Հենրիխ Մխիթարյան. «Եթե աշխատասեր չես, ոչ մի թալիսման չի օգնի» - Mediamax.am

10890 դիտում

Հենրիխ Մխիթարյան. «Եթե աշխատասեր չես, ոչ մի թալիսման չի օգնի»


Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)

Լուսանկարը` Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)


Երեւան: Մեդիամաքս: Վաղ առավոտյան լեռնագոգցի Նարե Գալստյանը պատրաստվում էր գալ Երեւան՝ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած հերթական էքսկուրսիային։

15-ամյա աղջիկը պետք է մի խումբ երեխաների հետ այցելեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա։ Սակայն չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կտեսնի այն մարդուն, ում 8 տարի շարունակ երազում էր հանդիպել...

 

Հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան եւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

 

Ֆուտբոլիստը զրուցեց իր երիտասարդ երկրպագուների հետ ու մի շարք խորհուրդներ տվեց նրանց.

 

«Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել... Պետք է նպատակներ ունենաք, հասնեք դրանց ու հետո նոր նպատակներ դնեք ձեր առջեւ։ Չկան բախտավոր կամ ոչ բախտավոր մարդիկ. բոլորն էլ կյանքում նույն հնարավորություններն են ստանում, բայց ոչ բոլորն են դրանցից օգտվում»։

 

Հուզված ու ոգեւորված երեխաներն աստիճանաբար հաղթահարեցին իրենց երկչոտությունն ու սկսեցին հարցեր տալ հաջողության գաղտնիքների, հանրահայտ լինելու առավելությունների ու թերությունների, ֆուտբոլիստների օգտագործած թալիսմանների մասին։

 

«Ես սնահավատ չեմ, եւ չկա ինչ-որ թալիսման, որն ինձ ուժ է տալիս,- ասաց Մխիթարյանը։ «Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»։

 

Զրույցից հետո Հենրիխ Մխիթարյանը դարպասապահ կանգնեց, իսկ երեխաները փորձեցին 11 մետրանոց տուգանային հարվածներ իրականացնել:

 

«Մտքովս էլ չէր անցնում, որ երազանքս կիրականանա,- հիացած ասաց Նարե Գալստյանը։- Տարիներ շարունակ երազում էի այս հանդիպման մասին, ու այն իրականացավ...»

 

12-ամյա Էմին Մուրադյանը, ով ցանկանում է ֆուտբոլային մեկնաբան դառնալ, ասաց, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր. «Անընդհատ մտածում էի՝ այս ամենն իրական է, թե ոչ...»

 

Միջոցառման ավարտին Մխիթարյանը երեխաներին կոչ արեց երբեք չթերագնահատել իրենց ներուժը. «Հենց ինքներդ եղեք այն փոփոխությունը, որ կուզեիք տեսնել ձեր համայնքներում ու ձեր շրջապատում։ Հպարտ եմ, որ Հիմնադրամի բարեկամն եմ»։

 

Այս հանդիպումը հանրահայտ ֆուտբոլիստի ու Հիմնադրամի միջեւ համագործակցության սկիզբն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին