«Ավրորա»-ի բեմադրիչը վարպետության դաս է վարել Երեւանում - Mediamax.am

4123 դիտում

«Ավրորա»-ի բեմադրիչը վարպետության դաս է վարել Երեւանում


Ալեքսանդր Ռեւզինը
Ալեքսանդր Ռեւզինը

Լուսանկարը` Aurora Prize

Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակաբաշխության բեմադրիչ Ալեքսանդր Ռեւզինը դեկտեմբերի 10-ին վարպետության դաս է վարել Երեւանում:

Վարպետության դասին մասնակցել է մոտ 150 մարդ` էստրադային կատարողներ, հեռուստատեսային եւ թատերական ռեժիսորներ, օպերատորներ, բեմադրիչներ, լուսային մասնագետներ, միջոցառումների կազմակերպման գործակալություններ:

 

Մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր տալու, իսկ գործնական մասում նրանք ցուցադրել են ելույթներ ու տեղում ուղղումներ եւ ուղղորդումներ ստացել Ալեքսանդր Ռեւզինից:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Ալեքսանդր Ռեւզինը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» նախաձեռնությանը` «այդպիսի հրաշալի վարպետության դաս կազմակերպելու համար»։ Նա նշել է, որ վարպետության դասին մասնակցել են տարբեր ոլորտների ու ժանրերի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են եղել նոր գիտելիքների ձեռքբերմամբ:

 

«Ինձ շատ հաճելի էր հանդիպել այդ մարդկանց։ Ամեն դեպքում, այն ամենը, որ անում է «Ավրորան», չի կարող վատ լինել»,- ասել է նա։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների համակարգող Անի Մնացականյանը Մեդիամաքսին ասել է, որ իրենք ցանկանում էին հայտնաբերել այն բոլոր տաղանդները եւ ողջ ներուժը, որ ունեն երիտասարդ մասնագետները։

 

«Այստեղ շատ հետաքրքիր նախաձեռնություններ եւ միջոցառումներ կան։ Միջոցառումներ կազմակերպող գործակալությունների եւ արվեստագետների համար «Ավրորան» նոր մակարդակ սահմանեց։ Այս վարպետության դասը մեծ հնարավորություն էր մասնագետների համար, որոնք կարող են ինտեգրված լինել տարբեր միջոցառումների մեջ։ Երբ քննարկվում էր «Ավրորա» մրցանակաբաշխության գեղարվեստական բաղադրիչը, մեզ համար շատ կարեւոր էր, որ չդառնա տոնակատարություն, չնայած հյուրերը մարդասիրությունը փառաբանելու էին եկել։ Թե գեղարվեստական խորհուրդը, թե Ալեքսանդր Դավիդովիչը հասկացան այդ փիլիսոփայությունը եւ պրոֆեսիոնալ թիմով կարողացան դա իրականացնել։ Իսկապես, այդ մրցանակաբաշխությունից հետո նա ասելիք ունի հայ լսարանին»,- ասել է Անի Մնացականյանը:

 

Վարպետության դասն անցկացվել է ՀԲԸՄ աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին