«Զվարթնոց»-ի հին շենքի ճակատագիրն ու պահպանման ուղիները - Mediamax.am

2009 դիտում

«Զվարթնոց»-ի հին շենքի ճակատագիրն ու պահպանման ուղիները


Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադան ապամոնտաժելու վերաբերյալ քաղաքապետարանի թույլտվությունն անակնկալի է բերել ճարտարապետներին:

 

Ճարտարապետական հանրությունը շարունակում է պնդել, որ շինությունը խորհրդային շրջանի ճարտարապետության բացառիկ արժեք է եւ նրա մասնակի կամ ամբողջությամբ ապամոնտաժելն անթույլատրելի է:

 

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է, որ քանդելու որոշումը տարօրինակ էր, քանի որ բոլոր կողմերի հետ համաձայնություն կար, որպեսզի ճարտարապետները շարունակեն քննարկումները՝ դիտարկելու համար բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։

 

Շինության հեղինակներից մեկի՝ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ ասել է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ պայմանավորվածություն են ունեցել, որ մինչ միասնական գծագրերը ներկայացնելն ու դրա շուրջ հանրային քննարկումները որեւէ որոշում չի լինելու:

 

Արվեստաբան Ռուբեն Արեւշատյանն էլ ասել է, որ ամռանը, երբ կայացել է վերջին քննարկումը, ճարտարապետական հանրությունը կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, սակայն կոնցեսիոների հետ աշխատող մասնագետները երկխոսության հնարավորություն չեն տալիս:   

 

«Սա այն դեպքն էր, երբ հանրությունը դատարկ ձեռքերով չէր եկել. առաջարկ էր առաջ քաշվել համահեղինակներից մեկի՝  Ժորժ Շեխլյանի կողմից, որը մեջտեղ էր բերում շենքի վերագործարկման բավական օպտիմալ նախագիծ եւ, միեւնույն ժամանակ, պահպանում էր այն»,- ասել է ճարտարապետը:

 

Մեդիամաքսը խնդրել է մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի վերագործարկում էր նախատեսել այդ նախագիծը եւ իրատեսական ինչ այլ առաջարկներ են հնչել մինչ օրս:

 

Քննարկման մասնակիցներն ասել են, որ աշխատանքը բավական գրագետ է ներկայացված, դրանում տրվում են շենքը պահպանելու, ինչպես նաեւ կոնցեսիոների բիզնեսը զարգացնելու հնարավորությունները:

 

Հարցին, թե կոնկրետ ինչպես է հին մասնաշենքն օգտագործվելու հետագայում, քննարկման մասնակիցները դժվարացել են մանրամասն պատասխանել՝ պարզաբանելով, որ նախագիծը ներկայացնելու համար գծագրերն են անհրաժեշտ:

 

«Մենք ասում ենք՝ պետք է պահպանել եւ օգտագործել: Իրենք պարզապես ուզում են մեծացնել օդանավերի կանգնելու տարածքը: Բայց կարելի է կլոր մասնաշենքի շուրջը կանգնեցնել օդանավերը: Ինչո՞ւ են քանդում, շենքն արդեն պատրաստի կանգառներ ունի, թող դրանք օգտագործեք: Խնդիրն այն է, որ շինությունն իրենց սեփականությունը չէ, ինչի համար էլ չեն ցանկանում ներդրումներ անել: Իսկ մեր կառավարությունը գումարներ չունի շենքի վրա ծախսելու համար, դրա համար էլ դեմ չէ, որ քանդեն»,- ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

 

Անահիտ Թարխանյանն էլ հավելել է, որ «հին օդանավակայանը հանգիստ կարող է ծառայել ներքին թռիչքներին»:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ռուբեն Արեւշատյանը «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը, Կամերային երաժշտության տունը, Կասկադը եւ խորհրդային ուշ մոդեռնիզմի այլ հայտնի կառույցներ ներկայացրել էր 2013թ. մայիսին Ստամբուլում բացված «Արդիություններ առանց սահմանների» (Tresspassing Modernities) ցուցահանդեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին