Մայքլ Դուկակիս. Հայ եւ հույն համայնքները շատ ընդհանրություններ ունեն - Mediamax.am

2204 դիտում

Մայքլ Դուկակիս. Հայ եւ հույն համայնքները շատ ընդհանրություններ ունեն


Մայքլ Դուկակիսը
Մայքլ Դուկակիսը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Մայքլ Դուկակիսը:

Մայքլ Դուկակիսը, որը հույն ներգաղթածների զավակ է, իրավաբանություն է ուսումնասիրել Հարվարդի համալսարանում, իսկ 1963-1970 թթ. աշխատել է Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատում: 1988թ. նա Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Որպես Մասաչուսեթսի նահանգապետ պաշտոնավարել է երկու անգամ: Նա մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին եւ քայլեր ձեռնարկել դրա ճանաչմանը նպաստելու ուղղությամբ:

 

Ներկայումս Դուկակիսը քաղաքագիտություն է դասավանդում Հյուսիսարեւելյան համալսարանում, ինչպես նաեւ հրավիրված դասախոս է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

 

Նախագահի նախկին թեկնածուն ելույթը սկսել է՝ պատմելով իր հույն նախնիների մասին: «Իմ հայրն այստեղ հավաքվածներից շատերի նախնիների ճակատագիրն է կիսել»,- պատմել է նա:

 

Դուկակիսի հայրն ԱՄՆ է ներգաղթել 15 տարեկանում անգլերեն ոչ մի բառ չիմանալով: 12 տարի անց նա ավարտել է Հարվարդի համալսարանն ու հաջորդող 52 տարիների ընթացքում զբաղվել բժշկությամբ:

 

Նրա կարծիքով՝ հայ եւ հույն համայնքները շատ ընդհանրություններ ունեն. նրանք շատ են աշխատում եւ հոգ տանում իրենց զավակների մասին:

 

Խոսելով ԱՄՆ-ում ընթացող նախագահական քարոզարշավի մասին` Դուկակիսը նշել է, որ թեպետ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում ասում է բաներ, որոնք հակասում են Հանարապետականների դրույթներին, այնուամենայնիվ հավանականությունը մեծ է, որ նա կստանա թեկնածություն:

 

Դուկակիսը նաեւ ասել է, որ նախագահի նստավայրը եւ Կոնգրեսը երկու կուսակցությունների մեջ բաժանելը որեւէ օգուտ չի բերում ԱՄՆ-ին:

 

«Ես ծայրաստիճան դժգոհ եմ նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից: Ես արդեն չեմ հասկանում, թե ինչ ենք անում Սիրիայի հետ: Որեւէ մեկը կարող է ասել, թե ի՞նչ է հիմա կատարվում Սիրիայում: Ո՞րն է Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում»,- հարցադրում է կատարել Մասաչուսեթսի նախկին նահանգապետը:

 

Մայքլ Դուկակիսի կարծիքով՝ պետք է հնարավորություն տալ հատուկ կառույցներին եւ ինստիտուտներին՝ զբաղվելու կոնֆլիկտների հարցերով: Օրինակ բերելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող միջազգային բանակցությունների հաջող ավարտը` նա նկատել է, որ «հարկավոր է պատերազմը ազգային ակտիվության անընդունելի ձեւ դարձնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին