Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է - Mediamax.am

17123 դիտում

Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է


Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010թ. ի վեր պարենային տեսանկյունից անապահով է եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ:

Այս մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում բազմաթիվ տնային տնտեսություններ ունեն սնվելու լուրջ խնդիրներ՝ ի դեմս մեծ թվով թերաճություն եւ գերքաշություն ունեցող երեխաների:

 

Զեկույցի համաձայն՝ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ մարդկային եւ սոցիալ-տնտեսական ամբողջական ներուժի օգտագործելու կարողությանը:

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում եւ տնային տնտեսությունների 28%-ը, ցնցումների ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ:

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ թերսնուցման այս կրկնակի բեռը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։

 

Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն նշել է, որ նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ առողջապահական ծախսերի աճի եւ ցածր արտադրողականության հետեւանքով երեխաների թերսնուցումը բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի վրա:

 

«Այն նաեւ ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն եւ իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը», - ասել է Պասկալ Միշոն:

 

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության եւ գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում:

 

Զեկույցը նաեւ առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

 

Տեղական արտադրության սննդամթերք օգտագործող դպրոցական սնունդը սնուցման նկատմամբ զգայուն սոցիալական ապահովության համակարգ է եւ կարեւոր ներդրում՝ տեղական տնտեսության զարգացմանը աջակցելուն զուգահեռ պարենային անապահովության եւ թերսնուցման հիմնախնդիրներին արդյունավետ դիմակայելու համար:

 

«Թերսնուցումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր եւ ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաեւ առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության եւ առանց դրա կարեւորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ եւ գործունյա բնակչություն ապագայում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Տանյա Ռադոչայը:

 

«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաեւ ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ժամանակն է համախմբվել եւ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Միավորելով կառավարության եւ ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը եւ մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին