Հայաստանը «հավատով է մտնում հասունության փուլ», ասել է նախագահը - Mediamax.am

3947 դիտում

Հայաստանը «հավատով է մտնում հասունության փուլ», ասել է նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «մեր գերխնդիրն էր կառուցել Հայաստանի հիմնասյուները ժողովրդավարության պահանջներին, իսկ տնտեսությունը` բաց շուկայական հարաբերություններին համահունչ»:

Այս մասին նախագահը հայտարարել է նախօրեին Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում:

 

«Ի՞նչ ենք մենք ուզում անել եւ ի՞նչ ենք անում իրականության մեջ: Միանգամից պատասխանեմ. մենք ցանկանում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարում:

 

Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջեւ ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարեւոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ եւ այն պետք է լիարժեքորեն իրացնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ներքին կյանքի առումով իր համար ամենամեծ ձեռքբերումը «խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է եւ ակտիվ քաղաքացիական հասարակությունը»:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները բոլոր խնդիրների լուծումը առաջին հերթին տեսնում են երկրի ներսում:

 

«Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին եւ հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից:

 

Ավելի բարեկեցիկ եւ ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է:

 

…Մենք դեռեւս անցնելու ճանապարհ ունենք կայուն ժողովրդավարության հասնելու համար: Սակայն այս 25 տարվա ձեռքբերումներով մենք ամփոփում եւ փակում ենք մեր պատմության, այսպես ասած, «նորանկախ պետության» էջը եւ հավատով ենք մտնում «հասունության» փուլ»,- ամփոփել է ելույթը ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին