Հայերը Սուրբ հողում, հրեաները` Հայաստանում - Mediamax.am

14137 դիտում

Հայերը Սուրբ հողում, հրեաները` Հայաստանում


Հայ հոգեւորականը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում
Հայ հոգեւորականը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում

Լուսանկարը` REUTERS

Հայ եպիսկոպոսը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում
Հայ եպիսկոպոսը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում

Լուսանկարը` REUTERS

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` REUTERS

Հայ հոգեւորականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ
Հայ հոգեւորականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ

Լուսանկարը` REUTERS


Պրոֆեսոր Մայքլ Սթոունը հրեա գիտնական է, որն իր կյանքը նվիրել է հայագիտական ուսումնասիրություններին: Նա Երուսաղեմի Hebrew  համալսարանում հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է հայագիտական հետազոտությունների ծրագիրը: Վերջերս նա զրուցել է ավստրալիական SBS ռադիոկայանի հետ: Մեդիամաքսը ներկայացնում է  որոշ դրվագներ նրա հարցազրույցից:

 

Պրոֆեսոր Սթոունը Հարվարդի համալսարանում դոկտորանտուրայի տարիներին գրաբար է սովորել եւ սիրահարվել է հայոց լեզվին: Նա սկսել է գրաբար դասավանդել 1967թ.-ից` Երուսաղեմի Hebrew համալսարանում հիմնադրելով հայագիտական հետազոտությունների ծրագիրը:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` REUTERS

Պրոֆեսոր Սթոունն աշխատում է ասպիրանտների խմբի հետ, որոնք տիրապետում են գրաբարին եւ միջնադարյան հայերենին: Նրանք միասին առաջին անգամ միջնադարյան հայերենից եբրայերեն են թարգմանել մի պոեմ, որը շուտով լույս կտեսնի գրական ամսագրերից մեկում: Համալսարանն ունի երկու կիսամյակ տեւողությամբ դասընթաց` նվիրված հայկական մշակույթին եւ պատմությանը: Առաջին կիսամյակը ներկայացնում է Հայաստանի պատմությունը մինչեւ 14-րդ դար, երկրորդը` 14-20-րդ դդ. ընկած ժամանակահատվածը: Այս պահին 40-50 ուսանողներ են մասնակցում դասընթացին, եւ նրանցից ոչ բոլորն են հայեր: Պրոֆեսոր Սթոունի կարծիքով, զարմանալի է հայոց լեզվի ազդեցությունը Մերձավոր Արեւելքի պատմության մեջ եւ այն տարածքում, որտեղ գտնվում է Երուսաղեմը:

 

Հրեական գերեզմանոցը Եղեգիսում

 

1990-ականների սկզբներին Եղեգիսում (13-14-րդ դարերում եղել է Վայոց Ձորի կենտրոնը) հայտնաբերվել է հրեական գերեզմանատուն: Այդ ժամանակ Երուսաղեմից մի բարձրաստիճան հոգեւորական գտնվում էր Էջմիածնում եւ տապանաքարերի վրա ճանաչել է եբրայերեն եւ արամերեն արձանագրությունները: Պարզվել է, որ դրանք 13-14-րդ դարերի հրեական տապանաքարեր են: Այդ ժամանակաշրջանում հրեաները սոցիալական եւ մշակութային ասիմիլյացիայի մեջ էին Հայաստանում: Եղեգիսի եկեղեցու խաչքարերը եւ հրեական տապանաքարերը միեւնույն քարից են պատրաստված: Այս հրեաները Եղեգիսում հաստատվել էին 14-րդ դարի սկզբներին՝ սելջուկների արշավանքի հետեւանքով: Այդ տարածքում հրեաների բնակեցումն ավարտվել է մոնղոլների արշավանքի շրջանում, երբ հրեական գաղութն անհետացել է: Գերեզմանատան պեղումների արդյունքները տպագրվել են Հրեական ուսումնասիրությունների ամսագրում, գերեզմանատանը նվիրված հոդվածներից մեկի հեղինակն էլ պրոֆեսոր Սթոունն է:

 

Հայաստանի հրեական համայնքը դարերի ընթացքում

 

Ինչպես ասում է պրոֆեսոր Սթոունը, պատմության մեջ բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ հրեաներն ապրել են Հայաստանում: Հայ պատմիչներ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի վկայություններով, հայոց Տիգրան Մեծ թագավորը հազարավոր հրեաների է տեղափոխել Հայաստան, եւ նրանք Հայաստանում են բնակվել մինչեւ Շապուհ 2-րդի արշավանքը (4-րդ դար), երբ հրեաներն աքսորվեցին հյուսիսային Միջագետք:

 

Միջնադարյան Հայաստանում հրեաների բնակության վերաբերյալ փաստեր են պահպանել հայ միջնադարյան պատմիչները, ապացույցներ կան նաեւ եբրայերեն ճամփորդական գրքերում, որոշ ձեռագրերի վերջում հայերի կողմից գրված հիշատակարաններում եւ նոթերում:

 

19-րդ դարում Երեւանին մոտիկ գտնվող մի գյուղում ֆրանսիացի հայագետ ֆրեդերիկ Մակլերը հանդիպել էր վրացերեն խոսող հրեաների, ինչը շատ տարօրինակ երեւույթ էր: Հրեաներ Հայաստանում բնակվում են նաեւ մեր օրերում: 1986թ.-ին հրեական համայնքը մոտավորապես 3000 անդամ ուներ, որոնց մեծ մասը Հայաստանից հեռացավ 90-ականներին:

 

Հայերը Սուրբ հողում դարերի ընթացքում

Հայ եպիսկոպոսը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Հայ եպիսկոպոսը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում

Լուսանկարը` REUTERS

Պրոֆեսոր Սթոունը երկար տարիներ ուսումնասիրել է հայերի պատմությունը Սուրբ հողում: Այստեղ հայերի վաղեմի ներկայության մասին են վկայում հայերեն արձանագրություններով քարերը, որոնք հայտնաբերվել են Նազարեթում, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու տակ: Համարվում է, որ այդ քարերը պատկանում են 1-5-րդ դարերին: Դրանք աշխարհի ամենահին գրություններն են համարվում:

 

Պարոն Սթոունը կարծում է, որ դրանք գրվել են, երբ դեռ կենդանի էր Մեսրոպ Մաշտոցը: Այդ ժամանակաշրջանից մինչեւ 10-11-րդ դարեր Սուրբ հողում հայերի բնակության բազմաթիվ ապացույցներ կան: Սուրբ հողում վանականության հիմնադիրը Սբ. Էութեմիուսն է, որն ազգությամբ հայ էր, Մալաթիայից: Այդ ժամանակահատվածում բազմաթիվ այլ հայեր էլ են եկել Երուսաղեմ` որպես վարդապետներ կամ ուխտավորներ:

Հայ հոգեւորականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ Հայ հոգեւորականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ

Լուսանկարը` REUTERS

Պատմության ողջ ընթացքում Երուսաղեմում եղել են հայեր: Բազմաթիվ վկայություններ կան նաեւ Խաչակրաց արշավանքների շրջանից, շատ կապեր են եղել Երուսաղեմի եւ Կիլիկիայի միջեւ: Երբ քրիստոնյա խաչակիրները ժամանեցին Մերձավոր Արեւելք, այնտեղ եվրոպացի քրիստոնյա կանայք չկային, այդ իսկ պատճառով  խաչակիր արքայազներն ու թագավորները հայ աղջիկների էին կնության առնում:

 

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին