Էվերեստը նվաճած հայուհին Հայաստան գալու հատուկ առիթի է սպասում - Mediamax.am

exclusive
13770 դիտում

Էվերեստը նվաճած հայուհին Հայաստան գալու հատուկ առիթի է սպասում


Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթի մատույցին, 8800 մետր բարձրության վրա
Իրենա Խարազովան Էվերեստի գագաթի մատույցին, 8800 մետր բարձրության վրա

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իրենա Խարազովան Էվերեստի հիմնական ճամբարում ապրիլի 24-ին
Իրենա Խարազովան Էվերեստի հիմնական ճամբարում ապրիլի 24-ին

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Հայաստանի դրոշով
Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Հայաստանի դրոշով

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իրենա Խարազովան նայում է Էվերեստի գագաթին
Իրենա Խարազովան նայում է Էվերեստի գագաթին

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Արցախի դրոշով
Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Արցախի դրոշով

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից


Բարձրանալ Էվերեստի 8848 մետրը, ամենաբարձր գագաթին ծածանել Հայաստանի եւ Արցախի դրոշներն ու ամենավերեւից նայել աշխարհին. հայուհի Իրենա Խարազովան իր երազանքն իրագործեց այս տարվա մայիսին:

 

Մեդիամաքսի հետ զրույցում աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած առաջին հայուհին ասել է, որ իրականացած երազանքի էյֆորիան ապրել է միայն ներքեւ իջնելուց հետո: Մինչեւ հիմա էլ դժվարանում է բառերով նկարագրել իր ապրումներն ու զգացմունքները:

 

Ավելի քան 200 կյանք խլած Էվերեստ Իրենան բարձրացել է 27 հոգանոց խմբով: 42 օրերից 20-ը անցկացրել են 5000-7000 մետր բարձրության վրա: 

 

Իրենա Խարազովան լեռը բարձրանալու 42 օրերի ընթացքում միայն մտածել է ողջ մնալու եւ անվնաս ներքեւ իջնելու մասին.

 

«Ես ֆիզիկական ցավ էի զգում, մրսում էի: Բարձրանալիս զգացմունքներ չկային: Դու մտածում ես, որ հավանաբար մահվան ես գնում: Մեզանից եւ ոչ մեկը բարձունքին ուրախություն չէր զգում, մենք միայն մտածում էինք անվնաս եւ ողջ իջնելու մասին: Երջանկությունն արդեն ներքեւում էր, երբ գիտակցեցինք, որ արել ենք դա, որ բոլորս ողջ ենք, ոտքերն ու ձեռքերը` տեղում: Հետո արդեն սկսվեց երջանկությունը, երազանքի իրականացման գիտակցումը»:

Իրենա Խարազովան նայում է Էվերեստի գագաթին Իրենա Խարազովան նայում է Էվերեստի գագաթին

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

34-ամյա Իրենան Մեդիամաքսին նաեւ պատմել է, որ ծնվել եւ ապրում է Մոսկվայում: Աշխատում է նավթային ոլորտում: Ծնողները Վրաստանի հայեր են:

 

Իրենայի նախապապը 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է, ում կյանքը մայրը կարողացել է փրկել` նրան փաթաթելով եւ թաքցնելով գորգի մեջ:

 

Հայաստանում Իրենա Խարազովան դեռ չի եղել: Ասում է` հայրենիքը տեսնելու չի ուզել գալ հենց այնպես, Հայաստանն ու Արցախը ճանաչելու համար սպասել է առանձնահատուկ առիթի:

 

Հիմա, երբ դարձել է Էվերեստը նվաճած առաջին հայուհին, հույս ունի, որ կստեղծվի նաեւ այդ հատուկ առիթը. «Էվերեստը նվաճած առաջին հայ տղամարդուն Հայաստանում պատվավոր շքանշան են տվել: Ես հպարտ կլինեմ, եթե ինձ նույնպես այդպիսի պատվի արժանացնեն: Դա կլինի ամենալավ, ամենահատուկ առիթը, որի համար ես կայցելեմ Հայաստան»:

Իրենա Խարազովան Էվերեստի հիմնական ճամբարում ապրիլի 24-ին Իրենա Խարազովան Էվերեստի հիմնական ճամբարում ապրիլի 24-ին

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Էվերեստը բարձրանալու օրերին Իրենա Խարազովան օրագիր է վարել, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել: Մեդիամաքսը կրճատումներով ներկայացնում է հատվածներ վերջին օրերի գրառումներից:

 

***

7000 մետրի վրա բոլորը խորը քնած էին թթվածնով: Արթնացա 01:00-ին: Անմոռանալի տեսարան էր՝ լուսնի ու աստղերի լույսերը ընկնում էին Էվերեստի գագաթին: Առավոտը ջերմ եւ անհողմ էր: Մեզ արքայական նախաճաշ տվեցին, եւ բոլորը, առաջին անգամ նման բարձրության վրա, կուշտ կերան:

 

Որոշեցինք կեսօրին դուրս գալ: Ով խմբից դանդաղ էր քայլում, մեկ ժամ շուտ դուրս եկավ: Թթվածնի բալոնը հագնելով, ոչ թե նոր ուժ ստացա, այլ պարզապես քայլում էի ու չէի խեղդվում, կարծես բազային ճամբարում քայլելիս լինեի, ոչ արագ, բայց հարմարավետ:

 

Վաղը 11-ին շարժվելու ենք մինչեւ 8300 մետր, իսկ գիշերը կանցնենք գրոհի:

 

Արդեն անհանգստություն չի մնացել, ոչ էլ վախ կա: Միայն ցանկություն, որ այս ամենը հնարավորինս արագ ավարտվի:

 

***

 

Այս գիշեր մեզ հետ զուգահեռ դեպի գագաթ 37 չինացի է գալու: Մենք նրանցից 2,5 ժամ հետո ենք շարժվելու, որպեսզի խցանում չառաջանա: Տեսնենք, այս ամենից ինչ կստացվի:

 

Այժմ էլ լեռան հանդեպ վախ չկա: Ընդհանրապես, այս ամբողջ ընթացքում Էվերեստը մեր հանդեպ շատ մեծահոգի է եղել, ոչ մի անգամ մեզ վատ եղանակ չի ուղարկել, չի վախեցրել իր խառնվածքով: Հուսով եմ, վերջին օրով էլ մենք նրան չենք ջղայնացնի, եւ նա մեզ խաղաղությամբ կընդունի ու կճանապարհի:

 

***

 

Այսօր կգա այն օրը, որին ես այսքան տարի սպասել եմ:

 

Տե՜ր, ինձ օգնիր հասնել տեղ եւ իջնել: Երես չթեքես ինձնից այսօր, ինչպես որ երբեք չես արել, եւ ինձ ներիր իմ քաջությունն ու հանդգնությունը, որ ես ցանկացա Քո ամենաբարձր ստեղծագործությունը մագլցել:

 

***

 

Արդեն տեսնում եմ գագաթը եւ հասկանում եմ, որ այն շատ մոտ է: Սակայն հենց գագաթի մոտ քարե արահետ է սկիզբ առնում, որը զառիթափի վրայով տանում է աջ:

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթի մատույցին, 8800 մետր բարձրության վրա Իրենա Խարազովան Էվերեստի գագաթի մատույցին, 8800 մետր բարձրության վրա

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Մտածեցի` գուցե՞ այդպես ավելի հեշտ է մոտենալ դրան, քան ձնե «կառնիզին» բարձրանալով: Մինչ այս պահը մենք արդեն հինգ ու կես ժամ քայլում էինք:

 

Եթե լուսանկարներ եք ուզում, որոնց վրա ձեզ չեք գտնի, խնդրեք շերպային ձեզ նկարել: Գագաթի լուսանկարում հայտնվել էին իմ բոլոր պաստառները, բայց առանց ինձ: Կարծես իրենց ոտքով են գագաթ բարձրացել:

 

Երբ դու, վերջապես, շունչ ես քաշում, թուլանում ես եւ ներքեւ նայում, հանկարծ գիտակցում ես, որ աշխարհում եղած բոլոր մարդկանցից բարձր ես: Այդ պահին նոր հասկանում ես, թե ինչ աշխատանք ես կատարել: Որքա՜ն հզորություն կա լեռներում: Անսասան հսկաներ են, ինչ ուզեն կանեն քեզ հետ, եթե չալարեն կյանքիդ հետ խաղալ:

 

***

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Հայաստանի դրոշով Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Հայաստանի դրոշով

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Այստեղ էի գալիս առանց հետագա ծրագրերի, պարզապես այն պատճառով, որ արշավորդներից եւ ոչ ոք չգիտեր` արդյո՞ք ողջ կմնա: Եվ հիմա, երբ առանց կորուստների հասել եմ իմ նպատակին, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ դրան: Ի՜նչ հիասքանչ է կյանքը: Արշավի յուրաքանչյուր դժվար պահին ես մտքիս մեջ վերապրում էի կյանքիս գեղեցիկ դրվագները, կամ առօրյա կյանքի հաճելի պատկերներ էի նկարում, որոնք մենք սովոր չենք գնահատել եւ որոնք անգնահատելի են դառնում նման պայմաններում:

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Արցախի դրոշով Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին` Արցախի դրոշով

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

***

 

Ինձ համար Էվերեստը ընդմիշտ կմնա իմ ֆիզիկական ձեռքբերումների պատվանդանին եւ ապացույց կլինի, որ ցանկացած խենթություն կարելի է իրագործել, եթե հավատում ես սեփական ուժերիդ:

Լուսանկարը` Ի. Խարազովայի արխիվից

Իմ սիրելի կենացը «երազանքի համար» խմվողն է, քանի որ երազանքն է հենքը, իսկ իմ կյանքի ուղին դեպի երազանք տանող արահետներն են: 

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին