Հայտնի է Հռոմի Պապի այցի օրակարգը - Mediamax.am

18518 դիտում

Հայտնի է Հռոմի Պապի այցի օրակարգը


Հռոմի Պապը
Հռոմի Պապը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին, այսօր հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Պապը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

 

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

 

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

 

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:

 

Գյումրիում Հռոմի Պապը նաեւ կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

 

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Պապը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

 

Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:

 

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

 

Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երեւանից կմեկնի Հռոմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին