«Լիդիան Արմենիան» անթույլատրելի է համարում բռնության կոչերը - Mediamax.am

8863 դիտում

«Լիդիան Արմենիան» անթույլատրելի է համարում բռնության կոչերը


Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկնաբանել է պնդումներն այն մասին, որ նպատակ ունի «լռեցնել» քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հավատում է երկխոսության եւ անկեղծ համագործակցության կարեւորությանը: Մենք համոզված ենք, որ կարողացել ենք վաստակել բազմաթիվ հայաստանյան բնապահպանական փորձագետների, հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների վստահությունն ու աջակցությունը:

 

Մենք գիտակցում ենք, որ դեռեւս առկա են որոշակի խմբեր կամ անհատներ, ովքեր մտահոգված են ծրագրով, եւ մենք հարգում ենք մտահոգությունները բարձրաձայնելու վերջիններիս իրավունքը: Վերջին տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել Ամուլսարի վերաբերյալ գիտական տեսանկյունից անհիմն բողոքների, որեւէ հետազոտությամբ չհիմնավորված հայտարարությունների, առասպելների եւ աղավաղված փաստերի տարածման բազմաթիվ  դեպքերի: Մենք մշտապես փորձել ենք արձագանքել նման զրպարտիչ հայտարարություններին՝ ներկայացնելով հանրությանը համապատասխան փաստեր, խուսափելով իրավական միջոցներին դիմելուց, եւ շարունակելու ենք  նույն կերպ նաեւ ապագայում», - Մեդիամաքսին ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

 

Նա նշել է, որ վերջերս հանրային տեղեկատվական դաշտում տեղի ունեցող որոշ գործողություններ ստիպել են ընկերությանը դիմել իրավապահ մարմիններին:

 

«Որոշ անձանց կողմից հանրային տեղեկատվական ցանցերում հնչեցվել են ընկերության ու նրա աշխատակիցների դեմ ուղղված սպառնալիքներ եւ բռնության կոչեր: Անգամ եղել են ընկերության բոլոր աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների անուններն ու լուսանկարները հրապարակելու եւ «բռնություն կիրառելու» կոչեր: Սպառնալիքները վերաբերում էին նաեւ ընկերության աշխատակիցների երեխաներին: Դրանք, ցավոք, ներկայացվել կամ պաշտպանվել են այն անձանց կողմից, ովքեր պնդում են, որ ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը: Հանդիսանալով միջազգային ընկերություն` մենք ստիպված ենք բռնությունը կանխելու նպատակով ձեռնարկել համապատասխան քայլեր: Մենք դիմել ենք ՀՀ ոստիկանությանը եւ հուսով ենք, որ գործը կհետաքննվի:

 

Համարում ենք, որ քաղաքացիական հասարակության դերը չի ենթադրում երեխաներին ու ընտանիքի անդամներին, կամ որեւէ այլ անձին ուղղված սպառնալիքներ եւ բռնության կոչեր», - Մեդիամաքսին ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին