Նախագահի սեղանի գրքերը՝ Դեյվիդ Իգնատիուսից մինչեւ Խաչիկ Դաշտենց - Mediamax.am

exclusive
16581 դիտում

Նախագահի սեղանի գրքերը՝ Դեյվիդ Իգնատիուսից մինչեւ Խաչիկ Դաշտենց


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին նախարարներին եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում: Բացառված չէ, որ այդ հանդիպումները նախկինում եւս կայանում էին այդտեղ, սակայն արարողակարգային լուսանկարները տարածվում են վերջին երեք ամիսների ընթացքում:

 

Լուսանկարներում Մեդիամաքսի ուշադրությունը գրավեցին գրքերը, որ դրված են Հանրապետության ղեկավարի սեղանին:

 

Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին Սերժ Սարգսյանը ընդունել էր 2016թ. նոյեմբերի 8-ին: Հրապարակված լուսանկարում նախագահի աշխատասեղանի աջ մասում երկու շարքով դասավորված գրքեր են, իսկ հետեւում` տուփեր: Դրանք կարող են նախագահի ստացած տարբեր հուշանվերները լինել:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Գրքերից մեկի վրա կարելի է կարդալ Դեյվիդ Իգնատիուսի անունը. նրա գիրքը երկրորդ շարքում է դրված: Դեյվիդ Իգնատիուսը The Washington Post թերթի երկարամյա հեղինակն է, Մերձավոր Արեւելքի գիտակ: 2015 թվականի ապրիլի 24-ին նա Երեւանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության վարողն էր՝ Հասմիկ Պապյանի հետ, եւ բացառված չէ, որ հենց այդ ժամանակ է ՀՀ նախագահին նվիրել իր գիրքը:

 

Դեյվիդ Իգնատիուսի գրքի տակ դրված է եւս մեկ անգլիալեզու գիրք, իսկ վերեւում` ռուսալեզու: Կարելի է ենթադրել, որ երկրորդ շարքում հիմնականում օտար լեզվով գրքերն են:

 

Առաջին շարքում դասավորված են հայալեզու գրքերը: Դրանցից մի քանիսի անունները լուսանկարում ընթեռնելի են` «Հանդիպման վայրը», «Խոդեդան» (Խաչիկ Դաշտենց), «Երբ ժամ էր ընտրության»: Հավանաբար, վերջինը Անտոն Դոչեւի ստեղծագործության հայերեն թարգմանությունն է:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

2016թ. նոյեմբերի 29-ին նախագահի աշխատասենյակում էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Թեեւ այս լուսանկարների որակն ավելի ցածր է, սակայն նկատելի է, որ նախագահի աշխատասեղանին դրված գրքերը ու դրանց դիրքը չեն փոխվել: Այս անգամ նախագահի աշխատասեղանին նաեւ կարելի է օրաթերթ տեսնել:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Դեկտեմբերի 2-ին նախագահի աշխատասենյակում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էր: Գրքերի քանակի եւ դասավորության առումով էական փոփոխություններ չկան:

 

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման լուսանկարներում փոփոխությունը նկատելի է եղել գրքերի հետեւում շարված տուփերի շարքում: Նախկին երկու հանդիպումներին երկու սպիտակ տուփերի վրա դրված կարմիրը մեկ ամիս անց արված լուսանկարում արդեն սպիտակների տակ է հայտնվել:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

2017թ. առաջին հանդիպումը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ էր: Հունվարի 17-ին կայացած հանդիպման մասին նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը կից լուսանկարում նախագահի աշխատասեղանին փոփոխություններ կային: Մեկ գիրք պակասել եւ փոխարենը նորն է ավելացել արտասահմանյանների շարքում, եւս երկուսը ավելացել են հայալեզու գրքերի վրա: Այս շարքը լուսանկարում ամփոփում է «Խաչքար» գիրքը:

 

Կարելի է ենթադրել, որ այս դեպքում նախագահի «սեղանի գրքերը» ոչ թե այն գրքերն են, որոնք ինքը պարբերաբար ընթերցում է, այլ նրանք, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստանում տարբեր առիթներով: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գրական նախասիրություններին, ապա 2011 թվականի հուլիսին, Ծաղկաձորում պատասխանելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին, ՀՀ նախագահն ասել էր.

 

«Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սեւակ, շատ-շատերին: Մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար»:

 

Մարի Թարյան, Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին