Հայտնի են պատգամավորների թեկնածուների թեստի մանրամասները - Mediamax.am

3554 դիտում

Հայտնի են պատգամավորների թեկնածուների թեստի մանրամասները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը այսօր ասել է, որ ՀՀ պատգամավորների որոշ թեկնածուների համար հայոց լեզվի իմացությունը ստուգող նորմի սահմանումը եզակի երեւույթ է մեր իրականության մեջ։

«Այն հնարավորություն կտա որոշակի գաղափար կազմել այն մարդկանց հայոց լեզվի գիտելիքների մասին, որոնք տարբեր պատճառներով Հայաստանում կամ հայեցի կրթություն չեն ստացել», - լրագրողների հետ զրույցում ասել է Սերգո Երիցյանը։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Ընտրական նոր օրենսգրքով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող այն քաղաքացիները, որոնք չունեն հայերենին տիրապետելու մասին հավաստագիր (դիպլոմ), պարտադրված են լինելու հայոց լեզվի քննություն հանձնել՝ թեստային տարբերակով։

 

Սերգո Երիցյանն ասել է, պատգամավորների թեկնածուների կողմից մինչ օրս որեւէ բացասական արձագանք չի ստացվել։

 

Թեստերը ստուգվելու են անմիջապես տեղում, որտեղ կարող են ներկա լինել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Թեստը կներառի 30 հարց, եւ այն հաջողությամբ հաղթահարելու համար պետք է ճիշտ պատասխանել առնվազն 27 հարցի:

 

Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ կրթության եւ գիտության նախարարության կայքում տեղադրվել են թեստերի նմուշները, որոնք ներառում են ուղղագրական, ուղղախոսական, բառակազմական հարցեր։

 

Մեդիամաքսը նշում է, որ նախարարության կայքում տեղադրված «Առաջադրանքների բազա պատասխաններով» փաստաթուղթը ներառում է ոչ միայն հարցերը, այլեւ դրանց պատասխանները:

 

«Մինչեւ հաջորդ ընտրությունները այս փորձից վերլուծություններ կանենք, եւ հետագա մոտեցումները կմշակենք դրանից ելնելով», - ասել է Սերգո Երիցյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին