Մոսկվայում կներկայացվի հայկական իմպրեսիոնիզմը - Mediamax.am

4422 դիտում

Մոսկվայում կներկայացվի հայկական իմպրեսիոնիզմը


Արսեն Շաբանյան, Նորմանդիայի ձկնորսները (1898)
Արսեն Շաբանյան, Նորմանդիայի ձկնորսները (1898)
Ռաֆայել Շիշմանյան, Դաշտային տեսարան (Խոտադեզեր դաշտում) (1913)
Ռաֆայել Շիշմանյան, Դաշտային տեսարան (Խոտադեզեր դաշտում) (1913)
Եղիշե Թադեւոսյան, Հանճարը և ամբոխը (1909)
Եղիշե Թադեւոսյան, Հանճարը և ամբոխը (1909)

Մոսկովյան արվեստասերները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական իմպրեսիոնիզմին: Մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչեւ Փարիզ» խորագրով ցուցահանդեսը:

 

Ինչպես նշում է artchive.ru կայքը, հսկայական լեռներով ու միջնադարյան եկեղեցիների խիստ գեղեցկությամբ, ավանդական խոհանոցով ու կոնյակով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով ու Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով հայտնի Հայաստանն աշխարհին ներկայանում է նորովի:

 

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայկական իմպրեսիոնիզմի՝ որպես ուրույն երեւույթի ձեւավորման համար կարեւոր է եղել այս ուղղության հիմնադիր ֆրանսիացի նկարիչների դերը, նրանց մոտեցումը գույնին, տեխնիկային, թեմաներին:

Ռաֆայել Շիշմանյան, Դաշտային տեսարան (Խոտադեզեր դաշտում) (1913) Ռաֆայել Շիշմանյան, Դաշտային տեսարան (Խոտադեզեր դաշտում) (1913)

 

Հայկական արվեստի զարգացման մեջ աննշան չէ նաեւ ռուսական գեղանկարչական դպրոցի դերը: Հայ շատ նկարիչներ սովորել են Մոսկվայում եւ Պետերբուրգում՝ ժամանակի առաջատար ռուս վարպետների՝ Վասիլի Պոլենովի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի մոտ: Բայց հայ նկարիչների բոցավառ սերն ու կապվածությունը ազգային բազմադարյա մշակույթին, հարազատ երկրի գեղեցկությանը, քաղաքային եւ գյուղական տեսարաններին առանձնահատուկ են դարձնում հայկական իմպրեսիոնիզմը:

 

Թանգարանի այցելուներին կներկայացվեն աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանի, հայ արվեստի առանցքային կերպարներից Եղիշե Թադեւոսյանի, նուրբ եւ քնարական նկարիչ Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեճյանի եւ այլ ականավոր նկարիչների աշխատանքներ: Դրանք տրամադրել են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երեւանի Ռուսական արվեստի թանգարանը: Որոշ գործեր վերցված են մասնավոր հավաքածուներից:

Եղիշե Թադեւոսյան, Հանճարը և ամբոխը (1909) Եղիշե Թադեւոսյան, Հանճարը և ամբոխը (1909)

 

Ցուցադրության համար հրատարակվելու է պատկերազարդ կատալոգ, որում տեղ են գտնելու ոչ միայն հոդվածներ հայկական իմպրեսիոնիզմի՝ որպես գեղարվեստական երեւույթի մասին, այլեւ ցուցադրված վարպետների կենսագրական ակնարկներն ու նրանց ստեղծագործությունների մասին հետաքրքիր փաստեր:

 

Ցուցադրությունն ուղեկցվելու է դասախոսություններով, թեմատիկ քննարկումներով, երաժշտական երեկոներով եւ էքսկուրսիաներով:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ այս տարվա հունիս 4-ը:

 

Պատրաստել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին