Հայաստանում չարաշահում են հակաբիոտիկները - Mediamax.am

exclusive
4664 դիտում

Հայաստանում չարաշահում են հակաբիոտիկները


Լուսանկարը` Natasha Thorpe


Հայաստանը միացել է Հակաբիոտիկների մասին իրազեկման համաշխարհային շաբաթին, որն անցկացվում է նոյեմբերի 14-20-ը:

 

Մասնագետներն ահազանգում են, որ հակաբիոտիկների (հակամանրէային դեղերի) սխալ եւ ոչ նպատակային կիրառումն աշխարհը կարող է կանգնեցնել «հետհակաբիոտիկային դարաշրջանի» առաջ, երբ մարդկությունը հիվանդությունները բուժելու դեղամիջոց չի ունենա:

 

Հակամանրէային դեղերի լայն կիրառումը մանրէների մոտ դրանց նկատմամբ կայունություն է զարգացնում, ինչի հետեւանքով նվազում է արդյունավետությունը:

 

Այսպիսով, դեղակայուն վարակիչ հիվանդություններ են զարգանում, աճում են հիվանդությունները, երկարում է դրանց բուժման ընթացքն ու բարձրանում մահացության մակարդակը:

 

 

Հակամանրէային դեղերի օգտագործում՝ խորհուրդներ բժիշկներին

 

* Հակամանրէային դեղ նշանակել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

 

* Պետք չէ անտեսել մանրէաբանական հետազոտության կարեւորությունը ճիշտ հակաբիոտիկ ընտրելու հարցում։

 

* Հակաբիոտիկ նշանակել ճիշտ դեղաչափով եւ տեւողությամբ։

 

* Հետեւողական լինել պատվաստումների իրականացման հարցում` ըստ օրացույցի։

 

* Պատշաճ իրականացնել վարակի հսկողության ողջ գործընթացը, ինչպես նաեւ պահպանել ձեռքերի հիգիենան։

 

* Դեղատներում հակամանրէային դեղը բաց թողնել ըստ բժշկի նշանակման` ամբողջ բուժման տեւողությանը համապատասխան քանակով։

 

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնը հիվանդանոցներում հակամանրէային դեղերի կիրառման եւ դեղատներում դրանց բացթողման վերաբերյալ մշտադիտարկում է անցկացնում, որով պարզվել է, որ մեր երկրում տարածված է հակաբիոտիկների երրորդ սերնդի ցեֆալոսպորինների (ցեֆտրիակսոնի խմբի դեղեր) կիրառությունը:

 

ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի մշտադիտարկման արդյունքները

 

Հայաստանի 10 մարզերի եւ Երեւան քաղաքի 164 դեղատներում եւ դեղատնային կրպակներում անցկացված ուսումնասիրությունն էլ պարզել է, որ առկա հիմնախնդիրներն են դեղատոմսի բացակայությունը, ինքնաբուժումը եւ սպառողական փաթեթի խախտումը: 

 

Դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ այս հակաբիոտիկները Հայաստանի բնակչությունը չարաշահում է, ինչը լուրջ վտանգներ է առաջացնում:

 

«Այնքան էական չէ, թե բնակչությունը որ խումբն է կիրառում, որքան այն, որ մարդիկ ինքնուրույն են ընտրում հակաբիոտիկներ: Կարեւոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ բնակչությունն երրորդ սերնդի հակաբիոտիկ է ընտրում, որով միանգամից լուրջ խնդիրներ է ստեղծում: Այս պահին մեզ համար խնդիր է այն, որ մարդիկ դեղատուն են գնում առանց դեղատոմսի եւ ինքնուրույն են հակաբիոտիկ ընտրում: Մենք կոչ ենք անում հանրությանը չկիրառել հակամանրեային դեղն առանց բժշկի նշանակման, չընդհատել նշանակված դեղի ընդունումը, որովհետեւ դա եւս խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա:

 

Լիլիթ Ղազարյանը շեշտել է, որ այս դեղերն ինքնաբուժման համար չեն նախատեսված. «Ճիշտ է, հիմա, ցավոք, դրանք հեշտությամբ, առանց դեղատոմսի դեղատնից գնելու հնարավորություն կա, բայց դրանից պետք է խուսափել: Դուք չգիտեք, թե ձեզ մոտ ինչ հիվանդություն է, այն կարող է ախտորոշել միայն բժիշկը` լաբորատոր հետազոտությամբ: Նույնիսկ դեղագետը չի կարող օգնել բուժման համար ճիշտ տեւողությամբ ու չափաբաժնով ճիշտ դեղամիջոց ընտրել»:

 

Հակամանրէային դեղերի օգտագործում՝ խորհուրդներ հիվանդներին

 

* Ինքնաբուժման նպատակով մի կիրառեք հակաբիոտիկներ` գրիպի եւ մրսածության, ջերմության, հազի եւ փորլուծության դեպքում։

 

* Դիմեք բժիշկին եւ ընդունեք դեղն ըստ նրա նշանակման, հետեւեք ցուցումներին։

 

* Դեղն ընդունեք ժամանակին`չխախտելով չափը։

 

* Նույնիսկ եթե արդեն լավ եք զգում, շարունակեք բուժումը մինչեւ վերջ։

 

* Առանց բժիշկի հետ խորհրդակցելու՝ մի ընդհատեք բուժումը։

 

* Անհապաղ տեղեկացրեք բժիշկին բուժման ընթացքում ի հայտ եկած գանգատների մասին։

 

* Մի կիրառեք դեղն այլ հիվանդություններ բուժելու համար։

 

* Խորհուրդ մի տվեք Ձեզ նշանակած դեղը մեկ ուրիշին։

 

* Մի օգտագործեք պիտանելիության ժամկետը լրացած հակաբիոտիկներ։

 

ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի մշտադիտարկման արդյունքները

 

Հանրության իրազեկվածության բարձրացումից զատ, ըստ Լիլիթ Ղազարյանի, հակամանրեային դեղերի կիրառության դեմ կարելի է պայքարել նաեւ այլ մեխանիզմներով: Դրանցից ամենագործունը, ըստ նրա, դեղատոմսը ֆինանսական փաստաթուղթ դարձնելն է, որը կխթանի բժիշկին դիմելու մշակույթի ձեւավորումը:

 

«Օրինակ, ունենք հիվանդների մի խումբ, որն արտոնյալ կարգով ստանում է դեղեր, որոնք առանց դեղատոմսի չեն կարող անվճար վերցնել: Դրա համար էլ նրանք գտնում են այդ ժամանակն ու գնում են բժիշկի մոտ: Եթե մենք համակարգային փոփոխություններ կատարենք, որի արդյունքում դեղատոմսը որոշակի ֆինանսական հետեւանքներ ունենա, խնդիրը չի ծագի: Օրինակ` ապահովագրություն ունեցող հիվանդների նման, որոնք գիտեն, որ իրենց ապահովագրական ծախսի մեջ մտնում է դեղը, եւ շահագրգռված են դեղատոմս վերցնելու: Դա կարող է լինել որոշակի փոխհատուցման համակարգ: Մեխանիզմներ պետք է աշխատացնել, որով կպակասեցվի ինքնաբուժությամբ զբաղվելն ու կխթանվի բժիշկի դիմելը»,- ասել է նա:

 

Ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2011թ. դրությամբ հակամանրէային դեղերի կիրառությամբ Հայաստանը 32 երկրների շարքում 24-րդն է: Սա, ըստ մասնագետների, բավական հուսադրող է, սակայն Հայաստանում վերջին տասը տարիներին հակամանրէային դեղերի կիրառումն, այնուամենայնիվ, ավելացել է:

 

«Իհարկե ուրախալի է, քանի որ մենք ավելի մեծ թվեր էինք սպասում, եւ երբ համեմատեցինք եվրոպական երկրների հետ, որտեղ միայն դեղատոմսով է հակաբիոտիկների վաճառքը, տեսանք, որ իրավիճակն այդքան սարսափելի չէ: Ամեն դեպքում, մենք մեծ անելիք ունենք այդ դեղերի կիրառման դեմ պայքարի հարցում»,- ավելացրել է Լիլիթ Ղազարյանը:

 

Հավելենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքով հակաբիոտիկների շրջանառությունը եւս կանոնակարգվելու է: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի փոխանցմամբ, դեղատներում հակամանրէային դեղերի վաճառքը լինելու է բացառապես դեղատոմսով: Օրենքն ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա դեկտեմբերին, որից հետո հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր, տուգանքներ են նախատեսված:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին