Չհանձնվելու պատգամով Երեւան եկած Իլդիկո Էնյեդին - Mediamax.am

5916 դիտում

Չհանձնվելու պատգամով Երեւան եկած Իլդիկո Էնյեդին


Իլդիկո Էնյեդին
Իլդիկո Էնյեդին

Լուսանկարը` REUTERS

Իլդիկո Էնյեդին
Իլդիկո Էնյեդին

Լուսանկարը` REUTERS

Իլդիկո Էնյեդին 2017թ. Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» հետ՝«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմի համար
Իլդիկո Էնյեդին 2017թ. Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» հետ՝«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմի համար

Լուսանկարը` REUTERS


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երեւան է բերել հունգարացի կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդիի (Ildiko Enyedi) գերզգայուն՝ «Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմը: Մարդու հետ կապ հաստատելու դժվարությունների մասին պատմող ֆիլմը Երեւանում առաջին անգամ կինոէկրան է բարձրացել հուլիսի 11-ին:

 

Մինչ պրեմիերան՝ Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակի՝ «Ոսկե արջի» դափնեկիր Իլդիկո Էնյեդին վարպետության դաս է անցկացրել Երեւանում: Ռեժիսորներին հատուկ՝ սկզբում դրել է սեւ ակնոցը՝ տեսախցիկների պայծառ լույսերից աչքերը պաշտպանելու համար, ապա հայ լսարանի առաջ բացել լավ կինո նկարելու գաղտնիքները:

 

Չհանձնվելու ուղերձը

 

17 տարվա երկար դադարից, ապա վերականգնման, վերադարձի ճանապարհից ու վստահությունը վերականգնելուց հետո նորից մտա կինոաշխարհ: «Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմի հարցում բախտս բերեց: Սցենարը, ի տարբերություն մյուս ֆիլմերի, որոնք գրվում են մեկ տարվա ընթացքում, գրեցի մի քանի շաբաթում. չէի քնում, մեկ շնչով գրեցի եւ գրեթե փոփոխություն չարեցի:

 

Մեծ բավականություն էի ստանում այդ շաբաթներին: Դա 10 տարի առաջ էր: Դրան հաջորդեց տրավմատիկ շրջան, վստահությունս կորցրել էի եւ չէի ուզում որեւէ մեկին ցույց տալ սցենարը: Հունգարիայի կինոարտադրությունը փլուզվեց եւ սկսեցի աշխատել HBO խոշոր կորպորացիայում՝ ամերիկյան մի սերիալի վրա: Ինձ որակյալ կինո նկարելու հնարավորություն տրվեց: Սքանչելի փորձառություն էր, որից հետո Հունգարիայի կինոարտադրությունը վերականգնվեց եւ ես վերադարձա ֆիլմին ու լցվեցի այն նկարահանելու գործին:

Իլդիկո Էնյեդին 2017թ. Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» հետ՝«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմի համար Իլդիկո Էնյեդին 2017թ. Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» հետ՝«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմի համար

Լուսանկարը` REUTERS

«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմը գերզգայուն կինո է: Ամեն չնչին դետալը, եթե ճիշտ չէր, վտանգում էր ամբողջը: Նման զգայուն ֆիլմ չէի նկարել, հետո, երբ պատրաստ էր, ինքս էլ ապշում էի՝ ինչպե՞ս ստացվեց:

 

Սկսնակի կույր էներգիան ու բաց վերքը

 

«Հոգու եւ մարմնի մասին» ֆիլմում երկու հիմնական հերոս կա՝ կին եւ տղամարդ: Դերասանուհի Ալեքսանդրա Բորբեյը, որ խաղում է երկչոտ ինտրովերտ հերոսուհու դերը, իրական կյանքում շատախոս, պայծառ, սեքսուալ աղջիկ է: Նա թատրոնի դերասան է եւ սա կինոյում նրա առաջին դերն էր:

 

Այս ֆիլմում գլխավոր տղամարդու դերը խաղում է սիրողական դերասան՝ Գեզա Մորչանին: Նա 20 տարի եղել է Հունգարիայի խոշոր հրատարակչություններից մեկի տնօրենը: Ինձ պետք էր մեկը, ով շատ տպավորիչ արտաքին ունի, խարիզմատիկ է, որին վստահում եւ հավատում ես, որն օժտված է հումորի զգացումով: Եթե նման մեկին գտնում ես, եւ դերն իրեն չի ստիպում դուրս գալ իր հարմարավետության տիրույթից, չի պահանջվում մի բան, որն իր էությանը դեմ է, սիրողական դերասանն ընդունակ է այնպիսի բարձունքների հասնել, որոնց որակավորված լավագույն դերասաններն են ընդունակ: Սկսնակի կույր էներգիան շատ հզոր ուժ է:

 

Դերասանները պետք է ձեւափոխվեն, դառնան այն հերոսը, որին խաղում են եւ դա պետք է բնական լինի իրենց համար: Դրա համար պետք է օգնել այս դերասաններին ֆիլմի նկարահանման սկզբում եւ վերջում բացվել ու փակվել: Լինում է, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանը բացվում է եւ չի փակվում, դա շատ վտանգավոր է: Այդ իսկ պատճառով ֆիլմի ողջ անձնակազմը պետք է հաշվի առնի, որ գործ ունի բաց վերքի հետ: Այդ մարդիկ լրիվ այլ խնամք են պահանջում:

 

Պրոֆեսիոնալ դերասանը գիտի ինչպես զգալ, ինչպես օգնել իր խաղակցին, իսկ սիրողականը՝ ոչ: Այդ իսկ պատճառով, պետք է հոգ տանել նաեւ պրոֆեսիոնալ դերասաններին, որպեսզի իրենք այդ էներգիան ինչ-որ մի տեղից ստանան:

 

Լավ դերասանների ընտրությունը   

 

Մենք՝ ռեժիսորներս, դերասաններ ընտրելիս, երբեմն, ծուլանում ենք, եկեք այդ սխալը չգործենք: Սկզբում բոլորովին չէի սիրում քասթինգի ընթացքը, շարունակաբար ներողություն էի խնդրում բոլոր դերասաններից: Եկավ մի պահ, երբ գիտակցեցի, որ քասթինգին պետք է մոտենալ որպես երկու անձանց միջեւ հանդիպման. անկախ նրանից միասին կաշխատենք, թե ոչ, այդ հանդիպումը երկուսիդ ինչ-որ բան պիտի տա: Ես էլ եմ բացվում դերասանի հետ, ինչ-որ բան տալիս նրան, կիսվում: Մենք փորձում ենք համատեղ մի քիչ աշխատել դրվագի վրա, որպեսզի ճանաչենք միմյանց:

Իլդիկո Էնյեդին Իլդիկո Էնյեդին

Լուսանկարը` REUTERS

Եթե անգամ դերասանը չի ստանում այդ դերը, հարցազրույցից ոչ թե սպառված է հեռանում, այլ մի օգտակար բան ստացած: Դերասանը կարող է շատ տաղանդավոր լինել, բայց չհամապատասխանել ձեր հերոսին: Կարելի է վերջում կարճ նամակ գրել եւ բացատրել, թե ինչու չեք ընտրել նրան: Ամեն դեպքում տհաճ է չընտրվելը, բաց հավատացեք հարցազրույցից հետոյի այդ սարսափելի լռությունը վիրավորական է բոլորին: Անկեղծ եւ շիտակ եղեք ձեր կոլեգաների հետ:

 

Ինքնաբացահայտվելու հնարավորությունը

 

Երիտասարդ ռեժիսորներ, խնդրում եմ, ձեր դերասաններին հնարավորություն տվեք դուրս գալու իրենց կաղապարից, իմիջից եւ թույլ տվեք դրսեւորվել եւ ինքնաբացահայտվել: Դերասանները դրա համար միշտ երախտապարտ կլինեն ձեզ:

 

Ես միշտ դերասաններիս ընձեռել եմ բացահայտվելու հնարավորությունը եւ նրանք գերազանց են արձագանքել: Թող դերասաններդ քեզ զարմացնեն, միս ու արյուն հաղորդեն գաղափարներիդ:

 

Ֆիլմ նկարելու երկար ճանապարհորդությունը

 

Ֆիլմի նախապատրաստումից մինչեւ հետարտադրության ընթացքը երկար ճանապարհորդություն է: Նախապատրաստման ժամանակ պիտի կուռ կմախք սարքես, սերտ կապեր հաստատես բոլորի հետ, ովքեր քո թիմում են: Դա նման է Հյուսիսային բեւեռ ճամփորդությանը: Մինչեւ նավ նստելը պիտի կայացնես երկուստեք վստահության հիման վրա հարաբերություններ: Պետք է համոզվես, որ բոլոր ձիերը նույն ուղղությամբ են վազում, եւ յուրաքանչյուրն անկաշկանդ է ու ազատ: Ֆիլմ նկարահանելը քրտնաջան աշխատանք է, վերջում մնում են միայն նվիրյալները եւ մարդկանց՝ անմնացորդ նվիրվելու հնարավորությունը պետք է ռեժիսորը տա:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին