ խախտումների տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ


Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, որոնց համաձայն մի շարք խախտումների դեպքում սահմանված տուգանքը կփոխարինվի նախազգուշացմամբ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում լայն տարածում ունեցող մի շարք իրավախախտումների համար, ինչպես օրինակ՝ ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթեւեկություն սկսելու կամ մանեւր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը եւ այլն, կիրառել ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում:  Մասնավորապես՝

 

- այսուհետ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

 

- առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաեւ մգեցված ապակիներով երթեւեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:

 

Կարգավորման մաս է կազմում նաեւ համաներման հարցը.

 

2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից եւ կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:

 

Իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը եւ կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի:

 

Նոր իրավակարգավորմամբ խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին