Առողջապահության նախարարությունն արձագանքել է Մեդիամաքսի հոդվածին - Mediamax.am

5840 դիտում

Առողջապահության նախարարությունն արձագանքել է Մեդիամաքսի հոդվածին


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել Մեդիամաքսի «Չինչին. երեխաները կուշտ են, բայց հիվանդանալու իրավունք չունեն» հրապարակման կապակցությամբ:

 

Նախարարության մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացված է ստորեւ.

 

«Mediamax.am լրատվական կայքում 2017թ. հունիսի 14-ին հրապարակված «Չինչին. երեխաները կուշտ են, բայց հիվանդանալու իրավունք չունեն» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ առողջապահական խնդիրներին վերաբերող հատվածում տեղ են գտել անճշտություններ։

 

Մասնավորապես, թղթակցությունում նշվում է. «Հիվանդության բարդության կամ կյանքին վտանգ սպառնալու պարագայումˋ խնդիրն ավելի մտահոգիչ է. ամենամոտ բժշկական հաստատությունը Չինչինչից 62 կմ հեռավորության վրա գտնվող Բերդի հիվանդանոցն է»:

 

Մինչդեռ, իրականում Բերդի  բժշկական կենտրոնը Չինչինից հեռու է շուրջ 12 կմ, այդ իսկ պատճառով էլ Չինչին համայնքի շտապ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում է «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության ծառայության կողմից: Ընդ որում, ծառայությունը հագեցած է անհրաժեշտ թվով շտապ օգնության մեքենաներով (այդ թվում` ռեանիմոբիլով), իսկ բրիգադները համալրված են բժշկական անձնակազմով: Ավելին` ՀՀ կառավարության կողմից 2017թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված գումարով ձեռք բերված 2017թ. արտադրության 10 շտապ բժշկական օգնության մեքենաներից մեկը մարտ-ապրիլ ամիսներին տրամադրվել է Բերդի բժշկական կենտրոնին:

 

Ի դեպ, ամբողջ Բերդի տարածաշրջանի կտրվածքով կենտրոնի շտապ բժշկական օգնության ծառայության օրական ծանրաբեռնվածությունը 5-6 կանչ է։ Ըստ Բերդի ԲԿ-ի  տեղեկատվության` 2017թ. վերջին 3 ամսվա ընթացքում Չինչին համայնքից գրանցվել է 4 կանչ:

 

Միաժամանակ տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ ԱՆ 2013 թվականի հուլիսի 24-ի N 39-Ն հրամանով հաստատված չափորոշչի, 20 կմ հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, իսկ 20 կմ-ից առավել հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում` 30 րոպեն: Եթե գյուղական բնակավայրը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը կարող է հասնել 30 րոպեի:

 

Ուստի, համայնքի բնակչությանն անհրաժեշտ շտապ բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման հետ եւ «հիվանդի մոտ` հիվանդության բարդության կամ կյանքին վտանգ սպառնալու պարագայում հասնելու համար»  որեւէ խնդիր  առաջանալ չի կարող:

 

Հավելենք, որ Չինչին համայնքի բուժակ-մանկաբարձական կետը (ԲՄԿ) գործում է 6 կմ հեռավորության վրա գտնվող «Նավուրի ԱԱՊԿ» կազմում։ ԲՄԿ-ի բուժքույրը ցուցաբերում է նախաբժշկական օգնություն: Իսկ բժշկի հսկողությունն իրականացվում է համաձայն ՀՀ ԱՆ 2013թ. սեպտեմբերի 13-ի թիվ 47-Ն հրամանով հաստատված չափորոշչի: Ըստ այդմ` համայնքը սպասարկող առողջության առաջնային պահպաանման բժիշկը, բացի տնային կանչերից, տնօրենի հրամանով հաստատված ժամանակացույցով ամիսը մեկ անգամ պարտադիր այցելում է կցագրված գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետեր եւ տեղում կատարում  մեծահասակների եւ երեխաների ընդունելություն, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության իրականացնում պատվաստումներ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին