Սմիթսոնյան ինստիտուտը հետաքրքրված է «Տաթեւի վերածնունդ» ծրագրով - Mediamax.am

8955 դիտում

Սմիթսոնյան ինստիտուտը հետաքրքրված է «Տաթեւի վերածնունդ» ծրագրով


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Սմիթսոնյան ինստիտուտի ներկայացուցիչները այցելել են Տաթեւի վանք եւ ծանոթացել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրին:

IDeA հիմնադրամի հաղորդագրության համաձայն, Սմիթսոնյան ինստիտուտի  ներկայացուցիչների այցը կայացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID ) աջակցությամբ իրականացվող «Իմ Հայաստան» (My Armenia) մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում:

 

IDeA հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերի ղեկավար Արմինե Իսրայելյանն ասել է, որ Տաթեւի տարածաշրջանը մշակութային զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի:

 

Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ նորապսակների համար օրհնության կարգ է կատարվել: 

 

IDeA հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվում Տաթեւում: Նորապսակների եւ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական  համերգ, հյուրասիրություն,  ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

 

«Այս միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, մեր հին ավանդույթների վերականգնմանը: Լիահույս ենք, որ Տեառնընդառաջի տոնին տարածաշրջանի համայնքների երիտասարդ զույգերի համախմբված այցը եկեղեցի գեղեցիկ ավանդույթ կդառնա»,- ասել է Միքայել վարդապետ Գեւորգյանը:

 

«Արդեն երկրորդ տարին ենք կազմակերպում այս միջոցառումը եւ մտադիր ենք այն ավանդական դարձնել: Ազգային մշակույթի հետ փոխկապակցվող միջոցառումները հետաքրքիր են նաեւ զբոսաշրջիկների համար, եւ հույս ունենք, որ տարիներ անց այն յուրօրինակ տոն կդառնա, որը կխթանի զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջան  անգամ  զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում»,- նկատել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

 

Սմիթսոնյան ինստիտուտը հիմնադրվել է 1846 թվականին: Այն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում են մտնում 19 թանգարաններ եւ պատկերասրահներ, Ազգային կենդանաբանական այգին եւ ինը հետազոտական հաստատություններ: Սմիթսոնյան ինստիտուտն ունի 6,400 աշխատակից, այդ թվում մոտ 500 գիտնականներ եւ ավելի քան 5,500 կամավորներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին