«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» - Mediamax.am

exclusive
4818 դիտում

«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա»


Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Ասատուր Եսայանցի

Մարգարիտ Վապերոն
Մարգարիտ Վապերոն

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն Փարիզում լույս է տեսել 2016 թվականի հոկտեմբերին: Այն Վարպետի մասին ֆրանսերենով տպագրված առաջին գիրքն է, որի մտահղացումը պատկանում է Մարգարիտ Վապերոյին եւ Կլեռ Դենիելին:

 

Արվեստաբան Լիլիթ Սոխակյանը զրուցել է կինոյի պատմության եւ էսթետիկայի դոկտոր, Սորբոնի համալսարանի դասախոս Մարգարիտ Վապերոյի հետ:

 

- Ինչպե ՞ս ծնվեց գրքի ստեղծման գաղափարը:

 

- Միտքը ծնվեց մի ծանոթությունից: Իվրիի համալսարանում դասավանդելու տարիներին հանդիպեցի երիտասարդ ռեժիսոր Կլեր Դենիելին, ով մի շատ գեղեցիկ հոդված էր գրել Արտավազդ Փելեշյանի մասին: Որոշեցի, որ այդ հոդվածը մոռացության մատնվելու իրավունք պարզապես չունի:

 

Կլեռի հետ զրույցների եւ քննարկումների արդյունքում հասկացանք, որ Փելեշյանի մասին ֆրանսերենով գրված որեւէ գիրք դեռեւս գոյություն չունի: Այդ միտքը դարձավ ծրագրի սկզբնաքարը: Կապվեցինք Գի Յանգբլութի հետ, ով Yellow Now հրատարակչության հիմնադիրն է: Վերջինս խորապես հետաքրքրված է կինոարվեստով եւ աննկարագրելի խստապահանջ է իր աշխատանքի մեջ: Փելեշյանը Գիի համար նույնքան կարեւոր է, որքան Գոդարը, Փարաջանովը կամ Տարկովսկին: Նա նույնպես հաստատեց Վարպետի մասին ֆրանսերենով գրքի բացակայության փաստը եւ ստեղծման անհրաժեշտությունը: Այդպես ծրագիրը մեկնարկեց:

 

Ցանկանում էի կապվել ռեժիսորների, կինոքննադատների եւ համալսարանականների հետ` մեր ժողովածուի համար Արտավազդ Փելեշյանի մասին նոր հոդվածներ գրելու առաջարկով: Միաժամանակ հետաքրքիր էի համարում հետադարձ հայացք նետել Ֆրանսիայում Արտավազդ Փելեշյանի բացահայտման պատմությանը: Այսպիսով նոր հոդվածներին գումարվեցին նաեւ հները: Դրանց թվում է Սերժ Դանեի 1980-ական թվականներին գրված հոդվածը, որը պատմում է վերջինիս Հայաստան այցելության եւ Փելեշյանի հետ ծանոթության մասին: Դա մի այլ իրականություն էր, երբ նոր կինո բացահայտելու համար պետք էր գնալ մեկ այլ երկիր. ամենը չէ, որ գալիս էր դեպի Ֆրանսիա: Այդ առումով գտնում եմ, որ Սերժ Դանեի հոդվածը ներկայացնում է մի շատ գեղեցիկ եւ կարեւոր պատմություն: 

Մարգարիտ Վապերոն Մարգարիտ Վապերոն

Լուսանկարը` Անձնական արխիվից

Գրքում ընդգրկված է նաեւ Դոմինիկ Պայնիի հոդվածը, ով եղել է Cinémathèque Française-ի տնօրենը, ղեկավարել է Պոմպիդու կենտրոնը: Պայնին կարեւոր հողված էր գրել Artpress թերթում` 1992 թվականին, երբ Jeu de Paume արվեստի կենտրոնում բացվեց Փելեշյանի առաջին հետահայաց ցուցադրությունը: Գրքում ընդգրկված է նաեւ Ժան-Միշել Ֆրոդոնի հոդվածը եւ Գոդար-Փելեշյան կինոքննարկում-զրույցը` տպագրված 1992 թվականին Le Monde թերթում: Կարծում եմ, բավականին կարեւոր էր գծել այս ամբողջ պատմական ուղին: Ճիշտ է, Դանեի հոդվածը թարգմանվել եւ ընդգրկվել էր Արտավազդ Փելեշյանի «Իմ կինոն» գրքում, բայց թվարկված մյուս հոդվածները 1988 թվականին դեռեւս գրված չէին եւ ներառված չեն եղել գրքի մեջ: Իմ եւ Կլեր Դանիելի համար չափազանց կարեւոր էր Վարպետի բացահայտման պատմությունը, քանի որ այն հիշեցնում է մեծ կարեւորությունը, որ Փելեշյանն ունեցել է 80-ական թվականների ֆրանսիացի կինոռեժիսորների համար եւ որ շարունակում է ունենալ այսօր` մեզ համար: Անմիջապես մտաբերում եմ Առնո դե Պալիեղի ֆիլմերը, որտեղ բազմաթիվ են փելեշյանական հղումները: 

 

- Ու ՞մ է առաջին հերթին ուղված ժողովածուն:

 

- Մենք փորձել ենք ստանալ բազմաոճ հոդվածների տեսականի, որպեսզի այն հետաքրքիր լինի յուրաքանչյուր ընթերցողի համար` լինի դա ուսանող,  արվեստաբան թե մեկ այլ ոլորտի մասնագետ:

 

Իհարկե, կան հոդվածներ, որոնք մասնագիտական են, բայց դրանք թույլ են տալիս ավելի խորն ուսումնասիրել, օրինակ, երաժշտության հարցը վարպետի կինոարվեստում: Հույս ունենք, որ գիրքը կուղեկցի ընթերցողին դեպի ֆիլմերի դիտումը, քանի որ մեր վերջնական նպատակը մնում է նույնը` նորից եւ նորից ցուցադրել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Գիրքը վաճառվելու է գրախանութներում եւ առցանց:

 

- Ապագա ծրագրեր կա՞ն կապված Արտավազդ Փելեշյանի հետ:

 

- Իհարկե, հիանալի կլիներ թարգմանել «Իմ կինոն»  ֆրանսերեն, բայց, ցավոք, դա բավականին բարդ է: Ֆրանսիայի հրատարակչությունները մեծ գումարներ չունեն, հատկապես կինոյի հետ կապված ծրագրերի համար:

 

Այնուամենայնիվ, փորձում եմ դրական մտածել. մենք կարողացանք իրականացնել ժողովածուի գաղափարը, միգուցե` դա առաջին քայլն էր:

 

- Ըստ Ձեզ, Փելեշյանի ֆիլմերն ի՞նչ ազգության են պատկանում:

 

- Ես գտնում եմ, որ Փելեշյանի կինոն զուտ հայկական չէ, այլ սովետական: Կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Փելեշյանը, ով մեկ այլ աշխարհի մաս էր կազմում, կորցրեց խոսելու ցանկությունը, քանզի այն ամենն ինչին նա հավատում էր, փլուզվեց:

 

Վարպետն ունի շատ ուժեղ հայկական ինքնություն` միաժամանակ լինելով աշխարհի քաղաքացի: Դա է փելեշյանական ֆիլմերի ամենահետաքրքիր կողմը: Կարծում եմ, Փելեշյանն ամենեւին ռետրոգրադ չէ. նա իր երկրի մշակույթը դիտում է բոլոր հնարավոր կողմերից` արխայիկից ամենամոդեռնը: Երբ Վարպետն ասում է «մենք», մեծ էկրանին ֆիլմը դիտող յուրաքանչյուր մարդ իրեն ընդգրկում է այդ  «մենք»-ի մեջ:

Լուսանկարը` Անձնական արխիվից

Նա մեկն է, ով շատ հավատարիմ է իր աշխարհընկալման մեջ: Իմ կարծիքով, Փելեշյանը մշակել է որոշ պրագմատիզմ, եւ որոշում կայացնելու դեպքում կարծիքն այլեւս չի փոխում: Իր ստեղծած ֆիլմերի փոխկապակցված կառուցվածքը նման է ճարտարապետական ամուր շինության: Ըստ իս, եթե Վարպետը շարունակեր ֆիլմեր նկարահանել Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում, այդ կառույցի ամրությունը կկորչեր: 

 

- Գրքում ներառված «Հոմո Սափիենս» հոդվածի հեղինակը Դուք եք: Ինչո՞վ է պայմանավորված այդ թեմայի ընտրությունը:

 

- Ֆրանսիայում քչերն են կարդացել ռուսերենով գրված սցենարը, եւ «Հոմո Սափիենսի» մասին այստեղ գրեթե ոչ ոք չգիտի: Քանի որ ներկա պահին «Իմ կինոն» ֆրանսերեն թարգմանելու հեռանկար չկա, ես որոշեցի գրել այդ մասին: Ցանկությունս էր ժողովածուի մեջ ներառել Փելեշյանի ողջ արվեստը: «Հոմո Սափիենսը» առանձնահատուկ կարեւոր աշխատություն է Վարպետի համար, նույնիսկ եթե այն գոյություն ունի զուտ թղթի վրա: Սցենարը գտել է իր ներդաշնակ տեղը Փելեշյանի մյուս գործերի շարքում: Կարծում եմ, այդ հավակնոտ, սակայն փայլուն սցենարը հնարավոր էր նկարահանել միմիայն ԽՍՀՄ գոյության տարիներին: Ֆիլմը այդ շրջանի արդյունքն է: Այն ունի էպիկական ֆորմա, որը լիովին տարբերվում է Փարաջանովի ֆիլմերում հանդիպող էպիկական էլեմենտներից: «Հոմո Սափիենսը» խոսում է «մարդ» երեւույթի մասին, որը գոյություն ուներ միայն սովետական տարիներին: Այդ մարդը չունի որեւէ ինքնություն: Կարծում եմ, Փելեշյանն իր էությամբ շատ մարդասեր է, սակայն առանց ավելորդ միամտության: «Հոմո Սափիենսը» ճիշտ այդպիսին է` լի մարդկային դաժանությամբ եւ սիրով:

 

Մարգարիտ Վապերոյի հետ զրուցել է Լիլիթ Սոխակյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին