Բաքուն քաղաքականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ասել է Հասմիկ Պողոսյանը - Mediamax.am

9110 դիտում

Բաքուն քաղաքականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ասել է Հասմիկ Պողոսյանը


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձնել քաղաքական հակամարտությունների թատերաբեմ:

Այս մասին ասված է Հասմիկ Պողոսյանի տարածած հայտարարությունում, որում նա մեկնաբանել է Ադրբեջանի փորձերը՝ «տոլմա» ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրեւ «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր:

 

«Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարեւան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել եւ հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է: Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Հասմիկ Պողոսյանը:

 

Նախարարի խոսքով՝ առաջին անգամ չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով:

 

«Սեփական ինքնությանը պարբերաբար չվստահելով եւ հույսը դնելով այլ ժողովուրդների վրա՝ հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելուց առաջ պարզապես չպետք է մոռանալ մյուս բոլոր ժողովուրդներին, որոնք դրա կրողն ու կիրառողն են: Հիշեցնենք, որ «թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները եւ այլ ազգեր: Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաեւ արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, եւ, ի վերջո, հայկական ավանդույթները»,- ասել է Հասմիկ Պողոսյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին