5094 դիտում

Արամ Պաչյանը գրել է «Ցտեսություն, Ծիտ» v 2.0-ը


Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրի Հախվերդին
Նաիրի Հախվերդին

Լուսանկարը` Մեդիամաքս


Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը գրախանութներում արդեն չես գտնեի: 2012-ի մայիսին հրատարակված գիրքը սպառվել է, բայց չի սպառվել գործի նկատմամբ ընթերցողի հետաքրքրությունը: Օգտագործելով վերահրատարակման առիթը՝ գրողը նաեւ որոշակի փոփոխություններ է կատարել վեպում՝ փորձելով ազնիվ մնալ մտքերին ու ապրումներին, որ ունեցել է տարիներ առաջ:

«Շատ բաներից դժգոհ էի: Շատ մեծ ցանկության դեպքում ռադիկալ փոփոխությունների կդիմեի: Գուցե ստացվեր առհասարակ ուրիշ գիրք: Բայց մտածեցի, որ մեծ խմբագրումներ անելը մի տեսակ անազնվություն կլինի իմ կողմից, որովհետեւ այդ բացթողումները, ըստ իս, եւ սխալները, մոտեցումները, որոնք հիմա չեմ ընդունում, այդ ժամանակ ընդունել է այդ երիտասարդ գրողը, եւ դա ճշմարիտ է»:

Լրամշակված վեպը նաեւ վերջաբան ունի՝ «Վերջաբանի փորձ»: Գրքի շնորհանդեսին, որը Mirzoyan Library-ում էր, ցուցադրվեց վերջաբանի տեսատարբերակը: Հեղինակն ինքն է կարդում տեքստը՝ մտորումներ գրականության, գրողի պայքարի ու նաեւ վեպը փոփոխելու պատճառների մասին:

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Որոշել էի «Վերջաբանի փորձ»-ով մտածել հենց վեպի ստեղծման պատմության, այդ պատմությունն առավոտյան Գուրգեն Խանջյանի տուն հասցնելու, մասնավորապես՝ վեպի ձեւի եւ բովանդակության, բոլոր առնչակցությունների, բնագրում առկա բացահայտ ու քողարկված մեջբերումների, գրականությանը, արվեստին, տասնյակ այլ վեպերին, հեղինակներին, նաեւ գործածված կլիշեներին հղումներ անելու, ապա 4 տարի անց վերախմբագրման աշխատանքների, սեփական գրից ամոթի զգացման, սխալներս, վրիպումներս, անփորձությունս աներեսաբար ծեփելու, վերախմբագրման առիթը օգտագործելով թերություններս քողարկելու եւ շատ ու շատ այլ խնդիրների եւ իրողությունների շուրջ: Կամ «Վերջաբանի փորձ»-ով բացահայտել, թե ով էր վեպում պատմողը, ինչու են անընդհատ փոխվում անձնական դերանունները, ինչու է երկրորդ դեմքը գնալով գերակշռում, ինչու եմ վեպում ու առհասարակ արձակում, որ գրել եմ ու գրում եմ, նախապատվությունը տալիս դու-ին: Որոշել էի գրելով մտածել ու գրելով մտածեցի…»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշել է, որ Արամ Պաչյանին հաջողվել է հայաստանյան իրականության մեջ շատ բան փոխել ու շատ բաներում հավատացնել մարդկանց:

«Եթե 5-6 տարի առաջ ձեզ ասեին, որ Հայաստանում ժամանակակից որեւէ հայ գրողի գիրք երկու անգամ վերատպվելով՝ արժանացել է նաեւ երրորդ հրատարակությանը, դուք գուցե քմծիծաղեիք: Բայց այսօր Արամ Պաչյանի շնորհիվ դա ներկայանում է մեզ որպես փաստ: Եթե 5-6 տարի առաջ ձեզ ասեին, որ ժամանակակից հայ գրողներն էնքան լավն են, որ ոչ միայն Հայաստանում են պահանջված, այլ նրանց ստեղծագործություններով հետաքրքրված են նաեւ դրսում եւ կտպեն, դուք կասեիք՝ դա ֆանտազիայի ոլորտից է: Բայց այսօր մենք ունենք ժամանակակից երիտասարդ գրող, որի գիրքն արդեն 2 երկրում տպագրվել է եւ տպագրվել է այնպիսի հրատարակիչների կողմից, որոնք իրենց երկրում ճաշակ թելադրող են: Պաչյանն այսօր ունի ուկրաիներեն եւ անգլերեն հրատարակած գրքեր»:
Նաիրի Հախվերդին Նաիրի Հախվերդին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ցտեսություն, Ծիտ»-ը կարեւոր փոփոխություն է մտցրել նաեւ վեպի անգլերեն թարգմանիչ Նաիրի Հախվերդիի մասնագիտական կյանքում: Ասում է՝ ստիպված է եղել հրաժարվել թարգմանելու իր ավանդական ձեւից ու հարմարվել պաչյանական ոճին:

«Ինձ համար թարգմանելու հեշտ ձեւ էի ստեղծել, որը տարիներով օգտագործում էի: Բայց քանի որ Արամ Պաչյանի գիրքն այնքան խիտ է ու շատ տեսանկյուններից այնքան դժվար, որ ես չէի կարող իմ դասական ձեւով թարգմանել: Ժամանակին ես թարգմանում էի նախադասություն առ նախադասություն, իսկ Արամ Պաչյանը մի նախադասությունը դարձնում է 3-4 էջանոց: Ես դա չեմ կարող միանգամից թարգմանել: Պետք է տեքստերն իրար կողքի դնեի, շատ լավ ուսումնասիրեի, այդ նախադասությունը 10 անգամ կարդայի, մեկնաբանեի, հասկանայի՝ ինչ է ուզում ասել: Շատ անգամ ինքը սիրում է բառերով, ձայներով խաղալ: Ու դա ինձ ստիպեց թարգմանության ուրիշ մակարդակի անցնել»,- ասում է Նաիրի Հախվերդին:

«Ցտեսություն, Ծիտ» վեպի լրամշակված տարբերակը հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը: Պաչյանը որոշել է՝ հրաժարվում է հասույթից՝ այն տրամադրելով որեւէ երիտասարդ գրողի առաջին գրքի տպագրությանը:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am