ՀՀ-ում վերացել է ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի՝ մորից երեխա փոխանցումը - Mediamax.am

5825 դիտում

ՀՀ-ում վերացել է ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի՝ մորից երեխա փոխանցումը


Լուսանկարը` unicef


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում, Բելառուսում եւ Մոլդովայում:

Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից, Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում համապատասխան վկայականներ են հանձնվել վերոնշյալ երեք երկրների առողջապահության նախարարներին:

 

«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:

 

Նրա խոսքով՝ սա հսկայական ձեռքբերում է եւ հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, եւ որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին:

 

2010-ից Հայաստանում, Մոլդովայում եւ Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:

 

«Սա հաջողություն է այս երկրների համար եւ տոն՝ երեխաների եւ ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը:

 

«Առաջ շարժվելով այս ուղղությամբ՝ կարեւոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ»,- իր հերթին նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի-Պիեր Պուարեն:

 

Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի թեստավորում հղի կանանց եւ նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ  վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաեւ՝ համայնքի ներգրավվածություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին