IDeA-ն եւ ՀԲԸՄ-ն ազդարարել են նոր ձեւաչափի համագործակցությունը - Mediamax.am

10925 դիտում

IDeA-ն եւ ՀԲԸՄ-ն ազդարարել են նոր ձեւաչափի համագործակցությունը


Ռուբեն Վարդանյանը (ձախից) եւ Պերճ Սեդրակյանը (աջից)՝ UWC Dilijan քոլեջում
Ռուբեն Վարդանյանը (ձախից) եւ Պերճ Սեդրակյանը (աջից)՝ UWC Dilijan քոլեջում

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում են նոր ձեւաչափի համագործակցության մասին, որն ուղղված է լինելու Հայաստանի զարգացմանն ու աշխարհում հայկական ինքնության պահպանությանը:

Երկու կազմակերպությունների գործունեությունն ավելի համակարգված դարձնելու նպատակով՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընտրվել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչական ժողովի անդամ, իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը ընդգրկվել են IDeA հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում՝ միանալով Նուբար Աֆեյանին:

 

Այս կապակցությամբ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է.

 

«Ավելի քան երկու տասնամյակ ճանաչելով պարոն Վարդանյանին, նրան հաջողակ հայի տիպար եմ համարում` իր բազմաթիվ իրագործումներով, անհատական արժանիքներով եւ անխախտ ուղղամտությամբ: Իր գործունեությամբ նա մարմնավորում է հայ ազգի ապագայի նկատմամբ տեսլականի, նպատակասեւեռ եռանդի եւ անձնուրաց նվիրումի մի անզուգական համադրություն: Որպես գործարար եւ բարերար՝ Ռուբեն Վարդանյանը խանդավառող ներուժ է դրսեւորում եւ նորարարական փայլուն համագործակցություն ապահովում IDeA հիմնադրամի միջոցով: Եվ վերջապես, որպես Ռուսաստանի քաղաքացի, նա մեզ համար կենսական կապ է հանդիսանում Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի մեր կարեւոր համայնքների միջեւ: Համոզված ենք, որ նա կարեւոր դեր է կատարելու մեր ազգային առաքելության նոր տեսլականի իրագործման ասպարեզում: Ուրախությամբ ողջունում ենք նրա մասնակցությունը մեր նոր մարտավարական գործունեություններին»:

 

Մեդիամաքսը նշում է, որ մեկ տարի առաջ, 2015 թ. հունվարի 31-ին հանդես գալով Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Պերճ Սեդրակյանն ասել էր.

 

«Մի պահ մոռացեք բարեգործության մասին: Այժմ ՀԲԸՄ-ի գլխավոր ուղղություններից է ներգրավվել եւ աշխատանք տանել այնպիսի անհատների հետ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Էդուարդո Էռնեկյանը՝ այն մարդկանց հետ, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանին օգնելու համար: Մեր գլխավոր մտքերից է, թե ինչպե՞ս կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում: Այսօր մեր բոլոր ջանքերը դրան են ուղղված»:

 

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ընդգրկվել ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի կազմում: Նրա խոսքով՝  անցած  հարյուր տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն  եղել է ամենակարեւոր կառույցներից մեկը, որն աշխարհասփյուռ իր բազմաթիվ համայնքների միջոցով ծավալած ազնիվ եւ հետեւողական գործունեությամբ նպաստել է  հայ ազգի գոյապահպանմանը: 

 

«ՀԲԸՄ-ն լավագույնս  է դրսեւորել իրեն՝  լինելու հայրենիքի բարգավաճման գլխավոր լծակներից մեկը, ինչպես նաեւ դառնալու 21-րդ դարի հայի տիպարի կերտման ուղեցույցը: Ես խորապես հանձնառու եմ իմ ջանքերը, փորձառությունը եւ բարեսիրական կարողությունները ներդնել՝  ի նպաստ այս ազնիվ կազմակերպության աշխատանքի: Ուրախ եմ նաեւ ՀԲԸՄ-ի եւ  IDeA-ի միջեւ զարգացող համագործակցությամբ եւ մեր ծրագրային կողմնորոշումով, որի նպատակն է նոր հզոր ուժ հաղորդել հայ ժողովրդի առաջխաղացմանը»:

 

IDeA-ի եւ ՀԲԸՄ-ի  ղեկավար մարմինների անդամ, ամերիկահայ գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանը ողջունել է նոր ձեւաչափի գործակցության մեկնարկը:

 

«Երկու տարի առաջ անդամակցելով ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովին, հաճույքն եմ ունեցել մոտիկից աշխատակցելու նախագահ Պերճ Սեդրակյանի եւ բազմաթիվ այլ անդամների հետ՝ ՀԲԸՄ-ի ապագային ուղղված տեսլականի հորիզոնները ընդարձակելու ուղղությամբ: Սերտորեն գործակցել ենք նաեւ Ռուբենի եւ IDeA-ի հետ, մշակելու համար այն ուղեգիծը, որ ՀԲԸՄ-ն իրականացնելու է իր նոր մարտավարությամբ: Այդ ընթացքում մենք գործակցական արդյունավետ կապեր ենք հաստատել նաեւ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների հիմնադիր եւ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Սեմ Սիմոնյանի հետ: Այժմ, երբ իմ վաղեմի գործընկեր Ռուբեն Վարդանյանը միանում է ՀԲԸՄ-ի վարչական ժողովի կազմին, բոլորս խանդավառ ենք ձեռնարկելու կազմակերպչական վերափոխումների մեր հաջորդ հանգրվանը: Գոտեպնդված հարյուրամյակի ընթացքում հայության ցուցաբերած աննախադեպ ներուժով՝ մենք գիտակցությամբ ենք դիմագրավում մեր առաջ հառնող մարտահրավերները ու պատեհությունները»,-նշել է նա:

 

«Այս նախաձեռնությունը ծավալուն գործակցությունների եւ առաջընթացի մի նոր հանգրվան է հանդիսանում ՀԲԸՄ-ի համար: Ես հատկապես խանդավառված եմ ԹՈՒՄՈ կենտրոնների, UWC Դիլիջանի քոլեջի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ընձեռած հնարավորություններով, որոնք նոր  թափ են հաղորդում  ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերին»,-ընդգծել է ՀԲԸՄ փոխնախագահ Սեմ Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին