Հայաստանին պետք է նոր զինտեխնիկա, վստահ է հարցվածների 86%-ը - Mediamax.am

6267 դիտում

Հայաստանին պետք է նոր զինտեխնիկա, վստահ է հարցվածների 86%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության ուսումնասիրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ՝ հասարակության շրջանում բանակի հանդեպ վստահությունն աճել է 2.7%-ով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմի հասարակական արձագանքի հետազոտության արդյունքները:

 

Մայիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել է 1106 մարդ: Հետազոտության ընտրանքային սխալը տատանվում է +/-3%-ի միջակայքում:

 

Հարցվածների 72.5%-ի կարծիքով՝ Հայաստանին սպառնացող ամենակարեւոր խնդիրը պատերազմական իրավիճակն է:

 

Հարցման մասնակիցների 46.7%-ի կարծիքով՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած հարձակումը պայմանավորված էր արտաքին ուժերի թելադրանքով:

 

Հարցման մասնակիցների 32.5%-ն էլ կարծում է, որ Ադրբեջանը պատերազմական իրավիճակ է հրահրում՝ զսպելու համար ներքին խնդիրները: 28.1%-ը կարծում է, որ Ադրբեջանի նման քայլը պայմանավորված էր ՌԴ-ից եւ այլ երկրներից չափից ավելի սպառազինության ձեռքբերմամբ: Գրեթե նույնքան տոկոս է կազմում հարցվածների թիվը (27.5%), որոնք կարծում են, որ Ադրբեջանը, տանուլ տալով բանակցային գործընթացը, խնդիրը փորձել է լուծել պատերազմի միջոցով: 18.6%-ի կարծիքով էլ՝ Ադրբեջանը փորձել է օգտվել ՀՀ ներքաղաքական իրավիճակից:

 

«Որքանո՞վ եք վստահ, որ այսուհետեւ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերն ունակ կլինեն հակահարված հասցնել հակառակորդի գործողություններին» հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 1.8%-ը: 0.7%-ը նշել է, որ ընդհանրապես վստահ չէ, 4.8%-ն ավելի շուտ վստահ չէ, 31.3%-ն ավելի շուտ վստահ է, իսկ 61.4 %-ը վստահ է, որ ունակ են արժանի հակահարված հասցնելու:

 

Հարցվածների 81.3%-ի կարծիքով՝ քառօրյա պատերազմի հրահրող երկիրը Թուրքիան է, 33%-ը կարծում են, որ դա Ադրբեջանն է, 17.2%-ը՝ ՌԴ-ն, 14.5%-ը՝ ԱՄՆ-ն, 1.1%-ը՝ եվրոպական երկրները:

 

«Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից» հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 1.2%-ը:  40.1%-ի կարծիքով՝ լիովին պատրաստված է, 44.3%-ի կարծիքով՝ ավելի շուտ պատրաստված է, 11.1%-ի կարծիքով՝ ավելի շուտ պատրաստված չէ, իսկ 3.3%-ի կարծիքով՝ ընդհանրապես պատրաստված չէ:

 

«Ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացվեն հետագայում նման հարձակումներին առավել պատրաստված լինելու համար» հարցին 86.4%-ը պատասխանել է, որ պետք է գնել նոր զինտեխնիկա: 38.1%-ի կարծիքով՝ բանակում նվազեցնել կոռուպցիոն դրսեւորումները, 29%-ի կարծիքով՝ բարձրացնել զինվորների եւ սպայական կազմի պատրաստվածությունը, 20.5%-ի կարծիքով՝ ավելացնել պայմանագրային զինծառայողների քանակը, 1.7%-ի կարծիքով՝ ստեղծել ուժեղ տնտեսություն:

 

Հարցվածները 1-5 բալանոց համակարգով գնահատել են նաեւ որոշ ցուցիչներ, որոնց համաձայն՝ քաղաքացիների՝ բանակին օգնելու պատրաստակամությունը եւ զինծառայողների մարտական ոգին միջինացված համակարգով գնահատել են 4.9 միավոր, զինծառայողների ռազմական պատրաստվածությունը՝ 4.6, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ ռազմատեխնիկական հագեցվածությունը՝ 3.2:

 

Քառօրյա պատերազմի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքը հարցվածները գնահատել են 3.9 միավորով, միջազգային կազմակերպություններինը՝ 3.3, Կարմիր Խաչինը՝ 4.1, ՀՀ ՊՆ մամուլի ծառայությանը՝ 4.5. առողջապահության նախարարությանը՝ 4.4, ԼՂՀ Պաշտպանության նախարարությանը՝ 4.1, ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ 4 եւ արտաքին գործերի նախարարությանը՝ 3.3 միջինացված միավորով:

 

Ապրիլյան պատերազմի ընթացքոոմ տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները հարցվածների 85.1%-ի համար հանդիսանում է հեռուստացույցը, 44%-ի՝ Ֆեյսբուքը, 43.8%-ի՝ շրջապատը, 19.7%-ի՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, 15.1%-ի՝ լրատվական կայքերը, 7.8%-ի՝ ՀՀ ՊՆ կայքը, 5%-ի՝ ԼՂՀ ՊՆ կայքը, 3.7%-ի՝ ռադիոն եւ 1%-ի՝ տպագիր մամուլը:

 

Հարցվածների 55.9%-ի համար վստահելի է եղել պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ պետական այլ մարմինների աշխատանքը: 57.1%-ը նշել է, որ պատերազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում միանշանակ պատրաստ է անձամբ միանալու պաշտպանական գործողություններին:

 

Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ գործող նախագահի հետ կայացած հանդիպմանը՝ հարցվածների 24.5%-ը նշել են, որ նման իրավիճակում դա անխուսափելի քայլ էր, 18.6%-ը կարծիք է հայտնել, որ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցված լուծումներ կգտնեն ներքին եւ արտաքին խնդիրների լուծման համար, 17.7%-ի կարծիքով՝ հանդիպումը կրում էր ֆորմալ բնույթ, 11%-ը կարծում է, որ դա նախագահական ընտրություններից առաջ կատարված քայլ էր, 4.6%-ը կարծում է, որ հանդիպումը նպատակ ուներ ՀՀ երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի չեզոքացնել, եւս 4.6%-ի համար կան այդ հանդիպման այլ պատճառներ, իսկ 31.8%-ը դժվարացել է գնահատել հանդիպման փաստն ու ակնկալիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին