Փորձագետները գնահատել են ՀՀ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը - Mediamax.am

3025 դիտում

Փորձագետները գնահատել են ՀՀ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը


Լուսանկարը` http://dailysignal.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներդրված $ 1-ը յուրաքանչյուր շահառուի կյանքի ընթացքում կարող է առաջացնել $ 7,1-ի օգուտ:

Այս մասին են վկայում Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ «ՄաստերՔարդ» ընկերության համատեղ վերլուծության արդյունքները:

 

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում ծրագրից ակնկալվող օգուտը զգալիորեն գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը ($ 5,5):

 

«Գիտական փորձը ցույց է տալիս, որ դպրոցներում սննդարար կերակուրների ստացումը երեխաներին թույլ է տալիս քննությունների ժամանակ ավելի բարձր գնահատականներ ստանալ եւ բարելավել կենտրոնանալու ունակությունը, ինչը հանգեցնում է ավելի հաջողակ եւ արդյունավետ մասնագիտական կյանքի»,- նշել են վերլուծաբանները:

 

Նրանց խոսքով՝ դպրոցում սնունդ ստացող երեխաները հակված են ավելի առողջ լինելուն եւ երկար ապրելուն:

 

«ՄաստերՔարդ» ընկերության՝ Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում ղեկավար Նինա Վիլեմսն էլ նշել է, որ ծրագիրն արժեքավոր ներդրում է երկրի զարգացման գործում:

 

Վերլուծության հեղինակներն առաջարկել են փոփոխել դպրոցական սնունդ ծրագրի հասցեականությունը՝ ընդգրկելով ավելի շատ երեխաների:

 

Փորձագետները նաեւ հույս են հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա աջակցել տեղական արտադրության զարգացմանը, որն էլ, իր հերթին, կխթանի ՀՆԱ-ի աճը:

 

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով տարրական դասարանների աշակերտներն օրական 200 մլ կաթ, կակաո, հյութ կամ յոգուրտ են ստանում, ինչպես նաեւ 50 գրամ թխվածքաբլիթ, բուլկեղեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին