«Ռեժիսորը պետք է գնա այնտեղ, որտեղ իրեն սարսափելի է թվում» - Mediamax.am

5611 դիտում

«Ռեժիսորը պետք է գնա այնտեղ, որտեղ իրեն սարսափելի է թվում»


Լուսանկարը` http://kino-teatr.ru


Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը նախորդ ամիս արժանացավ ռուսական հեղինակավոր «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակին: Շտապ օգնության բժշկի մասին նուրբ եւ մարդկային պատմությունը հուլիսի 10-ին եւ 12-ին դիտելու հնարավորություն ունի նաեւ երեւանյան հանդիսատեսը: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում ռեժիսորը վարպետության դաս է անցկացրել:

 

Երկու տարի Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում կենսաբանություն սովորելուց հետո հասկացա, որ սխալ եմ գործել: Այդ պահին արդեն կինոման էի դարձել: Գնացի Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВКИГ): Դիմեցի այն ֆակուլտետ, որտեղ մրցույթն ամենափոքրն էր, ու դարձա կինոգետ: Դեռ դպրոցում ես հասկացել էի, որ ինձ չտեսնված դժվար է բանաստեղծություններ սովորելը: Ինքս ինձ խոստացա, որ այլեւս երբեք չեմ սովորելու բանաստեղծություններ: Դրանից հետո բնազդաբար չեմ անում բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս:

 

****

 

Հիմա ուսանողների մի խումբ եմ հավաքել, որոնք ամեն շաբաթ ֆիլմ են նկարում:

 

Նկարում են, հասկանում են, որ բանի պետք չէ, հաջորդն են նկարում: Ի թիվս տեխնիկական մի շարք արգելքների, ուսանողներիս թույլ չեմ տալիս նկարել իրենց մերձավոր շրջապատին՝ ընտանիք, ընկերներ, նաեւ՝ անօթեւանների, հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նրանք չպետք է աշխատեն էժանագին հաջողության վրա: Ուսանողներին այս շրջանակում գոյատեւելը շատ հարմարավետ է, փողոցում անօթեւանի կամ սեփական քրոջը նկարելը սարսափելի չէ, բայց նկարահանել գործարանում, բժշկի հետ գնալ կանչի կամ նկարել ֆանատի, վախենալու է:

 

Իրականում, ռեժիսորի համար շատ կարեւոր է գնալ այնտեղ, որտեղ իրեն սարսափելի է թվում, որովհետեւ պարզվում է, որ այնքան էլ սարսափելի չէ: Քո երեւակայության արդյունքն է, որ խնդրահարույց թաղամասի տղան, որը նստած գարեջուր է խմում, վախենալու է թվում: Իսկ երբ քեզ ստիպում ես գնալ, խոսել նրա հետ, հասկանում ես, որ նա կոնկրետ մարդ է՝ իր ընտանիքով, իր խնդիրներով, սկսում ես մտածել, թե ինչպես պատահեց, որ հիմա նստած արեւածաղիկ է ուտում:

 

****

 

Ինչ-որ պահի հասկացա, որ ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ դերասանների վերամարմանվորումը, երբ նույն դերասանը տարբեր կերպարների մեջ է մտնում՝ մեկ հազարան բլբուլն է, մեկ՝ Համլետը: Դու հետեւում ես նրա դերասանական անհավանական վարպետությանը, բայց հետեւում ես, ինչպես կհետեւեիր շվեյցարական ժամացույցի, որն անթերի է, բայց մեխանիզմ է: Ինձ համար կարեւոր է, որ դերասանն իր բնավորությամբ, սովորություններով նման լինի կերպարին, որպեսզի վերամարմնավորում տեղի չունենա: Նկարահանումներին ընթացքում, երբ դերասանը պատմում է իրեն շատ ծանոթ պատմություն, սկսում է հարստացնել այն: Ինչ-որ առումով վավերագրական կինո է դառնում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին