Հրատարակչից ընթերցողին կամ «ունքը շինելու փոխարեն աչքը չհանել» - Mediamax.am

3284 դիտում

Հրատարակչից ընթերցողին կամ «ունքը շինելու փոխարեն աչքը չհանել»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն


«Զանգակ» գրատունը հիմնադրման 5-ամյակը նշել է մասնագիտական զրույց-քննարկմամբ: Գրադարան, գրավաճառ, գրահրատարակիչ, գրական մամուլ, Մշակույթի նախարարություն. շահագրգիռ կողմերը մարտի 13-ին հանդիպել են՝ կարծիքներ փոխանակելու եւ առաջարկություններ անելու՝ ինչպես զարգացնել հրատարակչություն-գրադարան համագործակցությունը, գրախանութը դարձնել մշակութային եւ ընտանեկան ժամանցի վայր, գրքերի հանրայնացմանն ու իրացմանն ուղղված ինչ նոր գործիքներ ու եղանակներ մշակել:

«Ընթերցողն ինքը թող ասի՝ իրեն ինչ է պետք»

 

Մկրտիչ Կարապետյան, «Էդիթ Պրինտ»  հրատարակչության հիմնադիր

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Գրադարանները բողոքում են, գրավաճառները, հրատարակիչները, պետությունը բողոքում են: Առաջնահերթ պետք է նորմալ համակարգ ստեղծել: Անընդհատ խոսում ենք պետական աջակցությունից, բայց այսօրվա դրությամբ ոՙչ փոքր, ոՙչ մեծ հրատարակչություններն օգուտ չեն ստացել: Մեր հրատարակչական բիզնեսը չի զարգացել: Հասկանում եմ, որ աջակցության համար միջոցները սուղ են: Ուրեմն այդ գումարով՝ 1000 դրամ է, մեկ միլիոն է, 10 միլիոն է, նախարարությունը թող գրախանութներից գրքեր գնի ու բաժանի բոլոր գրադարաններին: Առաջ գրադարանին տալիս էին որոշակի գումար, հիմա տալիս են դրա կեսը, վաղը դրա կեսի կեսը կտան: Գրադարանները չեն կարող գիրք գնել, գյուղերի գրադարանների մասին էլ չեմ խոսում:

 

Մեխանիզմ է պետք մշակել, որ պետությունը նորմալ բյուջե հատկացնի, որով առաջին հերթին հնարավոր լինի գրադարաններին գրքեր մատակարարել, այն գրքերը, որոնց պահանջարկն իսկապես կա: Ոլորտի մասնագետներով հավաքվենք, որ հասկանանք՝ ինչ է պետք: Թե չէ բոլորը որոշում են՝ մեր ընթերցողին սա է պետք: Դուք մի որոշեք, ընթերցողն ինքը թող ասի՝ իրեն ինչ է պետք, իսկ մենք տանք:

 

Կարինե Մեհրաբյան, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Որոշ գրքեր գնում ենք, բայց  դա բավարար չէ: Կենտրոնական գրադարանի համար գնում ենք 1-2 օրինակ, բայց մենք քաղաքի տարբեր շրջաններում մասնաճյուղեր ունենք: Գիրքը չի հասնում ընթերցողին:

 

Ներսես Տեր-Վարդանյան, մշակույթի նախարարի տեղակալ

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Մի գիծ կա, որից այն կողմ պետության մասնակցությունը, միջամտությունը պետք է չանցնի: Հայաստանում 908 գրադարան կա: Փաստացի գործում է դրա կեսը, մյուս մասը՝ թղթի վրա է: Նախարարության ենթակայությամբ 13 գրադարան կա, մյուսները՝ համայնքային են: Այս գրադարաններին գիրք գնելու համար գումար տրամադրվում է համայնքային բյուջեից: Պետությունը չի էլ կարող գնել տարեկան միջինը 2 հազար անուն հրատարակվող բոլոր գրքերը: Հաշվեք, տեսեք՝ որքան բյուջե է պահանջվում: Դա անհնարին է:

 

«Եթե բոլոր գրախանութները կենտրոնում են, ծայրամասերում լինելու են միայն մթերային խանութներ»

 

Ներսես Տեր-Վարդանյան, մշակույթի նախարարի տեղակալ

 

Երեւանի փողոցներում գրողների անունով գրավաճառ կետեր են լինելու՝ բացվող գրքի տեսքով: Առայժմ խոսքը 6 կետի մասին է: Այս պահին ծրագիրը ձեւավորման եւ տեխնիկական լուծման փուլում է, հետո կորոշենք մեխանիզմը, թե ինչպես պետք է այն մատուցվի գրավաճառներին: 

 

Շաքե Հավան Կարապետյան, «Արտ Բրիջ»  գրախանութի տնօրեն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Ինչքան գրախանութ բացվի, ես ուրախանալու եմ: Բայց ամբողջ Աբովյան փողոցը գրախանութ է լինելու: Բացեցիք, հետո մենք ենք խնդիր ունենալու: Ունքը շինելու փոխարեն աչքն եք հանելու: Ո՞վ է շահելու՝ հրատարակիչը: Շատ լավ է: Բայց եթե գրադարաններն էլ հրատարակչություններից են գիրք գնելու, մենք ժողովրդի՝ գրախանութ եկող շատ փոքրիկ մաս ենք ունենալու: Երբ դու կողք կողքի գրախանութ ես բացում, սա պետական խնդիր է:

 

Սարգիս Հովհաննիսյան, գրող, «Մետրո» գրախանութի տնօրեն

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Հիմա Հայաստանում ամեն ինչ կենտրոնանում է Երեւանում: Նույն կերպ էլ մայրաքաղաքում ամեն ինչ Կենտրոն համայնքում է: Խնդիրը նաեւ դրանում է, որ եթե բոլոր գրախանութները կենտրոնում են, որտեղ մարդկանց շարժ կա, ծայրամասերում լինելու են միայն մթերային խանութներ: Պետությանը պետք է աջակցի, որ ծայրամասերում տարածքներ տրամադրվեն հենց որպես գրախանութ օգտագործելու համար:

 

«Մտահղացումների պակաս չկա, մնում է՝ լավ միջավայր լինի, որպեսզի դրանք իրագործվեն» 

 

Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Հատկապես վերջին մեկ տարում տեղի ունեցող իրադարձությունները, նաեւ գրախանութը ժամանցի վայր դարձնելու փորձերը, կարողանում են ինչ-որ կենդանություն հաղորդել եւ աշխուժացնել մթնոլորտը: Բայց գրախանութներին այսօր չի բավարարում տարածքը: Ինչո՞ւ չեն վարձակալում ավելի մեծ տարածքներ: Որովհետեւ միշտ բախվում են ֆինանսական խնդիրների հետ: Մտահղացումների պակաս չկա, մնում է՝ լավ միջավայր լինի, որպեսզի դրանք իրագործվեն:

 

Սարգիս Հովհաննիսյան, գրող, «Մետրո»  գրախանութի տնօրեն

 

Գիրք վաճառողն ավելի քիչ գումար է աշխատում, քան՝ կոշիկ վաճառողը: Նույն քառակուսի մետր վարձակալած տարածքում քո շահույթը շատ ավելի փոքր է, քան՝ որեւէ այլ տեսակի ապրանք վաճառողինը: Դու չես կարող մրցել այլ ապրանք վաճառող կամ ծառայություն մատուցողի հետ: 

 

«Կարեւորագույնը գրավաճառի տեսակի, զարգացման խնդիրն է»

 

Ներսես Տեր-Վարդանյան, մշակույթի նախարարի տեղակալ

 

Որքան էլ մենք պետությանը պատկերացնենք գիրք գնողի դերում, ի վերջո շուկայի խնդիր պետք է լուծենք: Քանի դեռ չկա շուկայի ներքին զարգացվածությունը, պետության աջակցությունը լինելու է թոշակի նման մի բան: Հրատարակիչն ու գրախանութը միշտ իմանալու են, որ սա իրենց համար երաշխավորված գնվող քանակ է, եւ լարվածությունը, թե ինչ անեն մի գիրք ավելի վաճառելու համար, կթուլանա: Այսօր ինձ հանդիպած խնդիրներից կարեւորագույնը գրավաճառի տեսակի, զարգացման խնդիրն է: Եթե չկողմնորոշված գնորդը մտնում է գրախանութ, գրավաճառը պետք է կարողանա նրան 10 գիրք վաճառել, որ դուրս գա ու զգա՝ ինքը «թալանված» է: Երբ դու մտնում ու ասում ես՝ ի՞նչ գիրք կարդամ, չի կայանում զրույց, որի արդյունքում գրավաճառը քեզ 10 գիրք տա ու հիմնավորի, որ դրանք քեզ պետք են: Գնորդն այսօր նայում է համացանցում, հարցնում ընկերներին, գնում, ասում է՝ այս գիրքը տվեք: Շատ ժամանակ գրախանութի վաճառողը չի էլ իմանում, որ իրենք ունեն այդ գիրքը: Մտածենք՝ ինչպես անել, որ գրավաճառի տեսակը զարգացնենք: Հուշեք, եթե պետությունն էլ կարող է ինչ-որ բան անել՝ վարպետության դաս կազմակերպել, դրսից մասնագետ հրավիրել:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին