Հայազգի ճարտարապետը կհետեւի Ս. Գերեզմանի նորոգության ընթացքին - Mediamax.am

exclusive
5255 դիտում

Հայազգի ճարտարապետը կհետեւի Ս. Գերեզմանի նորոգության ընթացքին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Այս ամիս Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կմեկնարկեն Սուրբ Գերեզմանի վերականգման լայնածավալ աշխատանքները:

 

Այս որոշումը կայացվել է Ս.Գերեզմանի իրավատեր համարվող երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համաձայնության արդյունքում :

 

«1808 թվականին հրդեհից հետո Ս. Գերեզմանը որեւէ նորոգության չի ենթարկվել, մինչդեռ դա իսկապես անհետաձգելի անհրաժեշտություն է:  Այս պատճառով, Երուսաղեմում երեք եկեղեցիների հոգեւոր պետերը երկար քննարկումներից հետո համաձայնեցին անհապաղ քայլեր ձեռնարկել Տիրոջ Գերեզմանի նորոգության համար»,- Մեդիամաքսին պատմել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն Բաղդասարյանը:

Լուսանկարը` REUTERS

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ, ըստ Ավետարանի, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության տեղի եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում բյուզանդացի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Ամեն գիշեր ժամը 12-ից մինչեւ առավոտյան 7-ը, նախ հույները, ապա հայերը, հետո՝ կաթոլիկները Ս. Պատարագ են մատուցում Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա:

 

Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետի խոսքերով, Ս. Գերեզմանի նորոգության աշխատանքներն իրականացնելու է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագիտական թիմը, որը ղեկավարում է պրոֆեսոր Անտոնիա Մոլոպուլոն:

 

Ս.թ. մարտի 8-ին Աթենքում մասնագիտական խումբը ներկայացրել է Ս. Գերեզմանի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որին ներկա է գտնվել նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

 

Ավելի ուշ՝ մարտի 22-ին, Սուրբ Հարության տաճարում Երուսաղեմի եւ համայն Պաղեստինի պատրիարք Ֆեոֆիլը՝ Սուրբ երկրում Ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ հայր Պյերբաթիստա Պիցաբալայի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությամբ հայտարարել է Սուրբ Գերեզմանի Մատուռի լայնածավալ վերականգման մեկնարկի մասին։

Լուսանկարը` REUTERS

Հայր Կորյուն Բաղդասարյանի փոխանցմամբ, Աթենքի համալսարանի մասնագիտական խմբին զուգահեռ ստեղծվել է նաեւ տեխնիկական խումբ, որում ընդգրկված են հայ, հույն եւ կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող մեկական ճարտարապետ: Վերջիններս հույն մասնագետների հետ մասնակցելու եւ հետեւելու են Ս. Գերեզմանի վերանորոգության ընթացքին:

 

Հայոց Պատրիարքարանի կողմից այդ խմբում ներկայացուցիչ է ընտրվել հայազգի ճարտարապետ Իրինա Բադալյանը, որը 1990-ականների սկզբին բնակություն է հաստատել Իսրայելում: Իրինան ՀՀ վաստակավոր ճարտարագետ Ռուբեն Բադալյանի դուստրն է:

 

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս աշխատանքը: 

 

«Սա ինձ համար իսկապես պատվաբեր առաքելություն է»,- ասել է Իրինա Բադալյանը:

 

Հայազգի ճարտարապետը, ով Երուսաղեմում աշխատել է մի շարք ճարտարապետական նախագծերում, փաստում է, որ Ս. Գերեզմանի ներկայիս վիճակն իսկապես տագնապալի է:

 

«Ս.Գերեզմանի վիճակն այնքան վատ է, որ քննարկվում էր անգամ այն այցելուների համար ժամանակավորապես փակելու հարցը: Իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում Ս. Գերեզմանի մատուռից դուրս արվել են որոշակի ամրացման աշխատանքներ, սակայն լուրջ հիմնանորոգում 1800-ական թթ.-ից ի վեր կկատարվի առաջին անգամ»,- ասել է մասնագետը: 

Լուսանկարը` REUTERS

Նրա խոսքերով, Աթենքի համալսարանի մասնագետները ստեղծել են Ս. Գերեզմանի համակարգչային եռաչափ մոդելը։

 

«Հույն մասնագետներն ամբողջ աշխատանքը ճիշտ ծրագրավորել են: Նախատեսվում է, որ լայնածավալ աշխատանքները կմեկնարկեն մայիսին եւ կտեւեն 8-12 ամիս: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կարվի շատ բարձր մակարդակի վրա»,- Մեդիամաքսին ասել է Իրինա Բադալյանը:

 

Ի դեպ, Աթենքի համալսարանի մասնագիտական խմբի ղեկավարը եղել է Հայաստանում եւ, Իրինա Բադալյանի խոսքերով, չափազանց տպավորված է հայկական եկեղեցական ճարտարապետությամբ:

 

Հայ մասնագետի խորհրդատվությունը  Ս. Գերեզմանի վերանորոգման աշխատանքներում կարեւոր եւ օգտակար է նաեւ այն առումով, որ Իրինա Բադալյանը ողջ խմբում միակ մասնագետն է, ով տիրապետում է եբրայերենին եւ հանդիսանում է Իսրայելի քաղաքացի:

 

Հայր Կորյուն Բաղդասարյանի խոսքերով, նորոգության ողջ ընթացքում Սուրբ Գերեզմանը բաց է լինելու ուխտավորների եւ այցելուների համար:

 

Նախնական գնահատականներով, Սուրբ Գերեզմանի վերականգնողական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո, որը հավասարապես հատկացնելու են հայ, հույն եւ կաթոլիկ եկեղեցիները:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին